- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴ. ԵՐԵՎԱՆ». ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ
Սեպտեմբեր 22, 2018 | 23:13
Մշակույթ
«ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴ. ԵՐԵՎԱՆ». ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ
Այսօր Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում առաջին անգամ ցուցադրվեց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանի «Հազարամյակների ճամփորդ. Երևան» գիտահանրամատչելի ֆիլմը։
Ֆիլմը պատմում է Հայաստանի ներկայիս մայրաքաղաք Երևանի մասին, և պատմական տեղեկությունները հանդիսատեսին էին ներկայացված ոչ միայն դեպքերի ժամանակագրական շարադրանքով, լուսանկարներով ու պատմագետների կողմից դրանց մեկնաբանություններով, այլև դերասանական խաղի և հիանալի 3D մոդելավորման միջոցով։ Ինչպես նշում է ֆիլմի հեղինակը՝ ֆիլմում ներկայացված է Երևանի պատմությունը` անհիշելի ժամանակներից մինչև մեր օրեր․ «Հնավայրերի, հնագիտական նյութերի, 3D վերակազմությունների, գիտնականների հարցազրույցների, խաղարկային տեսարանների միջոցով ֆիլմում ամբողջանում է Հայաստանի ներկայիս մայրաքաղաքի ողջ պատմությունը»,- ասաց Արտակ Մովսիսյանը։
Գիտահանրամատչելի կինոնկարի պատմական փաստերը հանդիսատեսի համար մեկնաբանեցին պատմաբան, հայագետ Հակոբ Սիմոնյանը, պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանը, ճարտարապետության դոկտոր Սամվել Շահինյանը, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը և դրամագետ Շահեն Հովսեփյանը:
Իսկ խաղարկային տեսարաններում դերասաններ գտնելու համար Արտակ Մովսիսյանն ընտրել էր հետաքրքիր մի տարբերակ. նա հայտարարություն էր տեղադրել համացանցում, որին արձագանքել էին շատերը ոչ միայն ՀՀ-ից, այլ նաև արտերկրից։ Որոշված էր, որ ֆիլմը պետք է 40 րոպե տևողություն ունենար, սակայն այդ ժամանակը կրկնապատկվեց, և հեղինակ-պրոդյուսերը պարզապես ի զորու չեղավ կրճատելու ստացված ֆիլմից գեթ մեկ րոպե:
Արտակ Մովսիսյանն ասաց, որ «Հազարամյակների ճամփորդ. Երևան»-ը նկարահանվել է «ԵՐԵՎԱՆ-2800» մշակութային հիմնադրամի աջակցությամբ, ինչի համար նա շնորհակալություն հայտնեց հիմնադրամի տնօրենին, ով ներկա էր ֆիլմի ցուցադրությանը։ Ի սկզբանե նախատեսված էր, որ ֆիլմը լույս կտեսնի երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Սակայն ֆինանսական աջակցությամբ այն հնարավոր կլինի թարգմանել նաև ֆրանսերեն, ինչը նվեր կլինի Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ:
Կինոնկարի ցուցադրությանը ներկա էին քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը և քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանն ու Դավիթ Օհանյանը։
«Երևանը հազարամյակների ճամփա անցած ու դեռ հազարամյակներ անցնելու ճանապարհ ունեցող քաղաք է: «Հազարամյակների ճամփորդ. Երևան» ֆիլմը հրաշալի նվերն է մեր մայրաքաղաքի 2800 ամյակին»,- ասաց քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը։
«ysu.am»-ի հարցին, թե ինչքանով էր իրենց առաջ դրված նպատակն իրագործվել, Արտակ Մովսիսյանը պատասխանեց.
«Ի սկզբանե ծրագիրը ներկայացրել ենք «Հայաստանի մայրաքաղաքներ» խորագրով, նպատակը բոլոր մայրաքաղաքներին անդրադառնալն էր: Մեր այս ծրագրում Երևանը պիտի լիներ վերջում: Բայց քանի որ ամբողջն անել հնարավոր չէր, և առջևում մայրաքաղաքի 2800-ամյակն էր, մենք սկսեցին վերջից: Հիմա ձգտելու ենք, Աստծո կամքով, Հայաստանի մայրաքաղաքներ ծրագիրն ամբողջությամբ իրականացնել»:
Մարինե Առաքելյան