- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՐԳԵԼՈՎ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ՝ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ»․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ապրիլ 24, 2019 | 14:24
Հասարակություն
«ՀԱՐԳԵԼՈՎ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ՝ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ»․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երևանի պետական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այսօր բարձրացան Ծիծեռնակաբերդ ու անմար կրակի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց մեծ եղեռնի զոհերին ու հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին։
ԵՊՀ ուսանողները երեկվա ջահերով երթից հետո այսօր նույնպես Ցեղասպանության հուշահամալիրի մոտ էին։ Նրանք ծաղկեպսակ դրեցին հուշարձանի դիմաց և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։
Ուսանողների հետ էր նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Հակոբյան Շուլին, որը մեզ հետ զրույցում ասաց, որ զոհերի հիշատակը հարգելով՝ մենք թույլ չենք տալիս, որ պատմության մեջ նման աղետները կրկնվեն։
Ուսանողներից հետո Ծիծեռնակաբերդի բարձունքում ծաղկեպսակ դրեցին նաև ներկայացուցիչներ ԵՊՀ աշխատակազմից ու պրոֆեսորադասախոսական կազմից։
Հարկ է նշել, որ Երևանի պետական համալսարանը, բացի հարգանքի տուրք մատուցելուց, կազմակերպում է նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություններ, գիտաժողովներ, սեմինար-քննարկումներ և այլ միջոցառումներ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։
Բացի դրանից՝ ԵՊՀ-ն Հայաստանի միակ բուհն է, որտեղ գործում է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը: