- Գլխավոր
- Նորություններ
- ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԱՆՎՃԱՐ Է
Հոկտեմբեր 23, 2019 | 15:59
Հասարակություն
ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԱՆՎՃԱՐ Է
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով՝ Ապրիլյան քառօրյա մարտերին մասնակից ԵՊՀ բոլոր ուսանողներին ԵՊՀ ուսանողական հանրակացարանում կեցության ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով, իսկ այլ բուհերի՝ մարտերին մասնակից ուսանողներին՝ 30 % զեղչով:
ԵՊՀ ուսանողներ Գևորգ Մանուկյանը, Շուլի Հակոբյանը և Ռաֆայել Հովհաննիսյանն Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ են: Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Գևորգ Մանուկյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ՀՀ «Արիության» մեդալով, Շուլի Հակոբյանը՝ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով:
Զորացրվելուց հետո հերոսները վերադարձել են ԵՊՀ՝ այստեղ շարունակելու կրթությունը և որակյալ մասնագետ դառնալու: Նրանց խոսքով, ԵՊՀ-ում մշտապես աջակցել են իրենց և ամեն ինչ արել՝ նպաստելու ուսումնառության արդյունավետ կազմակերպմանը:
Մեզ հետ զրույցում Գևորգ Մանուկյանը, որը զորացրվելուց հետո որոշել է կիսատ թողնել ուսումը Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում և ընդունվել Իրավագիտության ֆակուլտետ, ասաց, որ ի թիվս այլ օգնությունների՝ ԵՊՀ-ում լուծել են նաև իրենց կեցության խնդիրը:
«Դեռևս անցած տարվա փետրվարից ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի նախաձեռնությամբ և Արամ Սիմոնյանի աջակցությամբ՝ ես և ընկերներս՝ Շուլին և Ռաֆայելը, անվճար հիմունքներով բնակվել ենք ԵՊՀ ուսանողական հանրակացարանում»,- ասաց Գևորգ Մանուկյանը:
Նրա փոխանցմամբ, հանրակացարանի վերանորոգումից հետո էլ ուսումնական այս տարվա սկզբից իրենք շարունակում են անվճար հիմունքներով բնակվել հանրակացարանում. «Կեցության համար ստեղծված են լավ պայմաններ: Բացի դրանից՝ ուսանողական միջավայրն էլ նպաստում է, որ դասերն ավելի լավ մթնոլորտում սովորենք»:
ԵՊՀ ուսանողական հանրակացարանի պարետ Հրաչ Չոբանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ դեռևս ուսումնական անցած կիսամյակում Ապրիլյան քառօրյա պատերազմի շքանշանակիրներն անվճար հիմունքներով են բնակվել հանրակացարանում:
Հրաչ Չոբանյանը հայտնեց նաև, որ վերանորոգումից հետո ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով՝ այժմ պատերազմին մասնակից բոլոր ուսանողներին է հնարավորություն տրվում անվճար հիմունքներով բնակվելու ուսանողական հանրակացարանում:
Հիշեցնենք, որ ըստ հրամանի՝ սահմանվում է, որ Ապրիլյան քառօրյա մարտերին մասնակից ԵՊՀ բոլոր ուսանողներին ԵՊՀ ուսանողական հանրակացարանում կեցության ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով, իսկ այլ բուհերի՝ մարտերին մասնակից ուսանողներին՝ 30 % զեղչով:
Հրաչ Չոբանյանը փաստեց, որ այս պահի դրությամբ կեցության ծառայություն է մատուցվում Ապրիլյան քառօրյա պատերազմի 7 ուսանողների, որոնց թվում են նաև շքանշանակիրները. «Կեցությունն այստեղ են կազմակերպում նաև ԵՊՀ ուսանողներ Մանուել և Սամվել Մանուկյանները, Ալեքս Շահնազարյանն ու Գեղամ Առաքելյանը»:
Մեզ հետ զրույցում Ալեքս Շահնազարյանը, որը սովորում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում, ասաց, որ ծնունդով Շամշադինից է և զորացրվելուց հետո Երևանում ուսում ստանալու համար մինչ այժմ վարձակալությամբ էր բնակվում. «Հրամանի մասին տեղեկացա կայքից, ոգևորվեցի և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրի ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորին: Ինձ արդեն տրամադրվել է սենյակ, շուտով վերջնական կտեղափոխվեմ»:
Ալեքս Շահնազարյանի փոխանցմամբ, ԵՊՀ ուսանողական հանրակացարանի պայմանները շատ լավն են և հարմարավետ. «Հրաշալի նախաձեռնություն է: Ուրախ եմ, որ ԵՊՀ-ն ոչ միայն որակյալ կրթություն է տրամադրում, այլև լուծում ուսանողների սոցիալական խնդիրները»:
Քնար Միսակյան