- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՊԱՐՈՆ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Նոյեմբեր 06, 2019 | 18:40
Հասարակություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՊԱՐՈՆ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գևորգյանը, տեղեկանալով ֆակուլտետում ստեղծված իրավիճակի մասին, դռնփակ հանդիպում ունեցավ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և դասադուլը կազմակերպած ուսանողների հետ՝ հարցը քննարկելու նպատակով։
Հանդիպումից հետո ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց լրագրողների հարցերին։
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գևորգյանն ասաց, որ Հայ բանասիրության ֆակուլտետ եկել է ոչ թե օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը քննարկելու, այլ երկու ֆակուլտետների ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին լսելու համար։
Այն մասին, թե քննարկումն ինչ արդյունքներ տվեց, պարոն Գ․Գևորգյանը պատասխանեց․ «Եղել է փոխադարձ պայմանավորվածություն պահանջը գրավոր ներկայացնել և ստորագրահավաքն անել ոչ թե ընդհանրապես, այլ կոնկրետ տեքստի տակ։ Հաջորդը՝ եթե ուսանողները որոշում են դասադուլ անել, ապա այն պետք է անել շենքից դուրս, պարզ պատճառով, որ ոչ բոլորն են միացել դասադուլին, և այն չպետք է խանգարի ուսումնական գործընթացին: Ուրիշ էական պայմանավորվածություն ձեռք չի բերվել»:
Պարոն Գ. Գևորգյանը նշեց, որ ինքն արհեստական է համարում երկու առարկա առանձնացնելը և մյուսների մասին չխոսելը, որովհետև այդ երկու առարկաները ներմուծվել են օրենքի ուժով։ Նա անդրադարձավ այն առարկաներին, որոնք կառավարության որոշմամբ են պարտադիր դարձել, և որոնց մասին, կարծես թե, չի խոսում․«Եթե այս բոլորը գումարում ենք, շոշափելի առարկայացանկ է լինում, որն այսօր մեր ուսանողները պարտադիր անցնում են: Բացի նշված առարկաներից՝ դրանց մեջ մտնում են նաև «Բնապահպանություն», «Քաղպաշտպանություն», «Ֆիզդաստիարակություն», «Իրավագիտություն» առարկաները։ Իհարկե, մյուս առարկներն այս երկուսի հետ նույն հարթության վրա չէի դնի, բայց այսօրվա գործող կարգերով դրանք նույն հարթության վրա են»:
Խոսելով ոչ պարտադիր ուսուցանման մասին՝ վերջինս նշեց, որ դպրոցներում ևս պարտադիր առարկաներ չկան, և եթե ցանկություն կա նորովի ինչ-որ բան անցնելու, պետք է ընդմիջում անել, որ մարդն ավելի հասունանա, և նրան ուսուցանվեն հայ ժողովրդի պատմության հիմնահարցերը, ոչ թե հայ ժողովրդի պատմությունը:
«Երկրորդ առարկան «Հայոց լեզու և գրականություն» առարկան է, որի անունն ամրագրված է օրենքով: Բայց համալսարանում այդ առարկան ուսուցանվում է մասնագիտություններին հարմարեցված: Ճիշտ կլիներ այն ուսումնասիրել ոչ թե երկու կիսամյակի մեջ լղոզված, այլ մեկ կիսամյակ և մասնագիտական որոշակի հմտություններ ձեռք բերելուց հետո: Պատճառն այն է, որ եթե մենք բուհում ուզում ենք, որ առարկան նպաստի մասնագետի հայեցի արտահայտման կարողության ամրապնդմանը, ապա նա պետք է ստանա որոշակի մասնագիտական կրթություն, որից հետո մենք կփորձենք այն ավելի հայեցի դարձնել»,- ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:
Քննարկման վերջում դասադուլը կազմակերպած ուսանողներից տեղեկացանք, որ որոշվել է դադարեցնել դասադուլը, դիմում ներկայացնել ԿԳՄՍ նախարարությանը նշված նախագիծը հետ կանչելու կամ այն քննարկելու համար հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։
Ասուլիսի թեմաները չսահմանափակվեցին միայն դասադուլին և օրենքի նախագծին վերաբերող հարցերով։ Պարոն Գ.Գևորգյանը խոսեց նաև համալսարանում ծախսերի պակասեցման, ուսման սահմանված վարձավճարների չափերի ու դրանց հնարավոր բարձրացման, ինչպես նաև ուսման որակի և աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին։
Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։
Մարինա Առաքելյան