- Գլխավոր
- Նորություններ
- ԳԱՀ՝ ԳԵՅՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԽԵԼԱՑԻ ՏՈՒՆ. «IFA 2018»-Ի ԱՄԵՆԱՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՈՒ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ
Սեպտեմբեր 13, 2018 | 17:13
Գիտություն
Հասարակություն
ԳԱՀ՝ ԳԵՅՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԽԵԼԱՑԻ ՏՈՒՆ. «IFA 2018»-Ի ԱՄԵՆԱՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՈՒ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ
Սեպտեմբերի սկզբին Բեռլինում անցկացվեց սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդես, որն աշխարհին ցույց տվեց ժամանակի պահանջներին համապատասխան սարքավորումներ:
«IFA 2018»-ը, որը արտադրաշուկա է դուրս եկել 1924 թվականին, համարվում է տեխնոլոգիական աշխարհի ամենահին ցուցահանդեսը: Ամեն տարի այս ցուցադրությանը մասնակցում են 1800-1900 գործարաններ իրենց արտադրանքներով, իսկ հյուրընկալվում է ավելի քան 25 հազար մարդ: Բացի Apple-ից, որը բացարձակապես անտեսում է տեխնոլոգիական ցուցահանդեսները, Բեռլին են եկել բոլոր տեխնոլոգիական հսկաները՝ Google, Amazon, Samsung, Huawei, LG, Sony, Lenovo, Bosch և այլն: Երբ մի տեղում հավաքվում են նման ընկերություններ, որոնց արտադրանքը մենք օգտագործում ենք ամեն օր, պետք է սպասել խելահեղ մի բանի:
«Խելացի տուն», որը դեռ այնքան էլ խելացի չէ.
«IFA 2018»-ի գլխավոր ցուցանմուշները, անկասկած, Google Assistant, Alexa, Bixby ձայնային օգնականներն էին: Նրանք առաջին հերթին օգտագործվում էին «խելացի տուն» ստեղծելու համար: Նոր սերնդի ամբողջ էլեկտրատեխնիկան միացված է համացանցին, և դրանց 50-60 տոկոսը կառավարվում է ձայնային հրահանգներով, որոնք ներդրված են հիմնականում սմարթֆոնների մեջ: Արդենիսկ պարզ է, որ շատ մոտ ապագայում ամբողջ էլեկտրոնիկան, կենցաղային տեխնիկան և «խելացի տան» մնացած համակարգերը (դռների փականներ, ջեռուցում, լուսավորում, էլեկտրական թեյնիկ) կսկսեն համագործակցել Google Assistant, Alexa կամ Siri ձայնային օգնականների հետ: Սա դեռևս այնքան էլ ապահով չի թվում: Եվ խնդիրն այն չէ, որ ֆանտաստիկ ֆիլմերի սցենարով՝ խելացի տեխնիկան կգրավի աշխարհը: Բան նայն է, որ ձայնային օգնականներով աշխատող խելացի տունը, երբեմն չի ենթարկվում հրամաններին, որովհետև չի հասկանում դրանք: Հասնել այն բանին, որ ձայնարկչի հրահանգով միացվի քո ուզած երաժշտությունը կամ քո նախընտրած ֆիլմը, դեռ բավական բարդ է, ուր մնաց մտածել փակվող-բացվող դռների կամ հեռակառավարմամբ միացվող գազօջախի մասին: Սա է պատճառը, որ շատ օգտատեր դեր ռիսկի չեն դիմում այս նորարարությունը գնելու համար:
Շատ գեղեցիկ, բայց շատ անօգուտ.
