- Գլխավոր
- Նորություններ
- ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոկտեմբեր 25, 2019 | 16:26
Կրթություն
ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունն այսօր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիմորդների համար կազմակերպել էր անվճար դասընթացներ:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ամեն տարի անցկացվում են անվճար դասընթացներ դիմորդների համար, որոնց նպատակն է տեղեկություն տալ ապագա ուսանողներին ֆակուլտետ ընդունվելու կարգի, սովորելու ընթացքում տրվող հնարավորությունների, հետագայում աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու մասին։
Տարբեր դպրոցների աշակերտներին դիմավորեց և ինտերակտիվ դաս անցկացրեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանը:
Նշենք, որ անվճար դասընթացին ներկա էին դպրոցականներ թե՛ մայրաքաղաքից, թե՛ մարզերից:
«Սիրելի՛ բարեկամներ, ես ողջունում եմ ձեզ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում և ասում, որ այս հանդիպումներն արդեն 8-9 տարվա պատմություն ունեն և սկզբնավորվել են 2010-2011 ուստարվանից»,- ասաց ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը և նշեց, որ հանդիպումները կազմակերպվում են Մինչհամալսարանական կրթության վարչության հետ:
Ն. Մարտիրոսյանն ընդգծեց, որ 2019 թվականը հոբելյանական է Երևանի պետական համալսարանի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի համար և հավելեց, որ համալսարանը նշում է 100, իսկ ֆակուլտետը՝ 20-ամյակները։
«Մենք այս 20 տարիների ընթացքում փորձել ենք լրագրողական կրթությունը կազմակերպել այնպես, որ նմանօրինակ կրթություն իրականացնող համանուն ֆակուլտետների շարքում լինենք և մնանք առաջինը։ Միայն մի օրինակ. այս տարի մենք ունեցել ենք 74 տեղ՝ 4 անվճար և 70 վճարովի։ Այդ 74 տեղի համար դիմել է 120 դիմորդ»,- ասաց Ն. Մարիտիրոսյանը։
Մայրաքաղաքի և մարզերի տարբեր դպրոցներից եկած դիմորդների համար ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը բացատրեց ընդունելության կարգը, նշեց անհրաժեշտ միավորները ֆակուլտետ ընդունվելու համար և մանրամասն խոսեց այն քննությունների մասին, որոնք անհրաժեշտ է հանձնել ։
Ինտերակտիվ դասընթացի ժամանակ ֆակուլտետի ապագա ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխաններն ու տեղեկացան, որ նմանաբնույթ դասընթացներ լինելու են ամբողջ տարվա ընթացքում՝ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը։
112 ավագ դպրոցի աշակերտուհի Ռուզաննա Զարդարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա շատ լավ գաղափար է. «Աշակերտների համար հիանալի առիթ է համալսարանի, ֆակուլտետի ու միգուցե իրենց ապագա համակուրսեցիների հետ ծանոթանալու համար»։
«Այսօր իմ առաջին այցն է։ Անցած ամիս եմ տեղեկացել դասընթացների մասին ու շատ ոգևորվել», - ասաց Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի աշակերտուհի Լուսինե Հակոբյանը։
Մարինա Առաքելյան