- Գլխավոր
- Նորություններ
- «IEEE» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հոկտեմբեր 09, 2019 | 17:34
Հասարակություն
«IEEE» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«IEEE» կազմակերպության ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանին, որից հետո ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն:
«IEEE»-ն աշխարհի ամենամեծ ինժեներական պրոֆեսիոնալ կազմակերպությունն է էլեկտրոնիկայի և համակարգչային ոլորտում՝ բաղկացած ավելի քան 421.000 անդամներից, որոնք 160 երկրներում իրականացնում են իրենց մասնագիտական գործունեությունը:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը, «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ-ի նախագահ Երվանդ Զորյանը, «IEEE» CS-ի տնօրեն, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սիսիլիա Մետրան:
Ներկայացնելով «IEEE» կազմակերպության գործունեությունը՝ Սիսիլիա Մետրան նշեց, որ «IEEE» կազմակերպությունն առաջատար է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են համակարգչային տեխնիկան, էլեկտրական էներգիան, օդատիեզերական և սպառողական էլեկտրոնիկան, կենսաբժշկական տեխնոլոգիաները և հեռահաղորդակցությունը:
«Մենք ամեն տարի անցկացնում ենք ավելի քան 1600 գիտաժողով աշխարհի տարբեր երկրներում: Ունենք 500-ից ավելի մասնաճյուղ աշխարհի 168 երկրներում և ուրախ ենք տաղեկացնելու, որ համակարգչային հանրության մասնաճյուղ ունենք նաև այստեղ՝ Հայաստանում»,- նշեց պրոֆեսոր Սիսիլիա Մետրան:
Մեզ հետ զրույցում «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ-ի նախագահ Երվանդ Զորյանը նշեց, որ թեև Հայաստանում մինչ այս «IEEE»-ի մասնաճյուղ չի եղել, բայց այս բնագավառում գործունեությունը տարիներ ի վեր ծավալվել է:
Հարկ է նշել, որ մինչ հիմա ամենամոտ մասնաճյուղերը գտնվում էին Ռուսաստանում և Թուրքիայում:
Մասնաճյուղի բացման գործում կատարած աշխատանքի համար հավաստագրով պարգևատրվեց ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կազմակերպման գործում ներդրում ունենալու համար հավաստագրերով պարգևատրվեցին «Յունիքոմփ» ընկերության նախագահ Արմեն Բալդրյանը և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը:
Հանդիպման երկրորդ հատվածում Սիսիլիա Մետրան հանդես եկավ «Reliability and safety challenges in IOT era» («Հուսալիության և ապահովության մարտահրավերներն իրերի համացանցի ժամանակաշրջանում») թեմայով դասախոսությամբ:
Անի Պողոսյան