- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ՉԳԻՏԵԻ, ԵՎ ՀԵՆՑ ԴԱ ԷՐ ՊԱՏՃԱՌԸ, ՈՐ ԵՍ ՈԻ ԸՆԿԵՐՍ ՈՐՈՇԵՑԻՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՅՍ ՀԻՆ ՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ ԵՐԿԻՐԸ». ԳԵՐՄԱՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂ
Սեպտեմբեր 18, 2018 | 17:07
Հասարակություն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ՉԳԻՏԵԻ, ԵՎ ՀԵՆՑ ԴԱ ԷՐ ՊԱՏՃԱՌԸ, ՈՐ ԵՍ ՈԻ ԸՆԿԵՐՍ ՈՐՈՇԵՑԻՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՅՍ ՀԻՆ ՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ ԵՐԿԻՐԸ». ԳԵՐՄԱՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂ
ԵՊՀ-ի դռները բաց են ոչ միայն Հայաստանի, այլև արտասահմանից Հայաստան ժամանած ուսանողների համար:
26-ամյա Սեբաստիան Կյոնիգը Հայաստան է եկել Շտուտգարդից: Գերմանիայում սովորել է տուրիզմ և ճամփորդական մենեջմենթ, իսկ այժմ փոխանակման ծրագրի շրջանակում սովորում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնում:
Սեբաստիանի և իր ամենամոտ ընկերոջ համար Հայաստանն արկածային ճամփորդություն էր, բայց ժամանակի ընթացքում այն արկածից վերածվեց հաճելի առօրյայի:
«Հայաստանի մասին նախկինում շատ բան չգիտեի, և հենց դա էր պատճառը, որ ես ու ընկերս որոշեցինք բացահայտել այս հին ու ավանդույթներով հարուստ երկիրը»,- պատմում է Կյոնիգը:
Սեբաստիանը, երբ վերջնականորեն որոշում է Հայաստան գալ, հավաքում է ճամպրուկն ու ճանապարհ ընկնում:
Նա պատմում է, որ ամեն ինչ շատ ավելի հեշտ էր իրականում, քան ինքն էր պատկերացնում: «Հայ ընկերս շատ արագ ինձ օգնեց Հայաստանում բնակարան վարձել: Այն շատ կարևոր հարց էր ինձ համար, որն այդքան հեշտությամբ լուծվեց,-պատմում է Սեբաստիանը,- իսկ Գերմանիայում այս հարցի լուծումը երկար կձգվեր: Մեզ մոտ բյուրոկրատիան շատ է: Իհարկե, դա իր լավ կողմերն էլ ունի, բայց երբեմն շատ թղթերի առկայությունը հարցի լուծումը դանդաղեցնում է, ինչը ձանձրալի է»:
Ըստ Սեբաստիանի՝ Հայաստանում մարդկանց սիրալիրությունն ու հյուրընկալությունը պարզապես աննկարագրելի են: «Ձեր երկիր այցելած առաջին իսկ օրվանից համոզվեցի, որ այստեղ ապրում են պատրաստակամ մարդիկ, որոնք միշտ պատրաստ են օգնության հասնել: Այդպիսի մարդկանցից մեկն է նաև մեր ծրագրի կոորդինատոր Գոռ Ալեքսանյանը, ով ուղղակի անթերի կատարում է իր աշխատանքը և մեզ շատ է օգնում»,- ասում է Սեբաստիանը:
Խոսելով հայ և գերմանացի ուսանողների մասին՝ Սեբաստիանն առանձնացրեց ճշտապահության գործոնը, որը Հայաստանում շատ երերուն է: «Մեր դասերը սկսվում են այն ժամանակ, երբ դասախոսը գալիս է, իսկ նա երբեմն 10 րոպե է ուշանում, երբեմն՝ կես ժամ»,- ժպիտով պատմում է Սեբաստիանը: Միաժամանակ նա նշում է նաև ֆակուլտետի ղեկավարության անաչառության և պատրաստակամության մասին.«Ամեն հարցում նրանք օգնում են մեզ. ուսուցանվող առարկաների հարմար ու ճիշտ բաշխում, տեխնիկայի տրամադրում, գործնական խորհրդատվություններ և այլն»:
Սեբաստիան Կյոնիգի համար առանձնահատուկ է նաև հագուստի թեման. «Ես նկատել եմ, որ Հայաստանում մարդիկ, հատկապես ուսանողները հագուստին առանձնահատուկ կարևորություն են տալիս: Գերմանիայում ուսանողները կարող են հաճախել դասի ջինսե շորտերով ու ամառային հողաթափերով, ինչն այստեղ, կարծում եմ, հաճախ չես տեսնի»:
Հայաստանի սննդի մասին Սեբաստիանը շատ բան չի կարող ասել. «Պետք է նշեմ, որ ես վեգան եմ, ինձ համար մի քիչ դժվար է այստեղ ուտելիք գտնելը: Հայկական խոհանոցում միս շատ են օգտագործում, և ես փորձում եմ ինձ համապատասխան ուտելիք գտնել»,- ավելացնում է Սեբաստիանը:
Անի Պողոսյան