- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԻՆՉԵՎ ՈՒՇ ԳԻՇԵՐ ՄԵՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ». ԵՊՀ ՖԻԶԻԿԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Սեպտեմբեր 13, 2018 | 11:51
Գիտություն
«ՄԻՆՉԵՎ ՈՒՇ ԳԻՇԵՐ ՄԵՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ». ԵՊՀ ՖԻԶԻԿԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց մեծանում է հետաքրքրությունը դրանց նկատմամբ։ Աշակերտների ու ուսանողների շրջանում ավելանում է բնագիտական ոլորտն ուսումնասիրելու ցանկությունը։
ԵՊՀ ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնում գործում են հետևյալ ՝ Էլեկտրոնային համակարգերի մշակման, Կիսահաղորդիչների ֆիզիկայի ու տեխնոլոգիաների և Միկրոալիքային ֆոտոնիկայի լաբորատորիաները:
Լաբորատորիայի ստեղծման, այնտեղ հաճախող մարդկանց մասին զրուցեցինք ԵՊՀ ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վազգեն Գաբրիելյանի հետ:
- Ե՞րբ ու ի՞նչ նպատակով է հիմնադրվել լաբորատորիան։
- Լաբորատորիան հիմնադրվել է երկու տարի առաջ՝ 2016 թվականին։ Լաբորատորիայի ստեղծման գլխավոր նպատակը երիտասարդ գիտնականներին իրենց գաղափարներն իրականացնելու հնարավորություն ընձեռելն է։ Փաստորեն, ստեղծվեց նորագույն սարքավորումներով զինված մի կենտրոն, որը հնարավորություն է տալիս իրականացնելու նոր գաղափարներ։
Մենք ունենք սարքավորումներ, որոնք թույլ են տալիս աշխատել և՛ էլեկտրոնիկայի, և՛ մեխանիկայի հետ: Լաբորատորիայում ստեղծվում են տարբեր սարքեր, և այդ սարքերի հիմքում ընկած են էլեկտրոնիկայի, մեխանիկայի և ծրագրավորման բաղադրիչները: Որպես օրինակ, ստեղծվել է մի սարք, որը, ճանաչելով հատուկ պատկերներ, կատարում է համապատասխան ծրագրավորված գործողություններ:
- Ինչպիսի՞ համագործակցություններ կան կրթական ոլորտում։
- Այս տարիներին տարբեր համագործակցություններ են եղել թե՛ ավագ դպրոցների՝ Ֆիզմաթ, «Այբ», «Քվանտ» վարժարանի, թե՛ համալսարանների՝ Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ։ Ավագ դպրոցների աշակերտներն այստեղ պատրաստել են իրենց գաղափարների նախատիպերը։ Եթե ինչ-որ թիմ կամ անհատ ունի գաղափարներ, որոնց իրագործման համար անհրաժեշտ են սարքավորումներ, նյութեր, մասնագիտական կոնսուլտացիա, ապա մենք միշտ պատրաստ ենք համագործակցելու: Բացի կրթական ոլորտից՝ կան նաև միջազգային համագործակցություններ, որոնք հիմնականում տեսական են լինում:
- Ի՞նչն է ամենաշատը հետաքրքրում աշակերտներին։
- Ֆիզիկան և ծրագրավորումը։
- Որևէ օրինաչափություն նկատե՞լ եք, որ լաբորատորիային ծանոթ աշակերտները հետագայում դառնան ԵՊՀ ուսանող։
- Այո, իհարկե, կան նման դեպքեր։ Լաբորատորիայի առաջին տարին մի փոքր պասիվ էր, աշակերտները գալիս էին, սակայն ներգրավվածությունը երկար չէր տևում՝ կապված այն բանի հետ, որ այստեղ բաց ձևաչափն է գործում և խրախուսվում է ինքնուրույնությունը։ Այստեղ գալիս են կոնկրետ աշխատանքներ կատարելու համար։ Այն մարդիկ, ովքեր կարողացան կոտրել տնային աշխատանքի հանձնարարում-ստուգում կարծրատիպը, ովքեր հասկացան, որ սա ինքնուրույն մարդկանց աճելու տեղ է, սկսեցին օր ու գիշեր անցկացնել լաբորատորիայում։ Այսօր էլ ունենք ուսանողներ, ովքեր արդեն ԵՊՀ-ում են սովորում, բայց լաբորատորիա են հաճախել դպրոցական տարիներից։ Ունենք նաև այլ բուհերից լաբորատորիա հաճախողներ։
- Ի՞նչ սկզբունքով է հնարավոր գալ լաբորատորիա։
- Մենք քննարկում ենք գաղափարները, եթե պետք է ուղղակի խորհրդատվություն, մենք այն կատարում ենք։ Իսկ սարքավորումների ու նյութերի կարիք ունեցող մարդիկ կարող են գալ և աշխատել լաբորատորիայում, իսկ նրանք, ովքեր կարծում են, որ չունեն բավարար գիտելիքներ, նրանց նախագծերը մենք վերցնում ենք որպես ընթացիկ նախագիծ և փորձում հնարավորինս օգտակար լինել։
- Ի՞նչ համագործակցություններ կցանկանայիք տեսնել հետագայում։
- Մեր գործունեության շրջանակում են պետական նշանակություն ունեցող խնդիրները՝ գյուղատնտեսության ոլորտ, վերահսկողության ծրագրեր և այլն: Այս առումով մեծ է պետության հետ համագործակցելու ցանկությունը։
Մարի Ռաֆյան