- Գլխավոր
- Նորություններ
- «ՀՈՂԸ ԿԱՆՉՈՒՄ Է ԻՆՁ. ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԵՍ ԻՆՁ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԿՈԹԵՑԻ». ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հուլիս 27, 2018 | 16:00
Ուսանողական
«ՀՈՂԸ ԿԱՆՉՈՒՄ Է ԻՆՁ. ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԵՍ ԻՆՁ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԿՈԹԵՑԻ». ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի արմատները Տավուշի մարզի Կոթի գյուղից է:
Սկսելով իր պատմությունը՝ Ղազինյանը ծանոթացնում է ազգանվան ծագումնաբանությանը, ըստ որի՝ ղազին պարսկերեն բառ է ու նշանակում է արդարամիտ, այդպես են կոչել նրա պապի հորը՝ Հովսեփին:
«Մեր ազգանվան հետաքրքիր պատմությունն ինձ պատմել է հորս հորեղբոր որդին՝ Արշալույս Ղազինյանը, ով եղել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Ըստ տեղեկության՝ Հովսեփ նախապապիս շնորհիվ լուծվել են գյուղի բոլոր վեճերը, նրա խոսքը եղել է վերջնականն ու անվիճարկելին,- պատմում է դեկանն ու հավելում,- արդարամտությունը մեր արյան մեջ է ու գեներով փոխանցվում է, շատ հաճախ այն հիվանդագին է դառնում, ու շատ ափսոս, որ մեր ժամանակներում չի գնահատվում»:
Հովսեփ Ղազինյանի ավանդները շարունակել է որդին՝ Գիգոլ Ղազինյանը, ով ունեցել է վեց որդի: Դեկանի հայրը՝ Սերգեյ Ղազինյանն առաջինն է տեղափոխվել Երևան ու սովորել օդաչուական ուսումնարանում:
«Ուսումնարանում սովորելուց հետո հայրս մասնակցել է Խորհրդաֆիննական պատերազմին, որից հետո՝ Հայրենական պատերազմին, որի ժամանակ վիրավորվել ու գերի է ընկել եւ մինչեւ պատերազմի ավարտն անց է կացրել «Sachsenhausen» համակենտրոնացման ճամբարում, - պատմում է դեկանն ու հավելում,- հայրս բարձրագույն կրթություն չի ստացել, բայց տիրապետել է վեց լեզուների»:
Անդրադառնալով մորական արմատներին՝ Ղազինյանը նշում է, որ պապը եղել է Մարաշից և Եղեռնի ժամանակ բնակություն է հաստատել Հունաստանում, որտեղ էլ ծնվել է դեկանի մայրը:
«Մորական պապս քաղաքակիրթ, ազնիվ և արդար մարդ էր: Հիշում եմ՝ հաճախ մեր տան առևտուրով նա էր զբաղվում և չծախսած գումարը պարտադիր վերադարձնում էր: Այս ազնվագույն մարդը շատ աշխատասեր էր. ես հպարտությամբ եմ հիշում նրան»,- ասում է դեկանը:
Կերպավորելով մանկության վերհուշը՝ պրոֆեսորը նշում է, որ իր ընտանիքն ապրել է բարեկեցիկ պայմաններում. «Մենք ապրում էինք հորս կառուցած սեփական տանը: Թաղում առաջին հեռուստացույցն ու սառնարանը մենք ենք ունեցել: Հայրս մեզ սովորեցնում էր շախմատ խաղալ. ես կարոտում եմ այդ խաղի հետ կապված ամեն բան»,- անկեղծանում է Գ. Ղազինյանը:
Նա հիշում է, որ լավաշ գնելու համար հերթ էին կանգնում. «Դժվարությունները շատ էին, բայց մենք գոհ ու երջանիկ վերադառնում էինք»:
Պրոֆեսորը նշում է, որ երաժշտական լավ լսողության շնորհիվ իրեն ուղարկել են ջութակի դասընթացների, բայց գործիքը չսիրելու պատճառով առաջին հարմար առիթն օգտագործել է պարապմունքի չգնալու համար. «Վեցերորդ դասարանում երկու առարկայից չորս ստացա: Երբ հայրս հարցրեց՝ ինչն է պատճառը, ես միանգամից պատասխանեցի՝ ջութակն ու այդ օրվանից այլևս չնվագեցի, որի համար շատ ափսոսում եմ»:
Դեկանը նկատում է, որ խելոք ու լռակյաց երեխա է եղել. «Մինչև հիմա երեսով են տալիս, որ դարպասից դուրս նայելու համար մայրիկից թույլտվություն եմ հարցրել»:
Ղազինյանի խոսքով, մասնագիտության ընտրությունը կապված է ինչպես հորեղբոր, այնպես էլ Ղազինյաններից սերելու հետ. «Հորեղբայրս իրավաբան էր: Ես մշտապես հետևել եմ իր աշխատանքներին, գործունեությանը: Նա ինձ համար արդարության պաշտպանի, ջատագովի ու նվիրյալի վառ օրինակ էր»:
Նկարագրելով Կոթի գյուղը՝ դեկանը նշում է, որ այնտեղ զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ: «Հողը կանչում է ինձ. ցանկացած պարագայում ես ինձ համարում եմ կոթեցի,- ասում է նա ու հավելում,- վերջին անգամ գյուղում երկու տարի առաջ եմ եղել, ինձ շատ ջերմ ընդունեցին: Ես խոստացա, որ տարբեր ծրագրերով կայցելեմ հայրենի գյուղ, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարում է, և ես այսպես ասած «մեղք եմ գործում»»:
Խոսելով սիրելի կերակրատեսակների մասին՝ Ղազինյանը նկատում է, որ Արևմտյան Հայաստանի խոհանոցին բնորոշ համեղ ուտեստները սիրելի են մինչև այժմ. «Փախլավան, սարի բուրման, իշլի քյուֆթան ամենահամեղն են ու նախընտրելին»:
Ղազինյանի ընտանիքի վեց անդամներն իրավաբաններ են և ապրում են նախորդներից ժառանգած պատգամներով. «Հայրս ասում էր՝ այնպես է ապրել, որ իր համար չամաչենք: Նա մեզ սովորեցնում էր որևէ բանի հասնելիս անպայման հետ նայել և չմոռանալ՝ ով ենք եղել և որտեղից եք եկել»:
Ղազինյանը նշում է, որ հոր պատգամներից է եղել կարևորագույն արժեքները պահպանելն ու չվերարաիմաստավորելը. «Նա միշտ ասում էր, որ երբևէ չի փոխելու այն ճանապարհը, որն օբյեկտիվորեն ճշմարիտ է. ով համաքայլ է թող շարունակի իր հետ, իսկ ով չէ՝ թող գնա այլ ճանապարհով»:
Ամփոփելով իր պատմությունը՝ Ղազինյանը վստահեցնում է, որ աշխատանքն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ աշխատողն իր բոլոր որակներով համապատասխանի տվյալ աշխատանքին ու պատասխանատվությամբ կատարի այն: Նա կոչ է անում սերունդներին զերծ մնալ անվստահության վրա հիմնված անտարբերությունից. «Ես միշտ մտածել եմ, որ ամենավատն անվստահության վրա հիմնված անտարբերությունն է, դա բոլոր չարիքների ծնունդն է, ուստի պետք է ամեն ինչ անել, որ այդ չարիքը մեր հասարակությունում բույն չդնի»:
Անգին Խաչատրյան