- Գլխավոր
- Նորություններ
- «ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻՍ ԲՆՈՐՈՇ ԴՅՈՒՐԱԳՐԳՌՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՀԱՃԱԽ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԻՆՁ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հուլիս 03, 2018 | 14:31
Ուսանողական
«ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻՍ ԲՆՈՐՈՇ ԴՅՈՒՐԱԳՐԳՌՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՀԱՃԱԽ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԻՆՁ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, բազմաթիվ հուշամեդալների և պարգևների արժանացած Գեղամ Պետրոսյանը պատմում է իր արմատների և մեծ գերդաստանի պատմությունը:
Գեղամ Պետրոսյանը պատմությունը սկսում է իր նախորդի՝ դժվարին ճանապարհի մասին հուշապատումով: Արևմտյան Հայաստանի Գենջի գավառակի Շենիկ գյուղից է եղել Պետրոսյանի պապը՝ Գաբրիելը, ում հաջողվել է փրկվել եղեռնից և հաստատվել Ալեքսանդրապոլում (Գյումրի): «Գաբրիել պապս Միսակ Կիրակոսյան (Պետրոսյան) ազդեցիկ մարդու որդին էր: Պապիս հաջողվում է 1915 թ.-ին փախչել Ալեքսանդրապոլ: Կարճ ժամանակ անց ազգականները գտնում են նրան ու հաստատվում Թալինի Ոսկեթաս գյուղում, որտեղ և շարունակում է ապրել ու հիմնում մեծ գերդաստան»,- պատմում է նա:
Դեկանը պատմում է, որ տատը եղել է Խնուսի Քաղքիկ գյուղից. «Հայրս պատմում էր, որ հոր ու մոր միակ ցանկությունը եղեռնից խարխլված մեծ գերդաստանի վերականգնումն էր, որը միանգամայն հաջողվում է»:
Պարոն Պետրոսյանին կոչել են տատի եղբոր՝ Գեղամի անվամբ, որին նույնպես հաջողվել է փախչել եղեռնի ճիրաններից: «Մեզ տեղեկացրել էին, որ նա բնակություն է հաստատել Իրանում, որտեղ և ամուսնացել ու հիմնել է մեծ գերդաստան, սակայն նրա՝ Լիբանան տեղափոխվելուց հետո, կապը կորել է, և որևէ տեղեկություն չենք ստացել: Մենք մինչև այժմ որոնում ենք նրանց, սակայն փորձերն ապարդյուն են», -ցավով ավելացնում է դեկանը:
Պետրոսյանը կարոտով հիշում է հայրենի գյուղը՝ Ոսկեթասը: «Մի անգամ հորս հարցրի՝ ինչու են հաստատվել այս հեռավոր գյուղում, սարերի մեջ, իսկ նա պատասխանեց, որ երբ նույն հարցը տվել է հորը, ստացել է այսպիսի պատասխան. «Սասունը քարոտ ու քարքարոտ է եղել և մենք՝ սասունցիներս, փնտրել ենք քարոտ մի վայր ապրելու և գոյատևելու համար»:
Դեկանը երախտագիտությամբ և անհուն սիրով պատմում է հոր՝ Հարություն Պետրոսյանի մասին և նշում, որ պատմության հանդեպ սերը, քննադատական հայացքներն ու մասնագիտության ընտրությունը հորից է փոխանցվել իրեն. «Հայրս իմաստուն մարդ էր, ՀՀ վաստակավոր ուսուցիչ: Նրա իմաստությամբ, գիտելիքների վիթխարի պաշարով, քննադատական խորը հայացքներով հիանում, ինչու չէ, զարմանում էին գիտական կոչումներ ունեցող մարդիկ՝ ասելով՝ մի՞թե հնարավոր է հեռավոր այս գյուղում նման հանճար»,- հուզմունքով պատմում է նա և հավելում, որ հայրն առաջինն է եղել, որն իրավաբանական կրթությունն ու դաստիարակությունը ներառել է դպրոցական ծրագրերում. «Գիտելիքների հսկայական պաշարով բարելավվեց հեռավոր մի անկյունում ծվարած Կարմրաշենի դպրոցի կրթական մակարդակը: Տասնհինգ հոգուց բաղկացած դասարանից ավելի քան տասներկուսն ընդունվում էին բարձրագույն ուսումնական հաստատություն. մի՞թե սա չէ կրթության իսկական արդյունքը. ես շատ բան եմ սովորել իրենից և իմ հաջողությունների համար պարտական եմ նրան»:
