- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱՑ ԴԱՍ՝ ՆՎԻՐՎԱԾ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ
Ապրիլ 26, 2019 | 14:50
Կրթություն
ԲԱՑ ԴԱՍ՝ ՆՎԻՐՎԱԾ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը Հայ բանասիրության ֆակուլտետի հետ համատեղ այսօր ֆակուլտետի դահլիճում կազմակերպել էր Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բաց դաս:
Բաց դասին ներկա էր Երևանի 10 դպրոցների շուրջ 150 աշակերտ: Դպրոցականներին նախ ողջունեց Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, որն աշակերտներին խորհուրդ տվեց իրենց առջև ծառացած խնդիրներից չհուսահատվել, այլ պայքարել և հաղթահարել դժվարությունները: «Իր կյանքում բազում դժվարությունների համար է պայքարել մեր գրականության մեծագույն նվիրյալներից մեկը՝ Հ. Թումանյանը: Բանաստեղծն իր ամբողջ կյանքում պայքար է մղել հայ ժողովրդի առաջընթացի համար»,- հավելեց դեկանը:
Այնուհետև դպրոցականների համար դասախոսությամբ հանդես եկավ Հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը:
Բանախոսի խոսքով, Թումանյանն այնպիսի մեծություն է, որին գնահատել սկսել են դեռ իր կենդանության օրոք: «Թումանյանն իր բանաստեղծություններում կենդանական կերպավորումներով արտահայտում է պարզապես մարդկային հարաբերություններ: Բանաստեղծը մարդկային հարաբերություններ արտահայտելու մեջ իսկապես հանճարեղ է: Հ. Թումանյանն իր բոլոր ստեղծագործություններում բոլոր զգայարաններով զգում, տեսնում, շոշափում և ըմբռնում է հայն ու հայկականը: Նա գրականություն է բերել հայ ժողովրդի պատմական ճակատագրի կենսափիլիսոփայությունը: Նա բանաստեղծություններ է գրել դեռևս դպրոցական տարիքից»,- ներկայացրեց Սամվել Մուրադյանը:
Նշելով, որ Թումանյանի ստեղծագործություններն իրոք հանճարի գործեր են, բանախոսը շարունակեց. «Թումանյանը հսկայական քանակությամբ գրական, պատմական նորություններ է բերել մեր արվեստի և հոգևոր մշակույթի բնագավառ: Նա գրական որ ժանրով ստեղծագործել է, հասել է գերագույն հաջողության: Թումանյանը գրական կյանքի մեծագույն կազմակերպիչն է եղել հայ իրականության մեջ: Նա հիմնադրել է «Վերնատուն» գրական ընկերությունը: Մեր մշակութային արժեքները, գրականությունը, երաժշտությունը, գեղանկարչությունը, քանդակագործությունը, արվեստն իր բոլոր ճյուղերով Թումանյանն է կարողացել ներկայացնել մեզ և վերաարժևորել»,- ներկայացրեց Ս. Մուրադյանը:
Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչը դասախոսության ընթացքում խոսեց բանաստեղծի կյանքի, ստեղծագործական ուղու մասին, ինչպես նաև ներկայացրեց, թե ինչպես են հայ մեծ գրողներն արտահայտվել Թումանյանի մեծության մասին: Վերջում բանախոսն աշակերտների համար վերլուծեց Թումանյանի բանաստեղծություններից մի քանիսը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան