- Գլխավոր
- Նորություններ
- ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՂ, ԲԵՐՔԱՀԱՎԱՔ, ԿԻԹԱՌ, ԱՇԽԱՏԱՆՔ, ԻՆՔՆՈՒՍՈՒՑՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հունիս 12, 2018 | 15:00
Ուսանողական
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՂ, ԲԵՐՔԱՀԱՎԱՔ, ԿԻԹԱՌ, ԱՇԽԱՏԱՆՔ, ԻՆՔՆՈՒՍՈՒՑՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այս տարի ԵՊՀ-ում քննական շրջանն ավարտվում է հունիսի վերջին: Հուլիսի սկզբից սկսվում է ուսանողների ամառային արձակուրդը: Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես են կազմակերպելու ամառային հանգիստը ԵՊՀ ուսանողները:
Ելենա Հակոբյանը Արմավիրի մարզի Հայկավան գյուղից է, սովորում է Ֆիզիկայի ֆակուլտետում: Հայրը աշխատում է գյուղապետարանում, իսկ մայրը տնային տնտեսուհի է, ամռանը զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ: Ելենան պատմում է, որ սպասում է քննությունների ավարտին, որպեսզի գնա գյուղ և վայելի հանգիստը: «Զբաղվելու եմ ընթերցանությամբ և ֆիլմեր դիտելով, դե իսկ հետո ընտանիքով գնալու ենք հանգստանալու»: Ելենան մտադիր է այս ամռանն անհատական պարապել երեխաների հետ: «Երեխաների հետ պարապելը մանկավարժության առաջին փորձը կլինի , պրակտիկայի նման մի բան, ես ավելի եմ ամրապնդելու գիտելիքներս, կարծում եմ՝ սա գումար աշխատելու հարմար տարբերակ է»:
Նարեկ Խլոյանն Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող է և ամռանը զորակոչվելու է բանակ: «Այս տարի բանակում կկազմակերպեմ ամառային հանգիստը»,- կատակում է նա: Ըստ Նարեկի ՝ ինքը լիովին պատրաստ է բանակ զորակոչվելուն:
Աննա Սիմոնյանը ևս սովորում է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում և պատրաստվում է այս ամռանը մեկնել Գերմանիա: «Սպասում եմ քննությունների ավարտին, որ մեկնեմ Գերմանիա, հավանաբար վերադառնալուց հետո ուսումնասիրելու եմ ծրագրավորմանն անհրաժեշտ օտար լեզու»,- հավելում է Աննան:
Օվսաննա Իսրայելյանն ավարտել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը և շարունակելու է կրթությունը մագիստրատուրայում: Նա ոգևորությամբ պատմում է, որ մասնագիտության ընտրությունը «ժառանգել է» հայրական տատից և պապից, ովքեր եղել են մանկավարժներ։ «Ես էլ տատիկիս մասնագիտությունն եմ ընտրել, գրականության հանդեպ սերն էլ իրենցից եմ ստացել։ Պապս ինձ «Սասնա ծռերն» էր պատմում, ու ես անկեղծորեն հավատում էի ամեն ինչին։ Սպասում էի, թե երբ պիտի ցորենը մասուրի չափ դառնա, իսկ գարին՝ ընկույզի։ Հավատում էի ու մեկ֊-մեկ էլ՝ ստուգում»:
Օվսաննան ամեն տարի ամառային արձակուրդն անցկացնում է հայրենի գյուղում՝ Հաղպատում: «Մեր ձորը շատ եմ սիրում, որովհետև այնտեղի ժողովուրդը ուրիշ է։ Կյանքս չեմ պատկերացնում մեր ձորից դուրս»: Նա իր ապագան միայն գյուղում է տեսնում: «Միշտ ասում եմ, որ մեր գյուղը մայրիկիցս շատ եմ սիրում։ Առաջին հայացքից շատ տարօրինակ է թվում, բայց ինձ համար օրինաչափ է, որովհետև գյուղի մեջ ամեն ինչ կա, առաջին հերթին կա մեր տունը ,և ինձ այնտեղ սպասող մայրս:Միշտ մտածում եմ, որ եթե ես լավն եմ, ուրեմն առաջին հերթին իմ գյուղին, իմ ձորին եմ պետք։ Ո՞վ է որոշել, որ լավերը Երևանում են մնալու։ Իսկ եթե վատն եմ, էլի պիտի վերադառնամ, որովհետև մայրական արգանդում ապահով է։ Իմ գյուղով, իմ շրջանով հպարտանում եմ, մեկ-֊մեկ էլ՝ գոռոզանում»:
Արմինե Եփրեմյանը ևս ավարտել է Հայ բանասիրության ֆակուլտետը և կրթությունը շարունակելու է մագիստրատուրայում: Նա ապրում է Արարատի մարզի Խաչփառ գյուղում: Արմինեն պատմում է, որ անհամբերությամբ է սպասում ամռանը, քանի որ միայն այս ընթացքում է հասցնում սիրելի գործերով զբաղվել: «Այն, ինչ չեմ հասցնում անել դասերի ընթացքում, ամռանն անպայման անում եմ: Այս ընթացքում եմ կարողանում եմ կարոտս առնել վրձիններից ու գունապնակից, և իհարկե, իմ ամենալավ ընկերոջից` կիթառից:
Դե չեմ մոռանում նաև գրքեր կարդալ: Ինձ համար կարևորը այնպիսի զբաղմունք գտնելն է, որ օրս դրանով հագեցած լինի, չձանձրանամ ու իսկապես կարողանամ հանգստանալ»: Նա ոգևորությամբ հավելում է ՝ ամառային արձակուրդների ամենասիրելի պահը բերքահավաքին մասնակցելն է: «Սիրով մասնակցում եմ մեր այգու աշխատանքներին, հոգեպես հանգստանում եմ նման գործերից և ամենաշատը սիրում եմ բերքահավաքի շրջանը, հատկապես երբ հերթը դեղձինն է»:
Վերգինե Թադևոսյանը Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի է: Նա պատրաստվում է այս ամռանը զբաղվել միջազգային ծրագրերով: «Վրաստանում զբաղվելու եմ երիտասարդական ծրագրով, կազմակերպելու ենք տոնախմբություններ»:
Տիգրան Արզոյանը Երևանից է, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող: Նա նշում է, որ ամառային արձակուրդներին առաջին քայլը լինելու է օտար լեզու սովորելը: «Սովորելու եմ գերմաներեն և պարտադիր մեկնելու եմ հանգստանալու, ինձ թվում է ՝ամառը հենց դրա համար է»,- հավելում է նա:
Անգին Խաչատրյան