- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Հունվար 25, 2019 | 18:23
Ուսանողական
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը և քարտուղար Արթուր Իսրայելյանը հանդիպեցին ՈՒԽ նախագահության անդամների հետ:
Հունվարի 22-ին կայացած նիստի ժամանակ Գևորգ Մուրադյանը, անդրադառնալով ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի՝ ուսանողներին հանդիպելու և նրանց հետ անմիջական շփումներ ունենալու առաջարկին, պատրաստակամություն հայտնեց պարբերաբար քննարկումներ կազմակերպելու ուսանողների հետ:
Դիմելով ֆակուլտետների ներկայացուցիչ ուսանողներին՝ Գևորգ Մուրադյանը հետաքրքրվեց առկա խնդիրներով:
Անդրադառնալով բուհերի տված գիտելիքներին՝ Գևորգ Մուրադյանը շեշտեց գիտելիքները կիրառական դաշտ բերելու անհրաժեշտությունը, քանի որ գործատուներին հիմնականում չի բավարարում միայն ակադեմիական գիտելիքը: Նա նշեց, որ այս առումով պետք է զարգացնել կրթական ծրագրերը և ուսանողներին տալ լիարժեք կիրառական գիտելիքներ:
Քննարկելով ԵՊՀ-ում ուսումնառության մատչելիությունը՝ ուսանողները տեսակետներ հնչեցրեցին գին-որակ հարաբերակցության վերաբերյալ: Կարծիքներ հնչեցին, որ եղած գնի համեմատ ստացված կրթությունն ընդհանուր առմամբ դրական է գնահատվում:
Գևորգ Մուրադյանը այս հարցի վերաբերյալ նշեց, որ ուսանողների պահանջատիրությունը լավ ձևավորված չէ, և պետք է պայքարել ոչ թե բավարար, այլ որակյալ կրթության համար:
ՈՒԽ նախագահության անդամները ներկայացրին ուսանողներին հուզող խնդիրների հիմնական մասը: Ինչպես հայտնի է, դրանց շարքում են հայալեզու գրականության պակասը, վարձավճարների ժամկետների հետ կապված խնդիրները:
Քննարկման ավարտին Գևորգ Մուրադյանը նշեց, որ իր բոլոր որոշումները լինելու են առավելագույնս օբյեկտիվ և կապ չեն ունենալու ո՛չ երեկվա, ո՛չ այսօրվա, ո՛չ վաղվա քաղաքական կողմնորոշման հետ և խոստացավ այսպիսի հանդիպումները պարբերական դարձնել:
Մարի Ռաֆյան