- Գլխավոր
- Նորություններ
- ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՄՈԴԻՖԻԿԱՑՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ․ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ՞, ԹԵ՞ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Փետրվար 04, 2019 | 10:04
Գիտություն
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՄՈԴԻՖԻԿԱՑՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ․ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ՞, ԹԵ՞ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Մինչ աշխարհը քննարկում է՝ արդյոք օգտակար են ԳՄՕ մթերքները, չինացի պրոֆեսոր Հե Ցզյանկույը ստեղծել է գենետիկորեն մոդիֆիկացված երեխաներ։
Սակայն այս փորձարկումը գաղտնի էր պահվում, և դրա մասին մինչև վերջերս ոչ ոք ոչինչ չգիտեր։ Պրոֆեսորն իր գիտական փորձը թաքցրել էր թե՛ այն համալսարանից, որտեղ աշխատում էր, թե՛ այն կլինիկայից, որտեղ ստեղծվել են երեխաները, թե՛ չինական կառավարությունից, թե՛ գիտական ընկերություններից։
Զարմանալի չէ, քանի որ էմբրիոնի վրա գենետիկական փորձարկումները շատ երկրներում, այդ թվում նաև՝ Չինաստանում, արգելված են օրենքով։ Իսկ այն երկրներում, որտեղ այդ փորձարկումները մասամբ ընդունված են (Մեծ Բրիտանիա), խստորեն վերահսկվում են ղեկավարության կողմից և չեն ենթադրում նման երեխաների լույս աշխարհ գալը։
Ստացվում է, որ «հանճարեղ» պրոֆեսորը խախտել է ոչ միայն էթիկայի արգելքները, այլև Չինաստանի մի շարք օրենքներ՝ փոխարենն անմահացնելով իր անունը գիտության մեջ։
Հիմա սկսենք սկզբից․ ո՞վ է Հե Ցզյանկույը։
Մինչ անցած տարվա նոյեմբերը, երբ նա հայտարարեց իր փորձարկման մասին ու ձերբակալվեց, Չինաստանում այս մարդը ճանաչված էր որպես տաղանդավոր գիտնական և պրոֆեսոր։
Հեն ծնվել է 1984 թվականին Չինաստանի փոքր գյուղերից մեկում։ Դեռ դպրոցական տարիներից, ասում է նա իր հարցազրույցում, հետաքրքրված է եղել ֆիզիկայով և իր տանը ստեղծել է լաբորատորիա, որտեղ անցկացրել է ողջ ազատ ժամանակն ու փորձարկումներ կատարել։
2002 թվականին նա ընդունվում է Չինաստանի գիտատեխնոլոգիական համալսարանի ժամանակակից ֆիզիկայի ֆակուլտետ։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, նա ցանկանում էր դառնալ չինացի Էյնշտեյն։
Հեն գերազանցությամբ ավարտում է բակալավրիատը, և մինչև վերջերս համալսարանի կայքում կարելի էր գտնել նրա անունն ամենահաջողակ շրջանավարտների ցանկում, սակայն հիմա նրա մասին բոլոր տեղեկությունները ջնջված են։
2006 թվականին «ապագա Էյնշտեյնը» երկրի ղեկավարության կողմից ստանում է դրամաշնորհ ու շարունակում ուսումն ԱՄՆ-ում։ Այստեղ Հե Ցզյանկույը փոխում է իր գործունեության ոլորտը և ողջ ուշադրությունը կենտրոնացնում գենային ինժեներիայի վրա։ Նա ընդունվում է Ռայսի համալսարան ու այն գերազանցությամբ ավարտում 2010 թվականին, որից հետո շարունակում է հետազոտական աշխատանքները Ստենդֆորդում։
ԱՄՆ-ում սովորելու և աշխատելու տարիներին Հեն հրապարակում է տասնյակից ավելի գիտական հոդվածներ գենետիկայի ոլորտում և դրա շնորհիվ հայտնի դառնում։
