- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
Մարտ 09, 2020 | 15:26
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
Երևանի պետական համալսարանի 6-րդ մասնաշենքում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը «Պատմություն» առարկայից:
Օլիմպիադային մասնակցում էին Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների 9, 10, 11, 12-րդ դասարանների 108 աշակերտներ:
Սև շենքի դահլիճում եզրափակիչ փուլի մասնակիցներին և նրանց ծնողներին ողջունեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ Հայկ Մխոյանը: Նա շնորհավորեց մասնակիցներին իրենց գրանցած արդյունքների առթիվ և հանձնեց պատմության վերաբերյալ տարատեսակ գրականություն:
Դեկանի տեղակալը նշեց, որ նախնական արդյունքները հրապարակվելու են «Olymp.am» կայքում այսօր` 21:00-ին, իսկ վաղը՝ ժամը 10:00-ից մինչ 12:00-ն, լինելու է արդյունքների բողոքարկում:
«Վերջնական արդյունքները կհրապարակվեն վաղը՝ 13:00-13:30-ն ընկած ժամանակահատվածում»,- նշեց նա:
Մասնակիցների գրանցման ավարտից հետո աշակերտներն ուղևորվեցին լսարաններ, ստացան թեստերը և սկսեցին աշխատանքը:
Նշենք, որ օլիմպիադայի եզրափակիչ փուլ հասած մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր:
«Ես վստահ էի, որ հասնելու եմ հանրապետական փուլ, քանի որ շատ էի պարապել»,- մեզ հետ զրույցում ասաց 10-րդ դասարանի աշակերտուհի Իրինա Ասիլյանը, որը ցանկանում է դիմել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ։
Իսկ Տավուշի մարզի Նորաշենի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Գրիգորյանը, որը պատրաստվում է դիմել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, նշեց. «Մարզային փուլում բարձր միավորներ էի հավաքել լավ պարապելու շնորհիվ: Երկրորդ տարին է, որ մասնակցում եմ, բայց լարվածություն միևնույն է կա»:
Թեստավորումից հետո օլիմպիադայի մասնակիցներն այցելեցին ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան:
Մարինա Առաքելյան