- Գլխավոր
- Նորություններ
- «STARTUP BOOST WEEKEND II» ԾՐԱԳՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբեր 06, 2018 | 15:06
Ուսանողական
«STARTUP BOOST WEEKEND II» ԾՐԱԳՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում համալսարանի Ձեռներեցության զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Startup Boost Weekend II» ծրագրի տեղեկատվական հանդիպումը:
Նշենք, որ «Startup Boost Weekend II» ստարտափերի խթանման եռօրյա ծրագիր տեղի է ունենալու սեպտեմբերի 14-16-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Տեղեկատվական հանդիպման ընթացքում ԵՊՀ պրոռեկտոր Ռ. Մարկոսյանը ներկայացրեց ծրագրի նպատակը և նշեց, որ Եվրամիության աջակցությամբ իրականացվող «EU4Business» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը կազմակերպվում է ԵՊՀ-ի, ինչպես նաև Հայաստանի առաջատար մի շարք համալսարանների համատեղ ջանքերով:
«Այս ծրագրի նպատակն է խրախուսել և խթանել ուսանողների ձեռներեցությունը, աջակցել և նրանց լրացուցիչ հնարավորություններ ընձեռնել ուսման հետ զուգահեռ նոր ծրագրեր իրականացնելու համար»,- հավելեց նա:
ԵՊՀ ուսանողներին «Startup Boost Weekend II» ծրագրին մասնակցելու հնարավորությունները, առավելությունները, գրանցման կարգը, հաղթողների մրցանակների մասին տեղեկատվական հանդիպումն անցկացրին «Startup Boost Weekend I»-ի հաղթող «Breedge» թիմի անդամներ Վահան Մելքոնյանը և Ալեքսանդր Դավթյանը:
Վերջինս կիսվեց նախորդ տարվա փորձով, ներկայացրեց «Startup Boost Weekend I»-ի հաղթող «Breedge» թիմի ստարտափ ծրագիրը, դրա առավելությունները:
Նա նշեց, որ ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան գիտելիքներ ստանալ ստարտափեր ստեղծելու վերաբերյալ, հանդիպումներ կունենան ոլորտի առաջատար մասնագետների և մենթորների հետ, կկազմեն սեփական թիմեր և ծրագրեր:
Նշենք, որ «Startup Boost Weekend»-ը 54 ժամյա միջոցառում է, որը միտված է ձեռներեցությունը խթանելուն ու ուսանողների քաջալերմանը՝ իրենց միջավայրում և ընդհանրապես աշխարհում փոփոխություններ կատարելու գործում:
Վահան Մելքոնյանի խոսքով, երեք օրվա ընթացքում ուսանողները կզգան այն բոլոր վերելքներն ու վայրէջքները, լարվածությունն ու զվարճանքը, որոնք ձևավորում են ստարտափների առօրյա կյանքը: Գաղափարներն իրականություն դարձնելուն զուգահեռ՝ ուսանողներին հնարավորություն կտրվի հանդիպելու փորձառու ձեռներեցների և ներդրողների հետ, ովքեր պատրաստ կլինեն օգնելու նրանց։
Ալեքսանդր Դավթյանը նշեց, որ սա առանձնահատուկ հնարավորություն է տարբեր մասնագիտությունների տեր ուսանողների համար. ծրագրավորողները, դիզայներները, մարկետոլոգները կամ պարզապես ստարտափներով ոգեշնչված անձինք միավորվում և ձևավորում նոր թիմեր՝զարգացնելու իրենց մտքերը:
Միջոցառումը կազմակերպվում է տեխնիկական և ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում:
Ալեքսանդր Դավթյանը հայտնեց, որ նախատեսված են մրցանակներ հաղթող թիմերին առավել ոգեշնչելու համար: Գրանցվել հնարավոր է մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ:
Նադեժդա Տեր-Աբրահամյան