Թեև Ցզյանկույը հավանություն չէր տալիս չինական կրթությանը և ասում էր, որ Նահանգներում համալսարանները զարգացնում են գիտնականին որպես անհատ, սակայն 2012 թվականին վերադառնում է հայրենիք «Հազար տաղանդների ծրագրի» շրջանակում։ Ծրագիրը ենթադրում էր ՉԺՀ բերել աշխարհի լավագույն գիտնականներին տարբեր ոլորտներից։
Հեին, բացի ֆինանսական մեծ աջակցությունից, տրամադրվում է նաև սեփական լաբորատորիա Շենչժեն քաղաքի Հարավային գիտատեխնոլոգիական համալսարանում, որտեղ նա հնարավորություն է ստանում հետազոտություններ անցկացնելու գենետիկ մոդելավորման, իմունային համակարգի ու առհասարակ բժշկության ոլորտում։
2017 թվականի հուլիսին Հեի ղեկավարած լաբորատորիան ստեղծում է երրորդ սերնդի գենոմի հաջորդականացման նորագույն մեթոդիկա։ Եվ ինչպես հետագայում գրում են լրատվամիջոցները, դա լավագույն տարբերակն էր։
Ըստ երևույթին Հե Ցզյանկույը չի բավարարվում նմանօրինակ նվաճումներով ու սկսում է աշխատել գենի մոդիֆիկացման վրա։ 2018 թվականի նոյեմբերի 25-ին նա մի հայտարարություն է անում, որը ցնցում է ողջ գիտական աշխարհը․նա ասում է, որ ստեղծել էր գենետիկորեն մոդիֆիկացված երեխաներ։ Լուլուն ու Նանան գիտնականի շնորհիվ ի ծնե ունեին իմունիտետ վեներական հիվանդությունների նկատմամբ։
«Ես մեծ պատասխանատվություն եմ զգում։ Չեմ ցանկացել լինել առաջինը, այլ ցանկացել եմ օրինակ ծառայել մյուսների համար,- նշում է նա հայտարարության մեջ և ավելացնում,- թե ինչ կլինի հետո, թող հասարակությունը որոշի»։
Ավելի ուշ նա հրապարակում է նաև տեսահոլովակ, որտեղ ասում է, որ ցանկացել է օգնել մարդկանց ազատվել ժառանգական հիվանդություններից․ «Մենք կարծում ենք, որ ժամանակը մեր կողմից է։ Հիշեք 1970-ական թվականները և Լուիզա Բրաունին (առաջին երեխան, որը լույս աշխարհ է եկել արհեստական բեղմնավորման շնորհիվ)։ Այդ ժամանակ նույն սարսափի մթնոլորտն էր տիրում, սակայն պատմությունն այլ բան ապացուցեց»։
Սակայն հասարակությունն այս առաջընթացը չընդունեց։ Հայտարարությունից հետո չինական լրատվամիջոցները Հե Ցզյանկույին նմանեցրին Ֆրանկենշտեյնին ու անվանեցին նրան «կամ ստախոս, կամ խելագար»։ Չինական գիտական ընկերությունը հրապարակեց բաց նամակ, որտեղ վճռականորեն քննադատեց պրոֆեսորի աշխատանքն ու նրա փորձարկումը համարեց խելահեղություն։
Չինական Ժողովրդավարական Հանրապետության գիտության և տեխնոլոգիայի փոխնախարար Ցզյու Նանպինն ասաց, որ ապշած է նման հայտարարությունից, ու նշեց, որ նմանօրինակ փորձարկումները Չինաստանում խստորեն պատժելի են՝ սկսած 2003 թվականից։
«Մենք չգիտենք՝ կհաստատվի այդ տեղեկությունը, թե ոչ։ Բայց եթե դա ճիշտ է, ապա, անխոս, դատապարտելի է Չինաստանում»,- ասաց նա։
Շենչժեն քաղաքի Հարավային գիտատեխնոլոգիական համալսարանը, Հեի հայտարարությունից շատ չանցած, հրապարակեց պաշտոնական տեղեկություն, որ բուհը ոչ մի կապ չունի փորձարկման հետ, եթե, իհարկե, դրա մասին տեղեկությունը հաստատվի։ Այդ հայտարարության մեջ ասվում էր նաև, որ այդ ընթացքում Հեն գտնվում էր չվճարվող արձակուրդի մեջ, և համալսարանը տեղյակ չէր նրա գործողություններից։ Բացի դրանից՝ հայտարարության մեջ ասվում էր, որ համալսարանը խստագույնս պահանջում է, որ բոլոր գիտական հետազոտություններն անցկացվեն միջազգային ակադեմիական էթիկայի սահմաններում։
