- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ
Սեպտեմբեր 25, 2018 | 14:31
Հասարակություն
«ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր «Ինչպե՞ս գրել գիտական հոդված» խորագրով սեմինար, որի բանախոսն էր Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, քաղ. գիտ. թեկնածու Նարեկ Գալստյանը:
Սեմինարի ընթացքում Նարեկ Գալստյանն ուսանողներին ներկայացրեց, թե ինչ է գիտական հոդվածը, որոնք են դրա տեսակները, ինչ կառուցվածքային մասերից է բաղկացած այն, ինչպես նաև հոդվածի գիտականության պահանջները, նախապատրաստական քայլերը և ստուգիչ հարցերը:
Մեզ հետ զրույցում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մելինե Պետրոսյանն ասաց, որ սեմինարը կազմակերպվել է հատկապես այն ուսանողների համար, որոնք պատրաստվում են գիտական գործունեություն ծավալել. «Հուսով եմ, որ այսօրվա դասընթացը կօգնի յուրացնել գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունները»:
Խոսելով գիտական հոդվածի սահմանման մասին՝ Նարեկ Գալստյանն ասաց, որ այն հրապարակախոսության տեսակ է, որը ենթադրում է որևէ նեղ թեմայով իրականացված գիտական փոքրածավալ հետազոտություն և դրա արդյունքների համառոտ շարադրանք. «Գիտական հոդվածը գիտական մեթոդի կիրառմամբ գիտական որևէ կոնկրետ խնդրի գիտական ավարտուն հետազոտություն է»:
Նարեկ Գալստյանն ուսանողներին ասաց, որ գիտական հոդվածը պետք է ունենա հստակ կառուցվածք, այն պետք է լինի ինքնուրույն վերլուծություն, դրա արդյունքները պետք է պարունակեն նորություն, լինեն ստուգելի և կիրառելի հետագա ուսումնասիրությունների համար:
«Գիտական հոդվածը պետք է շարադրված լինի գիտական բառապաշարով, մտքերը և պնդումները պետք է լինեն փաստարկված և հիմնավորված: Հոդվածի տեխնիկական ձևավորումը պետք է լինի անթերի և ակնահաճո, ինչպես նաև պետք է պարունակի օգտագործված աղբյուրների ճշգրիտ հղումներ և ցանկ»,- փաստեց Նարեկ Գալստյանը:
Անդրադառնալով հոդվածը նախապատրաստելու քայլերին՝ բանախոսը ասաց, որ նախևառաջ պետք է ծանոթանալ ամսագրի, ժողովածուի պահանջներին, սահմանել հոդվածը նախապատրաստելու ժամանակացույց, հստակեցնել թեման, նպատակը և խնդիրները, կազմել հոդվածի նախնական կառուցվածքը, այնուհետև համալրել, զտել և դասակարգել քննարկվող խնդիրների համար անհրաժեշտ գրականությունը, ընթերցել և մշակել հավաքած գրականությունը, ապա սկսել շարադրել հոդվածը:
Նարեկ Գալստյանը սեմինարի ընթացքում մանրամասնորեն անդրադարձավ նաև գիտական հոդվածի կառուցվածքին և պատասխանեց ուսանողների հարցերին:
Քնար Միսակյան