Պետրոսյանը հիացմունքով պատմում է, որ իրականացրել է հոր երազանքը. «Հայրս երազում էր տեսնել այն գյուղը, որտեղ ծնվել էր պապս: Ես այսօրվա նման հիշում եմ նրա հուզմունքը, երբ ասացի, որ շուտով պետք է գնա Արևմտյան Հայաստան: Չհավատաց ինձ, իսկ մինչև գնալը՝ ուրախությունից չէր քնում: Ես փոքր-ինչ վախենում էի՝ պատկառելի տարիք ունեցող հայրս ճանապարհին իրեն վատ կզգա, բայց փառք Աստծո նա վերադարձավ ողջ ու առողջ, անչափ տպավորված, հուզված. հորս երազանքը կատարվել էր», -ասում է դեկանն ու հավելում. «Եթե ինձ հարցնեն՝ որն է իմ կատարած ամենալավ քայլը, ես կպատասխանեմ՝ հորս նվիրական երազանքն իրականացնելը»:
Պետրոսյանի բնորոշմամբ, սասունցիներին հատուկ ազնվությունը, թասիբը, ուղղամտությունը, դյուրագրգիռ լինելը փոխանցվել են նաև իրեն. «Ես ինքնաքննադատաբար պետք է մոտենամ այդ հատկանիշներից մեկին՝ դյուրագրգիռ լինելուն, որը շատ դեպքերում խանգարում է, և որքան էլ ցանկանում եմ սառնասիրտ լինել, մեկ է՝ չի ստացվում»:
Դեկանը նշում է, որ սասունցները վատ հատկանիշներ էլ ունեն. «Հայրս ասում էր՝ տղա ջան սասունցու վատից հեռու մնա»:
Պետրոսյանին մշտապես հուզել է տեղաբնիկների և գաղթականների ներքին կռիվը, անհնազանդության, անհանդուրժողականության ճիգերը. «Դպրոցական տարիներին չէի հասկանում պատճառը, իսկ հետո խորությամբ ուսումնասիրելով՝ հասկացա, որ դա մեր ժողովրդի ճակատագրի հեգնանք էր»:
Դեկանը կարծում է, որ արժեքները պահպանվում են միայն մշակութային ամուր կապի շնորհիվ: «Սփյուռքում ապրողը չպետք է մեզ թելադրի, թե ինչպես ապրենք. ես ապրիլյան պարտերազմի օրերին վիճեցի Ամերիկայում ապրող մանկությանս ընկերոջ հետ: Ապրելով խաղաղ ու բարեկեցիկ պայմաններում՝ նա ուզում էր թելադրել, թե ինչ պետք է անենք մենք՝ հայաստանցիներս, իսկ ես նրան պատասխանեցի՝ եթե ուզում է՝ մնանք հարազատներ, պետք է վերցնի որդիներին և գա Հայաստան, կանգնի սահմանը հսկող զինվորի կողքին: Նրա բացասական պատասխանը դարձավ մեր հարաբերությունների խզման պատճառ»,- ավելացնում է Պետրոսյանը:
Ավարտելով իր վերհուշը՝ դեկանը հավելում է, որ մարդ մշտապես պետք է իր արմատներին վերադառնա. «Անչափելի կարոտում եմ մեր գյուղի բնությունը, քարերը, այնտեղ ես դառնում եմ անհոգ, երջանիկ, ավելի եմ կապվում մանկության հուշերին, փնտրում այն մաքրությունը, ազնվությունը, անկեղծությունը, որը մեր գյուղում կա, և դա ինձ օգնում է կտրվել ճղճիմ իրականությունից: Իմ հոգեբանության մեջ դաջված է գնալ այնտեղ, որտեղ ծնողներս են թաղված, կիսվել նրանց հետ թե՛ հաջողություններով, թե՛ տխրությամբ»:
Բնության հանդեպ Պետրոսյանի սերը երևում է աշխատասենյակում աճեցրած բազմաթիվ ծաղիկներից: «Իմ սենյակում շատ լավ են աճում: Փորձված բան է, եղել է, որ տարել են ծաղկի ճյուղից, փորձել աճեցնել, բայց չի հաջողվել»,- հպարտանում է դեկանը։
Անգին Խաչատրյան