Շատ խելացի ու տաղանդավոր ինժեներներ, անտեսելով ժամանակակից նորաձև պահանջները, ազատություն են տվել իրենց երևակայությանը ու Բեռլին են բերել հետաքրքիր ու մի քիչ էլ խելահեղ սարքավորումներ:
Այս գեյմերական գահը, որի բարձրությունը 1,5մետր է, իսկ քաշը՝ 220 կիլոգրամ, ավտոմատացված համակարգ է: Որպեսզի խաղացողը կարողանա տեղավորվել գահի վրա սարքավորման դիմային հատվածը, որին ամրացված է երեք հատ 27 դյույմանոց էկրան և ստեղնաշարն ու մկնիկը դնելու համար նախատեսված հարթակ, շարժվում է կողք ու վերև, փակվում՝ նստելուց հետո: Բացի այս՝ գահն ունի իր բազկաթոռին ներկառուցված վիբրոշարժ, որն իսկական ցնցում է ապահովում խաղի մեջ անհարթ ճանապարհների վրայով գնալու կամ պայթյունների ժամանակ:
Ճկուն «OLED» էկրաններ ստեղծելու վրա մասնագիտացված «Royole» ընկերությունից այս տարի սպասում էին ճկվող էկրանով սմարթֆոն, սակայն սպասելիքները չարդարացվեցին: Այս տարի «Royole» ընկերության տղաները բերել էին «OLED» էկրաններով գլխարկներ ու կանացի պայուսակներ: Աքսեսուարները միացվում են սմարթֆոնին Bluetooth-ի օգնությամբ ու գլխարկի կամ պայուսակի էկրանի վրա պատկերում են նախընտրած վիդեոն կամ ֆոտոպատկերը: Առաջին հայացքից սա ոչ այնքան պետքական առաջարկ է թվում, բայց ուշադրության պակաս «Royole» ընկերության ներկայացուցիչները հաստատ չեն ունենում:
«E-Ink »-ի թեմնան այս ցուցադրության սահմաններում շատ ակտուալ էր: «Lenovo» ընկերությունն այս անգամ ներկայացավ 10,8 դյույմանոց նոթբուք-տրանսֆորմեր, որը չուներ ստեղնաշար: Ստեղնաշարի դեր կատարում էր «E-Ink» էկրանը, որը տեղադրված էր ստեղնաշարի սովորական տեղում: Դրա վրա գրել կարելի է էլեկտրոնային փետուրով: Սարքավորումը դրական ընդունվեց և մեծ ուշադրության արժանացավ, սակայն էրգոնոմիկայի տեսանկյունից բազմաթիվ գիտական վեճերի առիթ դարձավ: Բացի այդ՝ նոթբուքի նորարարական ֆունկցիաներից մեկն էլ այն էր, որ այն բացվում էր՝ թակելով էկրանի արտաքին մասին: Թե որն էր դրա իմաստը, հյուրերի համար անհասկանալի մնաց:
«IFA»-ի ժամանակ ներկայացված ամենայուրօրինակ արտադրանքներից մեկն էլ CLOiSuitBot-ն էր: Սա հենարան-ռոբոտ է, որը բեռնման և բեռնաթափման աշխատանքների ժամանակ կարող է օգտագործվել մեջքին և ոտքերին բաժին ընկնող ծանրությունը նվազեցնելու համար: Թե ինչքանով այս օգնականն օգտակար կլինի, պարզ չէ, քանի որ ներկայացվել է միայն դրա նախատիպը, իսկ օգտագործման ցուցադրությունը բացակայում էր:
Իսկ, օրինակ, «Panasonic» ընկերությունը ցուցադրեց ռոբոտ-սառանարան, որը տիրոջ կանչով կարող է մոտենալ նրան: Այս կերպ, սիրելի հեռուստահաղորդումը նայելու ժամանակ ինչ-որ բան ուտելու կամ խմելու համար մարդուն պետք չի լինի լքել հարմար տեղը ու գնալ խոհանոց: Միանշանակ, շատերը կցանկանան այն ձեռքբերել, բայց չեն կարողանա խուսափել անընդհատ ավելացող մի քանի կիլոգրամներից:
Ընդհանուր առմամբ, «IFA 2018»-ի ցուցադրության մասնակցած արտադրող ընկերությունները հանրությանը ներկայացրին այն ապագան, որը ըստ իրենց՝ կարիք է ունենալու նման սարքավորումների: Իրականում, թե ինչքանով են պետքական այս նորարարությունները, կիմանանք մի քանի տարի անց:
Մարինե Առաքելյան