- Գլխավոր
- Նորություններ
- ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
Մարտ 18, 2022 | 16:46
ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Կինն ու բնությունը» խորագրով շարքի առաջին ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր նույն ֆակուլտետի ուսանողուհի Տաթևիկ Շահբազյանի աշխատանքները:
Ցուցադրությանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Տ. Շահբազյանը, ողջունելով ներկաներին, նախ շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք այս ընթացքում քաջալերել ու օգնել են իրեն և փաստեց, որ թեպետ ներկաներից շատերն արդեն իսկ ծանոթ են իր ստեղծագործություններին, բայց այս ձևաչափով նա առաջին անգամ է ներկայանում:
Խոսելով նկարելու, ինչպես նաև լուսանկարելու համար իրեն ոգեշնչող երևույթներից՝ Տ. Շահբազյանն առանձնացրեց բնությունն ու հատկապես իր ծննդավայրին մոտ գտնվող Սևանա լիճը, որն ամեն եղանակին իր սեփական ու չկրկնվող գույնն ունի:
«Նկարելն ինձ համար միշտ էլ հոբբիից ավելին է եղել, իմ նկարներում շատ են ծառերը, ծաղիկներն ու կանայք, քանի որ ծառերը բնության հիմքն են, իսկ կինը՝ ընտանիքի, որն իր մեջ կրում է ողջ բնությունը»,- ելույթում ասաց Տ. Շահբազյանը:
Ցուցադրությանը ներկայացված ավելի քան երեք տասնյակ նկարները պատկերված էին ոչ միայն թղթի, այլև փայտի ու կտորի վրա: Նկարչուհին ասաց, որ հաճախ ստեղծագործում է թափոնների վրա:
Մեզ հետ զրույցում Տ. Շահբազյանը նշեց, որ չի սիրում վերնագրել նկարները, քանի որ չի ցանկանում սահմանափակել մարդկանց երևակայությունը. «Նկարելն ինձ համար մի առանձին աշխարհ է, որտեղ առկա են բոլոր գույները, դու ինքդ ես ընտրում, թե ինչ գույնով այն ներկես»,- ասաց ուսանողուհին՝ մաղթելով, որ բոլորն իրենց կյանքը կարողանան ներկել իրենց ընտրած գույներով, որտեղ բնությունը հավերժ կլինի: