- Գլխավոր
- Նորություններ
- Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ` 26.06.2018 Թ.-Ի «Ո՞Վ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՌԵԿՏՈՐ» ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ
Հունիս 26, 2018 | 13:54
Քաղաքականություն
Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ` 26.06.2018 Թ.-Ի «Ո՞Վ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՌԵԿՏՈՐ» ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ
2018 թ.-ի հունիսի 26-ին «Ժողովուրդ» օրաթերթը նյութ էր հրապարակել, որտեղ որպես կատարված փաստ են ներկայացվում մի շարք իրադարձություններ, որոնք իբրև տեղի են ունեցել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասնակցությամբ:
Հրապարակման մեջ խոսվում է 100 երիտասարդ, թոշակառու և գիտական աշխատանք չունեցող դասախոսների, Արամ Սիմոնյանի բնակարանի և բնակարանի դռան, կրճատումների, սպառնալիքների, դասադուլների, հրաժարականների և անգամ բնակարանի դռանը հարվածելու մասին: Չցանկանալով անդրադառնալ հրապարակման մեջ տեղ գտած բոլոր անհեթեթություններին, այնուամենայնիվ, կանդրադառնանք դրանցից մի քանիսին՝
1. Հրապարակման մեջ շատ ճիշտ է նշված, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ապրում է բնակարանում: Երևանի բազմաբնակարանային շենքերը նախագծելիս՝ բնակարաններում չեն նախատեսել 100 հոգանոց դահլիճներ: Սովորաբար, բազմաբնակարանային շենքերի բնակարանները նախատեսված են 1-2 ընտանիքի ապրելու համար: Այդ իմաստով, 100, ընդ որում՝ երիտասարդ դասախոսներ, անգամ մեծ ցանկության դեպքում, ֆիզիկապես չէին կարող տեղավորվել Արամ Սիմոնյանի բնակարանում:
2. Դասադուլները, սովորաբար, իրականացնում են այն քաղաքացիները, ովքեր սովորում են: Դասախոսները չեն կարող դասադուլ իրականացնել, քանի որ նրանց ուսումն ավարտվել է և նրանք աշխատում են որպես դասախոս: Նրանք գործադուլի, այլ ոչ թե դասադուլի իրավունք ունեն: Բացի այդ՝ դասադուլներ իրականացնում են այն ժամանակ, երբ ընթանում է ուսումնական գործընթացը: Նյութի հրապարակմանը նախորդող 20-25 օրերի ընթացքում ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն ավարտված էր:
3. Եթե որևէ մեկին որևէ լուր է հասնում, ապա լուր ստացողն առնվազն պետք է ճշտի լուրի իսկությունը, հակառակ դեպքում՝ լուրն ապատեղեկատվության կարգավիճակ է ստանում: 26.06.2018 թ.-ի «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ո՞վ կլինի նոր ռեկտոր» հրապարակումն ամբողջությամբ հիմնված է չճշտված լուրերի վրա, այն ապատեղեկատվություն է: Ավելին, փորձելով ճշտել լուրը, հոդվածագիրը զրուցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ, ով չճշտված լուրի գլխավոր դերակատարն էր (ըստ հրապարակման՝ նա հանդիսանում է ռեկտորի ամենահավանական թեկնածուն): Վերջինս ճշտել և հերքել է լուրը: Այսինքն՝ առկա էր չճշտված տեղեկություն, որը ճշտվեց հենց հոդվածի հեղինակի կողմից:
4. Եթե որևէ մեկը ցանկանում է խոսել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, ապա նրա այդ ցանկությունը հեշտությամբ իրականացվում է: Շփվելու համար կան շատ ժամանակակից և ավանդական տարբերակներ: Օրինակ, հեռախոսային, ինտերնետային, փոստային կապերը: Կան նաև անձնական շփման միջոցներ, որոնք ևս լայն կիրառում ունեն: Հոդվածագիրը նշում է, որ նա փորձել է կապվել Սիմոնյանի հետ հեռախոսային կապի միջոցով և եզրակացնում է, որ վերջինս «համառորեն» չի պատասխանել հեռախոսազանգերին: Այս պարագայում անհասկանալի է հոդվածագրի գնահատականը: Ի՞նչ է նշանակում «համառորեն չպատասխանել հեռախոսազանգերին»: Եթե խոսակցություն տեղի չի ունեցել, ապա որտեղի՞ց կռահեցիք, որ այն տեղի չի ունեցել համառության հետևանքով: Առկա տարբերակներն այդքան շատ են, որ համառության մասին պնդումներն անհեթեթ են:
5. 26.06.2018 թ.-ի «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ո՞վ կլինի նոր ռեկտոր» հրապարակման մեջ մեջբերվում են Արամ Սիմոնյանի խոսքերը՝ «որևէ մեկի հացին վայիս չեմ լինի»: Հայտարարում ենք, որ ԵՊՀ ռեկտորի բառապաշարում նման համակցությամբ բառեր և նախադասություն չի եղել և չկա:
6. 26.06.2018 թ.-ի «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ո՞վ կլինի նոր ռեկտոր» հրապարակման մեջ տեղ են գտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական գործ հարուցելու առիթներ: Մասնավորապես, ըստ հոդվածագրի՝ 100 երիտասարդ դասախոսներ, ովքեր ինչ-որ կերպ տեղավորվել են Արամ Սիմոնյանի բնակարանում, սկսել են սպառնալ ու հարվածել բնակարանի դռանը: Սա հանցագործության մասին զանգվածային լրատվության միջոցի բացահայտ հաղորդում է, որը պետք է գնահատվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սահմանված կարգով:
Այսքանը 26.06.2018 թ.-ի «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ո՞վ կլինի նոր ռեկտոր» հրապարակման վերաբերյալ: Հասկանալի է, որ չենք անդրադարձել հրապարակման մեջ տեղ գտած բոլոր անհեթեթություններին, քանզի կարծում ենք, որ դա անիմաստ և անտեղի զբաղմունք է: Կցանկանայինք միայն նշել, որ Երևանի պետական համալսարանը բաց հիմնարկ է, իսկ տեղեկատվություն փնտրողներին տրամադրում է օրենքով չարգելված, իր տնօրինման ներքո գտնվող ցանկացած տեղեկատվություն: Այդ իմաստով, եթե որևէ լրատվամիջոց տեղեկություն ճշտելու կարիք ունի, ապա դիմում է մեզ և ստանում է հուզող հարցերի պատասխանները: Սա է ճիշտ աշխատաոճը: