- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ». ԵՊՀ ՈՒԽ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Օգոստոս 30, 2018 | 16:46
Ուսանողական
«ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ». ԵՊՀ ՈՒԽ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՀԱՐՑԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒԽ-ն օգոստոսի 29-31-ն իրականացնում է «Առաջինկուրսեցիների իրազեկման ծրագիրը»՝ օգնելով նոր ընդունված ուսանողներին համալսարանական կյանքը սկսել առավել իրազեկված և ինքնավստահ:
Եռօրյա իրազեկման ծրագիրը կազմակերպվել է առաջին անգամ: Մեզ հետ զրույցում ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը փաստեց, որ նախաձեռնությունն ուսանողներինն է, որոնք էլ զբաղվել են նախապատրաստական աշխատանքներով. «Նախօրոք զանգահարել ենք բոլոր առաջինկուրսեցիներին և տեղեկացրել ծրագրի մասին: Գաղափարն ծագել է միջազգային հեղինակավոր համալսարանների փորձի ուսումնասիրությունից: Հայաստանում նման ծրագիր առաջին անգամ է կազմակերպվում»:
Այսօր ծրագրին մասնակցում էին Միջազգային հարաբերությունների, Իրավագիտության, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ու Սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողները, որոնց ԵՊՀ ՈՒԽ նախագահը խորհուրդ տվեց առավելագույնս հագեցած ուսանողական կյանք անցկացնել, լինել նախաձեռնող և ավելի համարձակ:
Առաջինկուրսեցիների իրազեկման միջոցառումը բաղկացած է երկու մասից: Առաջին հատվածում ԵՊՀ ՈՒԽ փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանն առաջինկուրսեցիներին ներկայացրեց և բացատրեց, թե ինչ է կրեդիտային համակարգը, ինչպես է կազմակերպվում ուսումնական գործընթացը, ինչ կառուցվածք և բովանդակություն ունի բակալավրի ուսումնական ծրագիրը և խոսեց ուսումնական գործընթացին առնչվող մի քանի կարևոր հարցերի մասին:
«Կրեդիտային համակարգն առավել լավ պատկերացնելու համար պետք է իմանանք, որ այն Բոլոնիայի հռչակագրի հիմնական դրույթներից մեկն է: Այդ հռչակագրի շնորհիվ ստեղծվել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածք, որին միացել է նաև Հայաստանը: Կրեդիտային համակարգն արտահայտում է մեկ ուսումնական տարում ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածությունը: Այն նախատեսված է Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում ուսանողների կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ տեղափոխումը դյուրին դարձնելու համար»,- պարզաբանեց Դավիթ Մաթևոսյանը:
Նրա մեկնաբանմամբ, կրեդիտային համակարգի հիմնական գործառույթներն են կրեդիտների փոխանցումը և կրեդիտների կուտակումը. «Առաջինն օգնում է բուհից բուհ տեղափոխվելու, փոխանակման ծրագրերին մասնակցելու համար, իսկ երկրորդ հիմնական գործառույթն ավարտական դիպլոմ ստանալու համար է: Այսինքն՝ դուք պետք է որոշակի թվով կրեդիտներ հավաքեք, կուտակեք դիպլոմ ստանալու համար»:
ՈՒԽ փոխնախագահը, ուսանողներին ներկայացնելով ուսումնական գործընթացի կազմակերպումը, ասաց, որ մեկ կիսամյակը բաղկացած է 20 շաբաթից. «8 շաբաթ տրվում է լսարանային պարապմունքներին, 1 շաբաթ տրվում է ընթացիկ քննություններին, որից հետո ևս 7 շաբաթ տրամադրվում է լսարանային պարապմունքներին, ապա նորից մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվում են ընթացիկ քննությունները, որոնցից հետո արդեն 3 շաբաթ տրամադրվում է եզրափակիչ քննությունների անցկացմանը»:
Դավիթ Մաթևոսյանը ներկայացրեց գիտելիքների մատուցման եղանակները՝ պարզաբանելով, թե ինչ են դասախոսությունը, գործնական և լաբորատոր աշխատանքները և սեմինարը, ապա բացատրեց նաև գիտելիքների ստուգման և գնահատման եղանակները.
«Յուրաքանչյուր կիսամյակում ուսանողն ունենում է ընթացիկ քննություններ եզրափակիչ գնահատմամբ և առանց եզրափակիչ գնահատման դասընթացներից: Առաջինի դեպքում ուսանողները հանձնում են երկու ընթացիկ քննություններ և մեկ քննություն կիսամյակի ավարտին՝ ընթացիկներից յուրաքանչյուրից հավաքելով առավելագույնը 5 միավոր, իսկ եզրափակիչ քննության ժամանակ՝ 10 միավոր: Առանց եզրափակիչ գնահատման քննության դեպքում ուսանողները հանձնում են երկու ընթացիկ քննություն՝ յուրաքանչյուրից հավաքելով առավելագույնը 10 միավոր: Կան առարկաներ, որոնց ստուգման համար ուսանողները հանձնում են միանգամից եզրափակիչ քննություն՝ գնահատվելով առավելագույնը 20 միավոր, իսկ կան առարկաներ, որոնց դեպքում ուսանողը հանձնում է ստուգարք: Այն չի գնահատվում»:
Դավիթ Մաթևոսյանն առաջինկուրսեցիներին բացատրեց, թե ինչ է ակադեմիական տեղեկագիրը, ով է կուրատորը, որ դեպքերում են պետք գալիս ուսանողական տոմսն ու ստուգման գրքույկը:
Այնուհետև ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Սողոյանը խոսեց ԵՊՀ գրադարանի մասին, բացատրեց օգտվելու կարգը և եղանակները՝ խորհուրդ տալով անպայման օգտվել, շատ կարդալ և պահանջատեր լինել, որ գրադարանը մշտապես թարմացվի նոր գրականությամբ:
Տաթևիկն ուսանողներին մանրամասնորեն ծանոթացրեց ուսանողական նպաստներից և կրթաթոշակներից օգտվելու կարգին և եղանակին, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:
Իրավական հանձնաժողովի նախագահն ուսանողներին խորհուրդ տվեց հաճախ այցելել նաև հետևյալ կայքեր, որտեղից կարող են օգտակար տեղեկություններ ստանալ՝ 1course.ysu.am, ysu.am, lib.ysu.am:
Միջոցառման երկրորդ հատվածում բարձր կուրսերի ուսանողներն արդեն առաջինկուրսեցիներին ուղեկցեցին դեպի իրենց ֆակուլտետներ, որտեղ իրականցրին շրջայց, ծանոթացրին ֆակուլտետի առանձնահատկություններին, ուսումնական ծրագրին և ներկայացրին ուսանողների իրավունքներին և պարտականություններին:
Մեզ հետ զրույցում ԻԿՄ ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Շուշանիկ Ղազարյանը պատմեց, որ այսօր համալսարան է եկել հուզված, բայց և ապագայի հանդեպ մեծ ակնկալիքով. «Ոգևորված, հուզված ու անհամբեր եմ, չնայած հուզմունքն ինձ հետ կիսում է ընկերուհիս: Մենք միասին ավարտել ենք դպրոցն ու ընդունվել ԵՊՀ»,- պատմում է Շուշանիկը:
Գրիշա Վարդանյանը ևս Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող է: Նա կարծում է, որ «Առաջինկուրսեցիների իրազեկման ծրագիրը» լավագույն օգնությունն էր իրենց. դրա շնորհիվ իրենք դարձան իրազեկված ու տեղեկացված:
Նրա խոսքով, այժմյան լարվածությունը ժամանակավոր է. «Մի փոքր լարված եմ, բայց գիտեմ՝ մի քանի օրից լարվածություն չի լինելու»,- հավաստիացրեց նա:
Հիշեցնենք, որ վաղը՝ ժամը 11-ին, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում իրազեկման ծրագիրը կանցկացվի Պատմության, Տնտեսագիտության և կառավարման, Աստվածաբանության, Հայ բանասիրության, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների և Մանկավարժության և կրթության զարգացում կենտրոնի առաջինկուրսեցիների համար:
Քնար Միսակյան
Անգին Խաչատրյան