Իր հայտարարությունից հետո Հեին արգելեցին զբաղվել գիտական գործունեությամբ։
Սակայն երկու օր անց Հոնկոնգում կայացած՝ գենոմի ճշգրտմանը վերաբերող միջազգային գիտաժողովի ժամանակ Ցզյանկույը ելույթ ունեցավ ի պաշտպանություն իրեն ու ասաց, որ հպարտ է կատարած աշխատանքի համար, և պատմությունն իր կողմից է։
Նա նշեց, որ փորձարկման համար բոլոր ֆինանսական միջոցներն ինքն է տրամադրել։ Չնայած բոլոր պահանջներին՝ Հեն իր փորձարկման ոչ մի ապացույց այս գիտաժողովին նույնպես չներկայացրեց։
Հետաքրքիրն այն է, որ այս գիտաժողովի ելույթից հետո գիտնականն անհետացավ։ Նրա յութուբյան էջն այլևս չթարմացվեց, իսկ լրագրողների՝ նրա հետ կապ հաստատելու բոլոր փորձերը ձախողվեցին։
Անցած տարվա դեկտեմբերի վերջին «The New York Times»-ը հայտնեց, որ Հե Ցզյանկույը գտնվում է տնային կալանքի տակ։
Երկու ամիս անց չինական կառավարությունը հրապարակեց հետաքննության արդյունքները՝ հաստատելով գենետիկորեն մոդիֆիկացված երկվորյակների մասին հայտարարությունը։
Հենց նույն օրը պրոֆեսորը հեռացվեց համալսարանից, որտեղ, սկսած 2012 թվականից, ղեկավարում էր անձնական լաբորատորիան։
«Հեն իր գենետիկ փորձարկումներն անցկացնելու համար օգտագործել է տեխնոլոգիաներ, որոնք չեն ապահովում ո՛չ փորձի անվտանգությունը, ո՛չ էլ արդյունավետությունը։ Նա ոտնահարել է էթիկայի նորմերը, բացասականորեն ազդել համալսարանի վրա և խախտել չինական օրենսդրությունը»,-ասված էր հետաքննության մեջ։
Պարզվեց, որ բացի էմբրիոնի վրա փորձարկումներ կատարելն արգելող օրենքից՝ նա խախտել էր մի շարք այլ օրենքներ ևս, օրինակ՝ խաբել է փորձարկման մասնակիցներին՝ ներկայացնելով նրանց կեղծված տեղեկանք այն մասին, որ էթիկայի հանձնաժողովը թույլ է տալիս նման գիտափորձ կատարել։
Չինական կառավարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ գիտնականը խախտել է օրենքները՝ հարստանալու և հռչակավոր դառնալու համար։
Ռուսական Բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զակիյանն այս թեմայով «Газета.Ru»-ին տված իր հարցազրույցում ասում է. «Գենոմի խմբագրումն ապագայի բժշկությունն է, որտեղ կարելի է շտկել գենոմը և դրա շնորհիվ ստանալ առողջ մարդ։ Սրանով պետք է զբաղվել, որպեսզի այս գիտելիքները ներմուծենք բժշկություն»։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գենետիկորեն մոդիֆիկացումը, գիտության ապագան լինելով հանդերձ, մեծ վտանգ է կանխատեսում, քանի որ փորձարկումն ամբողջությամբ արդյունավետ չէ։
«Սա, անշուշտ, բժշկության և գիտության մեջ մեծ առաջընթաց է, բայց դրա հետ մեկտեղ շատ վտանգներ է առաջ բերում։ Ըստ օրենքի՝ էմբրիոնի հետ փորձարկումները կարելի է իրականացնել միայն 14-16 օրերի ընթացքում, այնուհետև այն պետք է ոչնչացնել, ինչն այս գիտնականը չի արել։ Հե Ցզյանկույը փոփոխել է այդ երեխաների գեները, ազատել նրանց ՁԻԱՀ-ով հիվանդանալու վտանգից ու դրա պատճառով նրանց օրգանիզմներն ավելի զգայուն դարձրել մի շարք ուրիշ հիվանդությունների նկատմամբ»,- նշում է նա։
Ըստ պարոն Հարությունյանի՝ սա և՛ գիտության ապագան է, և՛ միևնույն ժամանակ հանցագործություն։
Մարինա Առաքելյան