- Գլխավոր
- Նորություններ
- «ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԿՎՆԱՍԻ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ». ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է
Հունվար 25, 2019 | 18:12
Գիտություն
«ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԿՎՆԱՍԻ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ». ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է
ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ներկայացուցիչներն այսօր Քիմիայի ֆակուլտետում քննարկեցին բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու Ֆինանսների նախարարության առաջարկի ընդունման բացասական հետևանքները և որոշեցին այն չեղարկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
Օրեր առաջ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, դիմելով խորհրդի անդամներին, ասաց, որ վերջերս կառավարությունը հաստատել է կամ արդեն իսկ հաստատելու գործընթացում է բազային ֆինանսավորումը հիմնադրամ դարձած բուհերում մրցութային դարձնելու Ֆինանսների նախարարության առաջարկը, որը օրենքի ուժ ստանալու դեպքում ծանր հետևանք կունենա գիտության զարգացման համար:
ԵՊՀ տարբեր ֆակուլտետների (Ֆիզիկայի, Քիմիայի, Կենսաբանության, Ռադիոֆիզիկայի, Աշխարհագրության և երկրաբանության, Փիլիսոփայության և հոգեբանության, Եվրոպական լեզուների և հաղորդակցման) և Ֆարմացիայի ինստիտուտի պրոֆեսորները, դասախոսները և գիտաշխատողներն իրենց կարծիքները հայտնեցին այդ գործընթացի վերաբերյալ՝ պնդելով, որ դադարեցումը ոչ միայն գործազուրկ է դարձնում բազմաթիվ աշխատողների, այլև կասեցնում է գիտական մի շարք ծրագրերի իրականացումը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Աննա Քոթանջյանը խոսեց հարցերի մասին, թե գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածք հասկացությունը ՀՀ կառավարության կողմից ի՞նչ կարգավիճակ է ստանում, անհրաժե՞շտ է արդյոք, որ այդ ենթակառուցվածքները պահպանման ու զարգացման ծրագիր ունենան, և թե այդ ծրագրերի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցություն կստանա՞ն, թե՞ ոչ:
«Եթե այո, ապա ես և իմ գործընկերներն ինչո՞ւ ենք այսօր գործազուրկ: Ինչո՞ւ մեզ հետ չի կնքվել տարեկան գործունեության խնդիրներն ու հանձնարարությունները նկարագրող, ինչպես նաև ֆինանսական նախահաշիվը ներկայացնող պայմանագիր: Եթե ոչ, եթե կա գիտական քաղաքականությունը փոփոխության ենթարկելու նախագիծ, ո՞ւմ հետ է դա քննարկվել, ինչո՞ւ գիտնականները տեղյակ չեն այդ նախագծից. չէ՞ որ հենց ինքներս ենք փորձագետ, ո՞վ պետք է գնահատականներ տա, նշի ուղղությունները, ոլորտները, որոնցով պետք է զարգանա ՀՀ գիտությունը»:
Քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական քիմիայի գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Հեղինե Ղազոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործընթացը ոչ մի հիմնավորում չի կարող ունենալ. «Առանց մոնիթորինգի և գիտությամբ զբաղվող մարդկանց կարծիքները հաշվի առնելու՝ նման մոտեցում մշակելն անընդունելի է»:
«Նախևառաջ բազային լաբորատորիաների վերացումն ինքնըստինքյան տեխնիկական խոչընդոտներ կառաջացնի ինչպես բնագիտության, այնպես էլ հասարակագիտության ոլորտում ուսանողների և ասպիրանտների գիտահետազոտական գործունեության համար: Բացի դրանից՝ բազային լաբորատորիաների նշանակությունը ի սկզբանե եղել է բուհական ենթակառուցվածքների պահպանումը և դրանց զարգացնելը, որոնք էլ հնարավորություն են տալիս բուհերում գիտաշխատողներ և գիտնականներ պատրաստել: Մինչդեռ բազային լաբորատորիաների ստեղծման մրցութային կարգը չի կարող ապահովել բազային լաբորատորիաների այս հիմնական գործառույթը»,- ասում է Հեղինե Ղազոյանը:
Քննարկմանը ներկա էր ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Իշխան Վարդանյանը, որը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ մինչ այժմ ամեն տարի ՀՀ պետական բյուջեից որոշակի գումար է հատկացվել ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեին, որն էլ Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգի համաձայն՝ ֆինանսավորել է այս կամ այն հաստատությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանումը և զարգացումը. «Այս պահի դրությամբ ԵՊՀ-ն ունի 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա: Այդ ենթակառացվածքներում աշխատում է ավելի քան 450 մասնագետ, որոնցից 200-ը միայն գիտաշխատողներ են, այսինքն՝ համատեղության կարգով այլ հաստիքներում գրանցված չեն»:
Պարոն Վարդանյանն ասաց, որ նախորդ տարիներին, երբ հաստատվում էր բյուջեն, ծախսային ծրագրերի դիմաց նշվում էր, որ դրանք իրականացվում են այս կամ այն սուբյեկտում և շեշտվում էր՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում. «Այս տարի դա նշված չէր: Ընդ որում՝ փաստենք՝ երբ բազային ֆինանսավորման պայմանագրերը մեկ տարով էին կնքվում, հաջորդ տարի՝ մինչև հունվարի կեսը, կնքվում էին նորերը՝ այդ ընթացքում չընդհատելով մասնագետների հետ ունեցած աշխատանքային պայմանագրերը: Իսկ այս տարի, երբ հարցում ուղարկեցինք ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեին՝ հետաքրքրվելով, թե ինչ ընթացակարգ է գործելու այս դեպքում, ստացանք պատասխան, որ այժմ մրցութային կարգ է գործելու»:
Գիտական քաղաքական վարչության պետը բացատրեց, որ գիտական և գիտատեխնիկական ծախսային ծրագրում նշված է, որ պետությունը ֆինանսավորումն իրականացնում է դրամաշնորհի ձևով, իսկ հիմնադրամների մասին օրենքում նշվում է, որ հիմնադրամին պետությունը դրամաշնորհի ձևով ուղղակի ֆինանսավորում չի կարող հատկացնել, պետք է մրցույթ հայտարարվի. «Այսինքն՝ բոլոր այն կրթական և գիտական գործունեություն իրականացնող հաստատությունները, որոնց իրավակազմակերպական ձևը հիմնադրամն է, պետք է մրցութային կարգով ստանան ֆինանսավորում: Սա է առ այսօր ունեցած մեր տեղեկատվությունը: Ընդ որում՝ այս պահի դրությամբ դեռևս հայտնի չեն մրցութային կարգի պայմանները»:
Այսօր տեղի ունեցած քննարկմանը ներկա գտնվեց նաև ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, որը ներկաներին փոխանցեց ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի խոսքը, ըստ որի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա երեք ամիսներին խնդիրը կկարգավորվի նախորդ կարգի համաձայն, որից հետո կհայտարարվի մրցույթ:
Քննարկման ավարտին մասնակիցները, թերևս չբավարվելով ստացած նոր տեղեկությունից, որոշեցին ֆակուլտետներում, տարբեր գիտական կենտրոններում և ինստիտուտներում անցկացնել գիտխորհրդի նիստեր, ընդունել որոշում և բողոք-առաջարկությունով դիմել պատկան մարմիններին՝ այս հարցն առավել հստակեցնելու և հնարավորության դեպքում առաջարկը չեղարկելու համար:
Ի դեպ, հունվարի 29-ին Ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում անցկացվելու է Ֆիզիկայի ֆակուլտետի և Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտխորհուրդների բաց նիստ, որի մուտքն ազատ կլինի շահագրգիռ բոլոր մասնակիցների համար:
Քնար Միսակյան