- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՍ-Ի 30-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՖՈՏՈ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Փետրվար 20, 2019 | 14:19
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՍ-Ի 30-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՖՈՏՈ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ԵՊՀ գրադարանի նախասրահում այսօր տեղի ունեցավ «Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) միության Հայաստանում 30-ամյա գործունեությանը նվիրված ֆոտո-ցուցահանդեսի բացումը:
ԲԱՍ-ի հաղորդակցության պատասխանատու Շուշան Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ֆոտո-ցուցահանդեսը բաղկացած է 7 եռանկյունաձև պաստառից, որտեղ մանրամասն ներկայացված է Հայաստանում ԲԱՍ-ի 30-ամյա գործունեությունը: Ֆոտո-ցուցահանդեսը տևելու է մեկ օր:
«Այս տարի լրանում է Հայաստանում ԲԱՍ-ի գործունեության 30 տարին, ինչի առթիվ մենք կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ՝ իրազեկելու ԲԱՍ-ի մարդասիրական գործունեության վերաբերյալ, ինչպես նաև տեղեկացնելու թե ինչպես կարելի է միանալ ԲԱՍ-ին ցանկության դեպքում»,- հավելեց նա:
ԲԱՍ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Իզաբել Բրետոն ֆոտո-ցուցահանդեսի ընթացքում պատասխանում էր կազմակերպության գործունեության վերաբերյալ ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Ցուցահանդեսի ընթացքում ԲԱՍ-ի ներկայացուցիչները կազմակերպության գործունեության մասին տեղեկատվական թռուցիկներ բաժանեցին ուսանողներին՝ տեղեկացնելով ինչպես կարելի է միանալ այս մարդասիրական կազմակերպությանը աշխարհի տարբեր երկրներում:
Շուշան Ալեքսանյանը տեղեկացրեց, որ 30 տարի շարունակ ԲԱՍ-ը Հայաստանում իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր: 2017 թվականին ԲԱՍ-ն ուներ 462 ծրագիր ավելի քան 70 երկրներում:
«Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) միությունն աշխարհի ամենախոշոր միջազգային, մարդասիրական, բժշկական կազմակերպություններից մեկն է, որը Հայաստանում ծավալած գործունեության ընթացքում տարբեր ծրագրեր է իրականացրել: ԲԱՍ-ը ժամանել է Հայաստան 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից մի քանի օր անց՝ շտապ օգնություն տրամադրելով տուժած բնակչությանը: Հետո ԲԱՍ-ը Լեռնային Ղարաբաղում բացել է ծրագիր՝աջակցելու պատերազմից տուժած ազգաբնակչությանը, իսկ ավելի ուշ իրականացրել է նաև տուբերկուլոզի ծրագիր: Այն աջակցել է նաև դժվարին իրավիճակներում գտնվող երեխաներին, որոնք հայտնվել էին Վարդաշենի հատուկ կրթահամալիրում կամ փողոցում: 2005 թ.-ից ԲԱՍ-ն աշխատում է տուբերկուլոզի ոլորտում՝ տուբերկուլոզով հիվանդներին աջակցելով դեղակայուն նոր դեղերով, ախտորոշմամբ և ընթացիկ վերահսկողությամբ՝ Հայաստան բերելով այս ոլորտի նորարարությունները:
Նադեժդա Տեր-Աբրահամյան