- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԲԱՐԲԱՌԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Նոյեմբեր 19, 2018 | 12:34
Կրթություն
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԲԱՐԲԱՌԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի բարբառագիտական խումբը նոյեմբերի 18-ին հերթական այցը կատարեց բարբառախոս կենտրոն:
Հիշեցնենք, որ ծրագրի նպատակն է նպաստել ԵՊՀ-ում բարբառագիտության զարգացմանը, հնարավորություն ընձեռնել ուսումնասիրողին, մասնավորապես՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներին, գրելու մասնագիտական հոդվածներ՝ բարբառագիտական թեմաներով, ստեղծելու համեմատական բարբառագիտության ուսումնական ձեռնարկ:
Բարբառագիտական ուսումնասիրություններն այս անգամ Վանաձորում և շրջակա գյուղերում էին:
Հետազոտող խումբը ծանոթացավ բարբառին ու խոսվածքներին, որից հետո զրուցեց արվեստագետ, քանդակագործ Արարատ Նալբանդյանի հետ, ծանոթացավ նրա ստեղծագործություններին, լսեց քանդակների ստեղծման ու նշանակության պատմություն:
Գյուղացիների պատմություններն ավելի հետաքրքիր, կենդանի ու առարկայական դարձրին ուսումնասիրությունները:
Ուսանողները հանդիպեցին Կուրթան համայնքի միջնակարգ դպրոցի հայերենի ուսուցչուհու հետ, որը ներկայացրեց իրենց բարբառի առանձնահատկությունների (բառապաշարային և քերականական), սկզբունքների, ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունների պատկերը։
Վերջինս հավաստիացրեց, որ գյուղում բարբառը պահպանված է, և բառաֆոնդը մեծ փոփոխությունների չի ենթարկվել:
Կարևորելով բարբառի նշանակությունը՝ նա հավելեց. «Փոքրից մինչև մեծ, հողագործից մինչև ուսուցիչ, խոսում է բարբառով ու պահպանում այն»:
Հիշեցնենք, որ ուսումնասիրություններից հետո հետազոտող խումբն իրականացնելու է հավաքագրած նյութերի քննություն, կատարելու է համեմատություն նախկին ուսումնասիրությունների հետ՝ ներգրավելով ամբիոնի համապատասխան մասնագետներին:
Նշենք, որ կատարված աշխատանքներն իրականացնելու համար Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ին աջակցեցին Լոռու մարզպետարանի աշխատակիցները:
Անգին Խաչատրյան