- Գլխավոր
- Նորություններ
- «ՍԵՓԱԿԱՆ ՔՐՏԻՆՔՈՎ ՍՏԵՂԾԱԾ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԱՆԻՔԴ ԱՄՈՒՐ Է ԼԻՆՈՒՄ, ԻՍԿ ՈՐՔԱՆ ԱՄՈՒՐ Է ՀԻՄՔԸ, ԱՅՆՔԱՆ ՀԵՇՏ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՎԵՐՆԱՇԵՆՔԸ». ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆ
Ապրիլ 15, 2019 | 09:32
Հասարակություն
«ՍԵՓԱԿԱՆ ՔՐՏԻՆՔՈՎ ՍՏԵՂԾԱԾ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԱՆԻՔԴ ԱՄՈՒՐ Է ԼԻՆՈՒՄ, ԻՍԿ ՈՐՔԱՆ ԱՄՈՒՐ Է ՀԻՄՔԸ, ԱՅՆՔԱՆ ՀԵՇՏ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՎԵՐՆԱՇԵՆՔԸ». ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը կյանքի ընկերուհուն հանդիպել է ԵՊՀ-ում՝ այն լսարանում, որտեղ մեկնարկել էր իր ուսանողական կյանքը:
Մեր առաջին հանդիպումը՝ ճակատագրական օրինաչափություններով, տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին ԵՊՀ Աբովյան փողոցի վրա գտնվող մասնաշենքի դահլիճում, որտեղ անցկացվում էին իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի դասերը:
«Դեպքերի բերումով ես համալսարան եկա ոչ թե դասերը սկսվելուն պես, այլ սեպտեմբերի չորսին»,- հիշում է Գագիկ Ղազինյանը:
«Անծանոթ ու հետաքրքիր դեմքեր. պարզ է, որ ես պետք է խորազնին հայացքով դիտեի և ուսումնասիրեի համակուրսեցիներիս, որոնց հետ անցնելու էր իմ ուսանողական կյանքը:
Հենց այդ ժամանակ էլ նկատեցի ամենավերջին նստարանին նստած մի աղջկա, որն իր արտաքին գեղեցկությամբ տարբերվում էր մյուսներից»:
Գեղեցկուհուն մոտենալու առաջին փորձերս անարդյունք էին:
Ղազինյանի խոսքով, նա փորձում է փոքրիկ խորամանկության դիմել՝ համակուրսեցուց խնդրելով իր կողմից բաց թողնված դասախոսությունները:
«Ես ոչ միայն չստացա ինչ-որ խնդրում էի, այլև ապագա կինս ինձ ասաց՝ այդ հարցով դիմեմ Ալվարդին՝ մեր համակուրսեցուն:
Զրույցը սկսելու դժվարությունը և նրան մոտենալու անհնարինությունն ավելի գրավեցին ինձ: Ներքին ձայնս ինձ ասաց, որ ես համակրում եմ խորհրդավոր ու առեղծվածային այդ աղջկան»:
Ղազինյանի հավաստմամբ, մարդկային խորհրդավորությունը միշտ էլ գրավիչ և հետաքրքիր է, ուստի շատ կարևոր է մարդկային անմիջականությանը միավորել անբացահայտելի և անիմանալի լինելու առեղծվածը:
Գարնան հետ մեր սերը ծաղկում է:
«Մենք հանդիպում էինք մտերմիկ ընկերներով: Հինգ հոգուց բաղկացած խումբ՝ չորս տղա և մի աղջիկ, միշտ միասին էինք համալսարանում և դրանից դուրս: Մենք միասին էինք անցկացնում մեր ուսանողական երջանիկ օրերը: Ցավոք սրտի այդ ընկերներից երկուսն արդեն չկան»,- պատմում է դեկանը:
Այս հանդիպումների շնորհիվ ապագա զույգը հետզհետե մտերմանում է, միմյանց ճանաչում, և այդ ընթացքում փոխադարձ զգացմունքներ են առաջանում:
«1974 թվականի մայիսի մեկին՝ երկրորդ կուրսում, մենք խոստովանեցինք միմյանց հանդեպ ունեցած զգացմունքները, որին հաջորդեցին ավելի մտերմիկ հարաբերությունները»:
ԵՊՀ-ն մեր սիրո տունը դարձավ:
«Մեր ժամանակի զգալի մասն անցնում էր Իրավաբանական ֆակուլտետում, որից հետո մենք քայլում էինք Երևանի փողոցներով: Հաճախ է պատահել, որ ոտքով համալսարանից քայլել ենք մինչև նրանց տուն, որը գտնվում էր «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում. երջանիկ տարիներ էին»:
Ակադեմիկոսն ընդգծում է նաև, որ ինքն ու կինն ունեն արտաքին տեսքի նկատելի նմանություն. «Նման ենք ինչպես մաշկի, մազերի, այնպես էլ աչքերի գույնով, և դա է պատճառը, որ անծանոթ մարդիկ մեզ հաճախ քույր ու եղբայր են կարծում: Հիշում եմ մի հետաքրքիր դեպք. տարիներ առաջ, երբ Մոսկվայում էինք, հյուրանոցի սենյակ վերցնելիս խնդրեցինք երկուսիս համար մեկ սենյակ, հյուրանոցի աշխատակիցը զարմանքով հարցրեց. «Դուք քույր ու եղբայր չե՞ք»»:
Մեր ամուսնության օրը՝ 1977 թ. դեկտեմբերի 3-ին, ձյան փոխարեն անձրև եկավ:
«Այդ օրը սկիզբ դրվեց մեր ամուսնական՝ դժվարություններով, փորձություններով լի, բայց երջանիկ կյանքին»,- նշում է Գ. Ղազինյանը:
Փորձություններից մեկը եղել է Ղազինյանի՝ Մոսկվայում կրթությունը շարունակելը, երբ ընտանիքը թողած Երևանում՝ նա պետք է սովորեր ասպիրանտուրայում, համատեղեր կրթությունն ու ընտանեկան «երջանիկ հոգսերը»:
«Ավագ որդիս ծնվել էր, իսկ ես ընտանիքիցս հեռու պայքարում էի վաղվա լավ օրվա համար»:
Սակայն ընտանեկան զույգի դժվարությունները միայն հեռավորությամբ չեն ավարտվել:
«Սոցիալական խնդիրներ ևս եղել են, որոնք, իհարկե, լուծվել են ծնողներիս շնորհիվ:
Եղել են օրեր, երբ մեր ունեցած սուղ ֆինանսական միջոցները ստիպված ենք եղել խնայել և կատարել միայն առաջին անհրաժեշտության գնումներ: Սակայն դա մեզ չի տխրեցրել և խանգարել, քանի որ լիահույս էինք լավ ապագայի նկատմամբ: Համոզված էինք, որ դրանք ժամանակավոր դժվարություններ են, որոնք անպայման հաղթահարելու ենք փոխադարձ վստահության և համբերության շնորհիվ»:
Սեփական քրտինքով ստեղծած ընտանեկան տանիքդ ամուր է լինում, իսկ որքան ամուր է հիմքը, այնքան հեշտ է կառուցել վերնաշենքը:
Ղազինյանի փաստարկմամբ, ամուսնական կյանքում դժվարը սկզբնական տարիներն են, որոնք իրոք փորձություն են յուրաքանչյուր երիտասարդ ընտանիքի համար: Այդ փորձությունները հաղթահարելուց հետո իրոք հիմք է դրվում կայուն ընտանեկան երջանկության:
Իսկ ընտանեկան խաղաղ կյանքի բանաձևը, ըստ Ղազինյանի, փոխադարձ վստահության և լավատեսության մեջ է. «Վստահել, հավատալ լավ ապագային և ձգտել հասնել դրան»:
Իրավագետների ընտանեկան տանիքը հաշտ ու համերաշխ է:
Ղազինյանի խորին համոզմամբ, մարդկային կարևորագույն հատկանիշ է երախտագիտության զգացումը, որը պարտադիր չէ, որ արտահայտվի խոսքերով կամ գործողություններով:
«Ես շնորհակալ եմ կնոջս երկար տարիների համատեղ կյանքի, վստահության և այն բանի համար, որ նրա համբերատարության շնորհիվ մենք ունենք կայացած և երջանիկ ընտանիք»:
42 տարվա ամուսիններն ունեն երկու որդի և չորս թոռ:
Անգին Խաչատրյան