- Գլխավոր
- Նորություններ
- «ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈՒՆԻ ՄԵՋ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՄԻՇՏ ՄՆՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ». ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սեպտեմբեր 24, 2018 | 17:50
Կրթություն
Գիտություն
«ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈՒՆԻ ՄԵՋ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՄԻՇՏ ՄՆՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ». ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Հովիկ Գրիգորյանի ներկայացրած «Դավիթ Անանունի կյանքը և պատմագիտական ժառանգությունը» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
«ysu.am»-ի այն հարցին, թե ինչով էր պայմանավորված թեմայի ընտրությունը, Հ. Գրիգորյանը պատասխանում է. «Դավիթ Անանունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին տասնամյակների ամենահայտնի հրապարակախոսներից, պատմաբաններից, կուսակցական ու քաղաքական գործիչներից մեկն է: Մարդ, ով հանիրավի մնացելի է մոռացության մեջ»:
Հարցազրույցի հենց սկզբում, նա պարզաբանում է, թե ով է Դավիթ Անանունը և՛ որպես մարդ, և՛ որպես անհատ. «Եղել է հայ իրականության մեջ գոյություն ունեցած ազգային կուսակցություններից մեկի՝ Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության կամ սպեցիֆիկների կուսակցության գաղափարախոսը: Սա մի կուսակցություն է, որի շարքերում ժամանակին եղել են Խորհրդային Հայաստանի 1920-ական թվակաների ղեկավար գործիչներից մի քանիսը (որը շատ քչերին է հայտնի)՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Սարգիս Լուկաշին, Սաքո Համբարձումյան և այլոք: Նրա կուսակցությունը Սոցիալ-դեմոկրատական մարքսիստական կուսակցությունն էր, սակայն ուներ ազգային նկարագիր և շատ կարևորվում էր ազգային խնդիրներ»:
«Դավիթ Անանունը եղել է պատմաբան,- նշում է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտը,- ով թողել է ֆունդամենտալ մի եռահատոր աշխատություն՝ «Ռուսահայերի հասարակական զարգացումը 19-րդ դարում», բայց աշխատության երրորդ հատորը, որը շատ մեծ աղմուկ բարձրացրեց, վերաբերում է պարզապես 20-րդ դարի առաջին երկու տասնամյակներին: Այն տպագրվել է Վենետիկում, երբ Դավիթ Անանունն ապրում էրԵրևանում և Երևանի հեղափոխության թանգարանի տնօրենն էր: Հենց այս գիրքը նաև նրա քաղաքական հալածանքների պատճառ դարձավ . նա դատապարտվեց ու հետագայում՝ 1926 մինչ 1942 թվականը՝մինչ մահ, եղավ հալածյալի կարգավիճակում՝ տեղից տեղ աքսորվեց ու տեղից տեղ փոխադրվեց»:
Պարոն Գրիգորյանի պնդմամբ, Դավիթ Անանունն ինքնատիպ մտածող անհատ էր: Նրա կարծիքով՝ այս գիտնականի աշխատության երրորդ հատորը պատմագիտության մեջ ստեղծված լավագույն գործերից մեկն է:
«Այսօր էլ այն իր մտքերով, իր հարցադրումներով թարմ է: Այս մարդը գրեթե միշտ եղել է քաղաքական պայքարի մեջ, բանավիճել է և՛դաշնակցության, և՛ կոմունիստական գաղափարախոսության ներկայացուցիչների հետ, մասնավորապես Ստեփան Շահումյանի հետ, ինչի պատճառով միշտ հալածված է եղել»,- ավելացնում է Հ. Գրիգորյանը:
Գիտական թեմայի ղեկավարը հարկ է համարում նշել, որ անկախ այս ամենից դաշնակցական որոշ հեղինակներ ընդունում էին նրա ինտելեկտուալ լինելը, նրա մտքի ճկունությունը. քննադատելով հանդերձ՝ հարգում էին նրան՝ որպես պատմաբանի, հրապարակախոսի, մտածողի:
ԵՊՀ դոցենտն ասում է, որ իրենց խնդիրները բազմաբովանդակ են, և այս թեմային գիտական թիմը նայել է մի քանի ասպեկտներով. «Դավիթ Անանունը՝ որպես պատմաբան, քանի որ մինչ օրս էլ դեռ կան անտիպ գործեր, որոնք արխիվային վիճակում են, հետո՝ որպես հրապարակախոս: Նա շատ ակտիվ թղթակցել է Երևանում և Թիֆլիսում լույս տեսնող պարբերական մամուլին: Տասնյակ թերթերում Անանունը տպագրել է բազմաթիվ հոդվածներ տարաբնույթ հարցերի վերաբերյալ, տարբեր մարդկանց մասին: Չմոռանանք, որ նա նաև 20-30-ական թվականների բռնադատվածների «դասական» օրինակներից մեկն է: Անանունի թեման քննելը մեկ անգամ ևս հնարավորություն կտա լույս սփռելու մեր պատմության այդ ծանր տասնամյակների վրա»,- պարզաբանում է Հ. Գրիգորյանը:
Գիտական այս թեմայի խմբի ղեկավարը Հովիկ Գրիգորյանն է: Խմբի անդամները երիտասարդ են: «Դավիթ Անանունի կյանքը և պատմագիտական ժառանգությունը» գիտական թեմայի անդամներն են պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահագն Հակոբյանը, ով գերազանց տիրապետում է նյութին, պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ Հայկ Մխոյանն և պատմական գիտությունների թեկնածու Լիանա Մամյանը:
Այն հարցին, թե որն է թեմայի նպատակը, Գրիգորյանը պատասխանում է. «Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ հասարակությունը իմանա՝ ով է Դավիթ Անանունը, որովհետև նա արժանի է, ինչպես նաև արժանի է լինել մեր պատմագիտության մեծ գործիչների կողքին: Նրա մոռացված լինելը պայմանավորված է ոչ թե նրա վատ պատմաբան լինելով, այլ պատճառն այն է, որ եղել է ակտիվ քաղաքական, կուսակցական գործիչ, ում խոսքը հաճախ հաճելի չի եղել գործող իշխանություններին»:
ԵՊՀ պրոֆեսորի խոսքով, Դավիթ Անանունի ողջ ժառանգությունը պետք է ներկայացնել հանրությանը և դրանով, իսկապես, հարգանքի տուրք մատուցել այդ մտածողին, այդ անհատին, ով, դժբախտաբար, մնացել է մոռացության մեջ:
Մարինե Առաքելյան