- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ՏԻՐՈՋ ՄՈՏ ՈՒ ՀԵՏՍ ԾԱՂԻԿՆԵՐ ԵՄ ՏԱՆՈՒՄ». ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ՝ ՀԱՅ ԵՐԳԻ «ՀԱՅՐԻԿ», ՎԱՐՊԵՏ ՈՒ ՆՎԻՐՅԱԼ
Մայիս 06, 2019 | 21:47
Մշակույթ
«ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ՏԻՐՈՋ ՄՈՏ ՈՒ ՀԵՏՍ ԾԱՂԻԿՆԵՐ ԵՄ ՏԱՆՈՒՄ». ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ՝ ՀԱՅ ԵՐԳԻ «ՀԱՅՐԻԿ», ՎԱՐՊԵՏ ՈՒ ՆՎԻՐՅԱԼ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի ունեցավ ազգագրագետ, բանահավաք, ազգային մշակույթի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի 114-ամյակին նվիրված միջոցառում:
Մայիսի 3-ին լրացավ հայ երգի վարպետ, ազգային արժեքների պահպանման առհավատչյա Հայրիկ Մուրադյանի 114-ամյակը:
Վերջինս ծնվել է Վանի նահանգի Շատախի գավառում: Տեսել է Ցեղասպանության արհավիրքներն ու ամբողջ կյանքում ապրել հայրենի երկրի կարոտով:
Եվ իզուր չէ, որ իր երգերում գութան ու հորովել է երգել, հայրենասիրություն սերմանել:
Լինելով պատմաբան՝ Հ. Մուրադյանը տասնյակ արժեքավոր ստեղծագործությունների հեղինակ է եղել:
Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ մշակույթի կինոակումբի, ՀՀ ազգային կինոկենտրոնի և «Հայրիկ Մուրադյան» մշակութային ՀԿ-ի համատեղ ջանքերով:
Միջոցառմանը ներկա էին «Հայրիկ Մուրադյան» մշակութային ՀԿ-ի նախագահ Նարինե Դելլալյանը (Հայրիկ Մուրադյանի հարսը), ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Հասմիկ Հարությունյանը, «Ակունք» և «Վան» ազգագրական համույթների գեղարվեստական ղեկավարները:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ նմանօրինակ միջոցառումները ևս մեկ անգամ ապրեցնում են երգի ու մշակույթի նվիրյալներին։
«Հայրիկ Մուրադյանի երգի մեջ մի ողջ ժողովրդի պատմություն, սովորություններ ու արմատներ կան»,- ընդգծեց Կ. Դավթյանը:
Հայրիկ Մուրադյանի հարսը՝ Նարինե Դելլալյանը, շնորհակալություն հայտնեց հրավերի համար և ներկայացրեց իր գործունեությունը:
Վերջինս երաժիշտ է և իր գործունեությունը ծավալում է հայրենիքից դուրս՝ Պորտուգալիայում:
Ն. Դելլալյանի համոզմամբ, ազգերն առանձնանում են իրենց ինքնությամբ, ուստի յուրաքանչյուրի պարտքը պետք է լինի պահպանել ու սերունդներին փոխանցել հայի դիմագիծը։
Նարինե Դելլալյանն անդրադարձավ Հայրիկ Մուրադյանի գործունեությանը, խոսեց դժվարին ճանապարհի ու թողած հարուստ ժառանգության մասին. «Նա հրաշալի հասկանում էր՝ ինչն է պահում ազգը, ուստի մեզ էր փոխանցում մաքրամաքուր երգը՝ որպես մշակույթի պահպանման լավագույն վկա. իզուր չէ, որ նա ասում էր՝ երգը մեր ինքնությունն ու դիմագիծն է»:
Նարինե Դելլալյանը ներկայացրեց նաև Հայրիկ Մուրադյանի անվան պատմությունը. «Նրան կոչել են ի պատիվ Խրիմյան Հայրիկի: Երբ այս մասին իմանում են Հայրիկի բնակավայրում, մարդիկ խուճապահար հարցնում են՝ ինչու են այդ լաճին Հայրիկ կնքել»:
Նարինե Դելլալյանը պատմեց նաև «Հայրիկ» ֆիլմի համար ստեղծված «Երազ իմ երկիր» երգի պատմությունը. «Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը գիտեր, որ ֆիլմին անհրաժեշտ է մի երգ, որը հիշեցնելու էր մեզ մեր արյան կանչն ու նախնիների խորհուրդը, ուստի դիմեց Հայրիկ Մուրադյանին՝ ազգագրական մշակույթի կրողին: Հ. Մուրադյանը գրեց երգի բառերը և ստեղծեց մեղեդին, որը նոտագրեց Ռոբերտ Ամիրխանյանը: Հետագայում Ռոբերտ Ամիրխանյանը երգը վերագրեց իր անվանը և այն գրանցեց իր անունով՝ որպես հեղինակ:
Որպես արժանապատիվ մարդ՝ Հայրիկ Մուրադյանը խզեց իր կապերը Ռոբերտ Ամիրխանյանի հետ՝ մտածելով, որ լավագույն հարվածը դա կլինի»: Ն. Դելլալյանն ընդգծեց, որ չնայած այն բանին, որ երգի հեղինակը համարվում է Ռոբերտ Ամիրխանյանը, այնուամենայնիվ, Հայրիկ Մուրադյանին հիշելիս շատերը կատարում են հենց այդ երգը:
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ցուցադրվեց նաև Ժ. Քալանթարի «Այբ, բեն, գիմ» ֆիլմը, որից հետո տեղի ունեցավ ֆիլմի քննարկում:
Հայրիկ Մուրադյանի աշակերտներից մեկը՝ Հասմիկ Հարությունյանը, ներկաներին պատմեց իր վերջին հանդիպման մասին հայ երգի երախտավորի հետ:
«Երբ գնացի Քաղցրաշեն՝ Հայրիկ Մուրադյանին տեսնելու, ինձ ասաց՝ տիրոջ մոտ եմ գնում ու հետս ծաղիկներ եմ տանում»:
Հասմիկ Հարությունյանը պատմեց նաև «Այբ, բեն, գիմ» ֆիլմի ստեղծման պատմությունը.
«Իմ ուսուցչին դժվարությամբ համոզեցի, որ գնանք Սաղմոսավանք: Ինձ ասում էր՝ ուր եք ինձ տանում, ինձ քիչ է մնացել, թողեք ապրեմ»:
Ըստ ֆիլմի նախագծի՝ «Այբը» պետք է ներկայացներ Հայրիկ Մուրադյանի սերունդը, «Բենը»՝ նրա աշակերտների սերունդը, իսկ «Գիմը»՝ աշակերտներին հաջորդող սերունդը:
Սակայն ֆիլմի ամբողջական նախագիծը մնում է կիսատ և եզրափակվում միայն «Այբ»-ով:
«Վան» ազգագրական համույթի ղեկավար Հարություն Փանոսյանի բնութագրմամբ, Հայրիկ Մուրադյանն իրեն վերադարձրել է ակունքներին. «Ես շնորհակալ եմ նրանից, որ իմ մեջ քարացրեց օտարամոլի ջատագովությունը՝ փոխարենը հայրենասիրության անսպառ պաշար սերմանելով, ցույց տալով, որ հայրենասիրությունը սկսվում է գութանն ու հողը սիրելով»:
«Վան» ազգագրական պարի համույթը հանդես եկավ կատարումներով և բեմը լցրեց Հայրիկ Մուրադյանի սիրված երգերով:
Անգին Խաչատրյան