- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼ
Փետրվար 04, 2019 | 13:35
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Անահիտ Մամիկոնյանի կողմից ներկայացված «Արգինազը կրծքագեղձի քաղցկեղի և շաքարախտով խթանված սիրտ-անոթային հիվանդությունների բուժման ցուցանիշ» գիտական թեման:
Նշենք, որ ֆինանսավորումն իրականացվել է «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր 2018»-ի շրջանակում:
Ներկայացնելով գիտական թեման՝ ծրագրի ղեկավարը մանրամասնեց. «Քաղցկեղային բջիջները կարող են տարբերվել իրենց նորմալ անալոգներից որոշակի ֆերմենտների ակտիվությամբ և կոնցենտրացիայով: Այդպիսի ֆերմենտների ակտիվության չափումների միջոցով հնարավոր է նոր թերապևտիկ մոտեցումներ կիրառել քաղցկեղի բուժման ժամանակ: Վերջին տարիների հետազոտությունների արդյունքում հաստատվել է Լ-արգինին ամինաթթվի նյութափոխանակության մեջ ընդգրկված ֆերմենտների՝ արգինազի և NO-սինթազի վճռորոշ դերը ուռուցքի իմունոկենսաբանությունում»:
Ստացված արդյունքների համաձայն՝ արգինազի ակտիվության բարձրացումը սիրտ-անոթային համակարգում կարող է հանգեցնել էնդոթելային դիսֆունկցիայի:
Ըստ ծրագրի ղեկավարի՝ էնդոթելային դիսֆունկցիան աթերոսկլերոզի և շաքարախտի հետևանքով անոթային բարդացումների առաջացման հիմնական պատճառն է: Անոթային բարդացումները, որոնք կապված են 2-րդ տիպի շաքարախտի հետ, համարվում են լայնորեն տարածված կլինիկական խնդիր: Այս բարդացումների առաջացման մեխանիզմը դժվար է հասկանալ, իսկ հատուկ բուժումը բացակայում է:
Ա. Մամիկոնյանի խոսքով, արգինազի արգելակումը կարող է ունենալ որոշակի հակաքաղցկեղային ազդեցություն և սիրտ-անոթային համակարգում պաշտպանական հատկություններ:
Գիտական թեմայի շրջանակում ներկայացվելու է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման նոր մոդել. ուսումնասիրվելու են արգինազի ակտիվության արգելակման հակաքաղցկեղային հնարավորությունները՝ կրծքագեղձի քաղցկեղի և 2-րդ տիպի շաքարախտի փորձարարական մոդելներում սինթետիկ ու բնական ծագման արգելակիչների կիրառմամբ:
«Քաղցկեղի և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեպքում արգինազը թիրախավորելու հեռանկարները կարող են օգտագործվել կլինիկական բժշկության մեջ ֆերմենտների ակտիվության որոշման համար»,- ամփոփեց ԵՊՀ ասպիրանտը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան