- Գլխավոր
- Նորություններ
- ԳԱԳԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԱՐԴԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սեպտեմբեր 20, 2018 | 12:35
Գիտություն
ԳԱԳԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԱՐԴԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Գագիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց արդի հոգեբանության խնդիրների և հոգեբանության դասավանդման խոչընդոտների մասին:
- Ի՞նչ խնդիրներ ունի արդի հոգեբանությունը։
- Արդի հոգեբանության կարևորագույն խնդիրը հոգեբանության տեսական, մեթոդական պառակտվածությունն է։ Մենք ունենք «հոգեբանություններ» և չունենք հոգեբանություն։ Կա գեշտալտ հոգեբանություն, կոգնիտիվ հոգեբանություն, հուզական հոգեբանություն, հոգեվերլուծություն, բիհեյվորիզմ և այլն։ Բայց առանձին հոգեբանություն որպես այդպիսին չկա, ինչը բավականին դժվարացնում է հոգեբանություն հասկացության կիրառությունը, եթե մենք չգիտենք՝ ինչ ենք հասկանում հոգեբանություն ասելով։ Իմ կարծիքով՝ սա է կարևորագույն խնդիրը։ Մյուս խնդիրները կապված են հոգեբանության առարկաների՝ հոգու, հոգեկանի հետ։ Ժամանակակից աշխարհում, ինչպես նաև առօրյայում հետին պլան են մղվում հոգին, հոգեկանը, որը բարդացնում է հոգեբանի գործը, և վերջինս հրաժարվում է հոգուց և այլ բան ուսումնասիրում։ Արդյունքում հոգեբանությունը դադարում է հոգեբանություն լինել։
- Հոգեբանության դասավանդումն ի՞նչ խոչընդոտներ ունի։
- Հոգեբանությունը` որպես գիտություն, խնդիր ունի հրապարակայնության առումով։ Մենք չենք կարողանում ցույց տալ ուսանողին, թե ինչի մասին ենք խոսում, որովհետև մենք զգում ենք ինչ-որ բան և դրա հիման վրա կարող ենք տեսություն կառուցել, բայց դա կլինի անձնական տեսություն, քանի որ դիմացինը պետք է գոնե զգացած լինի այն, ինչի մասին խոսում ենք։ Ես չեմ կարողանում գտնել արտահայտման այնպիսի ձև, որ դիմացինն ունենա այնպիսի զգացողություն, ինչպիսին իմ արտահայտած միտքն է: Հոգեկանն անորսալի է, հեշտ ըմբռնելի չէ։ Այս ամենն առաջացնում է դասավանդման խնդիրներ։ Մենք վերցնում ենք տարբեր մեթոդներ, որոնցով կկարողանանք ինչ-որ բան ցույց տալ, սակայն այդ ընթացքում հնարավոր է, որ այն, ինչն ուզում ենք ասել ուղղակի մոռանում ենք։ Փորձում ենք գտնել միջին մակարդակ, որը կբավարարի բոլորի պահանջները։ Սակայն առայժմ այդ մեթոդը գտնված չէ։
- Արտասահմանյան փորձը գտե՞լ է դասավանդման այդ մեթոդը։
- Մեր երկրում հոգեբանության դասավանդման, կրթության կազմակերպման մակարդակն այդքան էլ ցուցանիշ չունի։ Բայց սա միայն մեր երկրի խնդիրը չէ։ Եթե մի շարք երկրներում դասավանդման մակարդակն այլ է, դա դեռ չի նշանակում, որ նրանք գտել են այս հարցերի պատասխանը։ Ուղղակի նրանք հոգեբանության դասավանդման ավելի երկար փորձ ունեն։ Դրանով է պայմանավորված նաև առկա հարուստ գրականությունը։
Իմ չբարձրաձայնած խնդիրները պայմանավորված չեն այս կամ այն պետությամբ, դրանք ընդհանուր գիտական, կրթական խնդիրներ են։ Ես ունեմ իմ մոտեցումն այս հարցին, ցավոք, հենց մոտեցում, քանի որ մոտենում եմ, դեռ չեմ գտել այս հարցի լուծումը։ Իմ գիտական գործունեությունն ուղղված է այդ հարցի օպտիմալ լուծմանը։ Հոգեբանությունը շատ յուրահատուկ գիտություն է, այն չպետք է տարրալուծվի այլ գիտությունների մեջ։
- Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն ի՞նչ ազդեցություն կթողնի հասարակության և մարդկանց հոգեկանի վրա։
- Ես չեմ կարող կանխատեսել, քանի որ ամեն ինչ հնարավոր է՝ էյֆորիայից մինչև հիասթափություն։ Հոգեկան ճոճանակը միշտ գործում է, մենք պետք է պատրաստ լինենք դրան, ընդունենք որպես օրինաչափություն։ Սպասումները երբեք ամբողջովին չեն արդարացվում: Առհասարակ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, եթե ուղղակի սպասենք: Դա պասիվ դիրքորոշում է: Կանխատեսել հնարավոր է, եթե ինչ-որ նպատակաուղղված գործունեություն ենք իրականացնում:
Մարի Ռաֆյան