- Գլխավոր
- Նորություններ
- «ԳԻՐՔ ԳՐԵԼԻՍ ԿԱՐԵՎՈՐ Է ՄՏԱԾԵԼ ԴՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ՁԵՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼԱՆՔՆ Է». ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏԵԱՆ
Նոյեմբեր 06, 2019 | 17:39
Հասարակություն
«ԳԻՐՔ ԳՐԵԼԻՍ ԿԱՐԵՎՈՐ Է ՄՏԱԾԵԼ ԴՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ՁԵՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼԱՆՔՆ Է». ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏԵԱՆ
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր համալսարանում դասախոսությամբ է հանդես եկել գրող, փիլիսոփա, գրականագետ Գրիգոր Պըլտեանը:
Դասախոսության սկզբում Մշակութաբանության ամբիոնի դոցենտ Յուլիա Անտոնյանն ասաց, որ հանդիպումը մեկն է այն դասախոսություններից, որոնք պարբերաբար կազմակերպվում են ամբիոնի կողմից. «Այսօր պատիվ ունենք հյուրընկալելու Գրիգոր Պըլտեանին, որը գրականագիտական բազմաթիվ աշխատանքների հեղինակ է»:
Հանդիպման մասնակիցներին Յուլիա Անտոնյանը տեղեկացրեց, որ Գրիգոր Պըլտեանը հեղինակն է «Հայկական ֆուտուրիզմ» հայտնի աշխատության, որը գրված է արևմտահայերենով, ինչը արտառոց երևույթ է հայ գիտության մեջ. «Այն շատ հետաքրքիր է, և այսօր մենք հնարավորություն ունենք հեղինակից լսելու 20-րդ դարասկզբի գրական ուղղությունների մասին»:
Գրիգոր Պըլտեանը դասախոսության ընթացքում ասաց, որ 1900-1920-ական թթ. հայ գրականության պատմությունը լրջորեն ուսումնասիրված չէ. «Մենք մինչև այսօր, օրինակ, չունենք հայկական սիմվոլիզմի մասին աշխատություն, այնպես, ինչպես ժամանակին չունեինք հայկական ֆուտուրիզմը ներկայացնող գիրք: Ընդ որում՝ այդ ուղղություններն իրենց ժամանակի առաջատար շարժումներն էին, իսկ դրանք ներկայացուցիչները՝ առաջամարտիկներ: Այդ ուղղություններն իրենց ժամանակին կախված էին եվրոպական արվեստի, գրականության ու մշակույթի փոփոխություններից»:
Ներկայացնելով իր աշխատությունը՝ գրողը փաստեց, որ դրա վրա շատ երկար է աշխատել՝ ուսումնասիրելով արխիվային բազմաթիվ նյութեր, մամուլի արձագանքներ և հազվագյուտ հրատարակություններ. «Աշխատություն ստեղծելիս շատ կարևոր է տարբեր նյութերի ուսումնասիրությունը՝ հասկանալու ամբողջ ժամանակաշրջանը»:
«Հայկական ֆուտուրիզմ» աշխատության մեջ Գրիգոր Պըլտեանն անդրադարձել է հայկական ֆուտուրիզմի երեք կենտրոններին՝ Պոլսին, Թիֆլիսին և Երևանին: Դասախոսության ընթացքում նա ներկայացրեց, թե ինչպես է շարժումը տարածվել այդ կենտրոններում և ինչ դրսևորումներ է ունեցել:
«Գիրք գրելիս կարևոր է մտածել դրա կառուցվածքի մասին, քանի որ այն ձեր մտածողության արտացոլանքն է: Ընդհանրապես յուրաքանչյուր աշխատություն գրելիս կարևոր է վեր հանել թեմայի վերաբերյալ հարցադրումները և պատասխանել դրանց՝ ստանալով փաստերի հիման վրա ստացված ամբողջություն»,- ասաց Գրիգոր Պըլտեանը:
Դասախոսության ընթացքում նա անդրադարձավ նաև սիմվոլիզմին՝ ներկայացնելով ուղղության ակունքները և հայ գրողների ստեղծագործություններում տեղ գտած դրսևորումները՝ նշելով, որ սիմվոլիզմը միայն խորհրդանիշների կիրառմամբ չի սահմանվում:
Ի դեպ, Գրիգոր Պըլտեանը ներկաներին տեղեկացրեց, որ այժմ ուսումնասիրում է հայկական սիմվոլիզմը: Դասախոսության ավարտին նա պատասխանեց դաախոսների և ուսանողների հարցերին:
Քնար Միսակյան