- Գլխավոր
- Նորություններ
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԶԳԻ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻ 120-ԱՄՅԱԿԻՆ
Հունիս 01, 2018 | 13:29
Գիտություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԶԳԻ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻ 120-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ-ում անցկացվում է հայազգի աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի 120-ամյակին նվիրված միջազգային խոշոր գիտաժողով: Նշենք, որ Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով մեկնարկել է մայիսի 27-ից: Այն անցկացվում է Հայկական մաթեմատիկական միության նախագահ, ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանի նախաձեռնությամբ:
Գիտաժողովին մասնակցում են անվանի գիտնականներ ԱՄՆ-ից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Լեհաստանից, Նորվեգիայից, Բրազիլիայից, Իրանից, Հնդկաստանից, Կանադայից և այլ երկրներից։
Յուրի Մովսիսյանի խոսքով, այսպիսի մեծ հետաքրքրության պատճառն այն է, որ Էմիլ Արթինը համարվում է 20-րդ դարի մաթեմատիկայի ոլորտի դասականներից մեկը, որի արդյունքներն այժմ ակտիվորեն կիրառվում են նաև համակարգչային գիտության մեջ: Նշենք, որ Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային խոշոր գիտաժողով ԵՊՀ-ում անցկացվում է առաջին անգամ:
ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչը, խոսելով գիտաժողովի կարևորության մասին, նշեց, որ գիտաժողովի նպատակներից մեկն այն է, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանող մասնագետներն ամփոփեն այն հիմնական ուղղությունները, որոնցով ժամանակին զբաղվել է Էմիլ Արթինը և ստացել հիմնարար արդյունքներ:
Գիտաժողովի ընթացքում գիտնականները հանդես են գալիս տարբեր զեկուցումներով:
Յ. Մովսիսյանի խոսքով, այս միջազգային գիտաժողովի կարևոր նպատակներից է նաև նպաստել Հայաստանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը մաթեմատիկայի և կիրառական մաթեմատիկայի զարգացման համար:
Արիզոնայի պետական համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Փամբուկչյանի խոսքով, այս գիտաժողովը կարևոր է, քանի որ տարբեր երկրների պրոֆեսորներն իրենց զեկուցումները ներկայացնում են նոր մեթոդաբանությամբ և նոր մոտեցումներով, որոնք էլ հայ ուսանողներին և գիտնականներին հնարավորություն են տալիս ծանոթանալու արտերկիր պրոֆեսորների փորձին:
Վ. Փամբուկչյանը նշեց, որ գիտաժողովը կարող է շահագրգռել հայ երիտասարդ մասնագետներին զբաղվել մաթեմատիկական գիտություններով:
Նադեժդա Տեր-Աբրահամյան