- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ. «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ» ԲԱԺԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբեր 02, 2019 | 16:02
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ. «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ» ԲԱԺԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության «Նախապատրաստական դասընթացներ» բաժինը կատարում է 2019-2020 ուստարվա դիմորդների ընդունելություն հանրակրթական բոլոր առարկաներից:
Դիմորդների համար կազմակերպվող դասընթացներն անցկացվում են ՀՀ բուհերի ընդունելության պահանջներին նախապես համապատասխանեցված ծրագրերով:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախապատրաստական դասընթացների բաժնի վարիչ Արշալույս Գալստյանն ասաց, որ դասընթացները վարում են համալսարանի առաջնակարգ և փորձառու դասախոսները. «Համապատասխան ամբիոնների փորձառու դասախոսներն են աշխատելու դիմորդների հետ, որոնք ծանոթ են քննական կարգին, այս կամ այն չափով մասնակցել են շտեմարանների կազմման աշխատանքներին և պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքը փոխանցել դիմորդներին»:
Ուսումնական տարվա ընթացքում ունկնդիրները պարբերաբար մասնակցելու են ընթացիկ ստուգումների, ինչը լրացուցիչ հնարավորություն է տալիս ունկնդիրների ծնողներին` հետևելու իրենց երեխաների պատրաստվածությանը:
Արշալույս Գալստյանն ասաց, որ նախապատրաստական դասընթացներն ավարտողները հաջողությամբ մասնակցում են պետական ավարտական և միասնական քննություններին, ստանում բարձր գնահատականներ. «Վերջին տարիներին ունկնդիրների ավելի քան 95 տոկոսն ընդունվել է ՀՀ տարբեր բուհերի առկա և հեռակա բաժիններ»:
Ի դեպ, դասընթացներ են կազմակերպվում նաև օտարերկրյա քաղաքացիների համար: Դրանց արդեն մասնակցել են դիմորդներ Սերբիայից, Սիրիայից, Իտալիայից, Իրանից, Վրաստանից , Չինաստանից և հաջողությամբ համալրել հայաստանյան բուհերի ուսանողների շարքերը:
Նախապատրաստական դասընթացների բաժնի վարիչն ասաց, որ օտարերկրյա քաղաքացիները գրանցվելու համար պետք է ունենան նաև միջնակարգ կրթության վկայական, իսկ ՀՀ քաղաքացիները դասընթացներին մասնակցում են միջնակարգ կրթությանը զուգահեռ, նույնիսկ՝ երկրորդ կիսամյակից:
Տեղեկացնենք, որ 2019-2020 ուստարվա դասընթացները սկսվելու են հոկտեմբերի 1-ից և ավարտվելու են մայիսի 31-ին: Յուրաքանչյուր առարկայի ուսման վարձը 150.000 (հարյուր հիսուն հազար) դրամ է, որը վճարվելու է երկու կիսամյակում: Դասընթացներն անցկացվելու են ԵՊՀ 8-րդ մասնաշենքում: Օտարերկրյա քաղաքացիների համար դրանք կազմակերպվելու են առավոտյան, իսկ ՀՀ քաղաքացիների համար՝ ժամը 15:00-ից մինչև 18:00-ն:
2019-2020 ուստարվա ունկնդիրների գործերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 10:00-ից 17:00-ն: Դիմորդները պետք է ներկայացնեն 1 լուսանկար և ծննդյան վկայականի (անձնագրի) պատճենը:
Դիմել` Աբովյան 52ա, 115 սենյակ (Հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենք, 1-ին հարկ), հեռ.՝ (060) 71 06 79, (096) 71 06 79:
Քնար Միսակյան