- Գլխավոր
- Նորություններ
- «ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԿՍՏԵՂԾԵՆ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ՝ ԺԱՄԱՆԱԿԸ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ».ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏԵԱՆ
Հուլիս 04, 2018 | 16:55
Հասարակություն
«ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԿՍՏԵՂԾԵՆ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ՝ ԺԱՄԱՆԱԿԸ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ».ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏԵԱՆ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ գրող, փիլիսոփա, գրականագետ Գրիգոր Պըլտեանի հետ:
Գրիգոր Պըլտեանը ծնվել է 1945 թ.-ին Բեյրութում։ Նախնական կրթությունը ստացել է «Թորգոմյան» վարժարանում, ապա սովորել է «Նշան Փալանճյան» ճեմարանում, որն ավարտել է 1964 թ.-ին։ Հետագայում Գրիգոր Պըլտեանը փիլիսոփայություն է սովորել Բեյրութի «Էքօլ տէ Լէթր» հաստատությունում։ 1967-ին մեկնել է Փարիզ և փիլիսոփայություն ուսումնասիրել Սորբոնի համալսարանում։ Իսկ 1978 թ.-ին սկսել է հայոց լեզու և գրականություն դասավանդել Փարիզի արևելյան լեզուների ուսումնական հաստատությունում։
Գրիգոր Պըլտեանը շուրջ քսան տարի Լիոնի աստվածաբանական համալսարանում դասավանդել է գրաբար և մատենագիտություն ։
Հանդիպում-զրույցի ընթացքում ներկաները հյուրին ուղղեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ամենատարբեր թեմաներին՝ «աղետի» գրականությանը, գրական ճաշակին, գրաքննությանը և այլն:
Խոսելով իր հայտնի «Հայկական ֆուտուրիզմ» ուսումնասիրության մասին՝ Գրիգոր Պըլտեանն ասաց, որ գրքի ստեղծման համար իրեն ոգեշնչել է իտալացի մի գրաքննադատ, որը թեմային անդրադարձել էր ոչ թե գրքի, այլ հոդվածի միջոցով:
Գիրքը գրելու ընթացքում ամենամեծ մարտահրավերը եղել է համապատասխան նյութեր և աղբյուրներ գտնելու խնդիրը: «Մամուլի ուսումնասիրությունն այդ ժամանակ շատ կարևոր առաջադրանք էր ինձ համար,-ասաց Գրիգոր Պըլտեանը ,- որը հետագայում գրքի ստեղծման ամենակարևոր աղբյուրներից մեկը դարձավ: Ուսումնասիրությունների ընթացքում հիմանական առավելությունը տվել եմ մամուլին՝ որպես ժամանակն արտացոլող հիմնական միջոցի: Գրքերն այդ իմաստով ծպտյալ են, հատկապես սովետական պատմության ժամանակ, որոնցից շատ բան չես կարող հայթայթել»:
Անդրադառնալով «աղետի» գրականությանը և փիլիսոփայությանը՝ Գրիգոր Պըլտեանը նշեց, որ աղետը որպես քաղաքական կատեգորիա և որպես գրական թեմա բոլորովին տարբեր ձևակերպումներ ունի:
Խոսելով թեմաների ընտրության և գրական տեքստերի հաջողվածության մասին՝ Գրիգոր Պըլտեանը նշեց, որ դրանք արտացոլում են ժամանակի խնդիրները, որոնք գրական տեքստերն արժեքավոր են դարձնում: «Գրական գործերը կստեղծեն ժամանակը, այլ ոչ թե՝ ժամանակը կստեղծի գրական գործեր»,- ավելացրեց Գրիգոր Պըլտեանը:
Գրական գործերի կարևոր հատկանիշներից է նաև գեղագիտական հաճույքը, որը յուրաքանչյուր ընթերցող պետք է ստանա իր կարդացած տեքստից, այստեղ արդեն լուծվում են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ արդյո՞ք պետք է գրական տեքստը մարդկանց ճաշակին հարմարեցնել , ժարգոնային արտահայտություններ օգտագործել և այլն:
Հանդիպման վերջում ներկաները շնորհակալություն հայտնեցին հյուրին հնչեցված բոլոր հարցերին մանրամասն պատասխանելու համար: