- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԴԵՂԱԳԵՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Սեպտեմբեր 25, 2018 | 21:37
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԴԵՂԱԳԵՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Այսօր ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում կազմակերպվել էր Դեղագետի միջազգային օրվան նվիրված միջոցառում:
Նշենք, որ Դեղագետների միջազգային օրը՝ սեպտեմբերի 25-ը, պաշտոնապես ընդունվել է 2009 թ.-ին Դեղագործական միջազգային միավորման կողմից:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանը, ինստիտուտի ամբիոնի վարիչները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները:
Միջոցառումը վարում էր ֆարմացիայի ինստիտուտի աշխատակից Լիանա Հայրիյանը: Նա օրվա առիթով շնորհավորեց Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներին՝ ցանկանալով կրթության ոլորտում նորանոր նվաճումներ: «Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի գլխավոր առաքելությունը որակյալ դեղագետ-մասնագետներ կրթելն ու ոլորտի գիտելիքներով զինելն է, ուստի այս օրը լիարժեք տոն է նաև ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների համար»,- ասաց նա:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանը շնորհավորեց ուսանողներին Դեղագետի միջազգային օրվա առթիվ և նշեց, որ դեղագետի մասնագիտությունը պահանջված ու արդար մասնագիտություն է: «Այն ամենահին ծագում ունեցող մասնագիտություններից է: Դեղագիտությունը բժշկության զենքն է, այն բժշկություն չէ, բայց ծառայում է բժշկությանը: Ֆարմացիան գիտություն է դեղի մասին՝ սկսած դեղի ստացման գործընթացից մինչև դրա հետազոտությունը և նշանակության սկզբնավորումը: Ֆարմացիայի ինստիտուտում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները որակյալ դեղագետ պատրաստելու համար: Սիրե՛ք ու հարգե՛ք ձեր մասնագիտությունը»,- ասաց Աշոտ Սաղյանը:
Ուսանողներին շնորհավորեց նաև Կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ Ռուբեն Հովհաննիսյանը և հակիրճ ներկայացրեց «Դեղագետ» մասնագիտության սահմանումը. «Դեղագետը դեղագիտական բարձրագույն կրթություն ունեցող մասնագետն է, ով իրականացնում է իր գործունեությունը դեղերի պատրաստման, պահպանման և վաճառքի ոլորտում»:
Նրա կարծիքով, այսօր բժիշկն առանց դեղագետի իրավունք չունի աշխատել, իսկ դեղագետն իր գործունեության ընթացքում միշտ պետք է խորհրդատվություն վերցնի բժշկից: Ռուբեն Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ այս օրը ինստիտուտում նշելը կդառնա ավանդույթ:
Օրվա առթիվ ուսանողներին շնորհավորեցին և մասնագիտական բարեմաղթանքներ հղեցին նաև Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական գծով փոխտնօրեն Սամվել Վարդապետյանը, Ֆարմատեխնոլոգիայի և ֆարմացիայի ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանը:
Միջոցառումը վարող Լիանա Հայրիյանը ուսանողներին ներկայացրեց պատմական փաստեր բժշկական համազգեստի մասին. «Սպիտակ համազգեստը հայտնի է դարձել 1860 թ.-ին անգլիացի բժիշկ Ջոզեֆ Լիսթերի շնորհիվ, ով պնդում էր, որ սպիտակ համազգեստի վրա հետքերը պարզ են երևում, ինչը պահանջում է այն հաճախակի լվանալ, այդպիսով քչացնելով վարակների քանակը և մահացության աստիճանը»:
Միջոցառման ընթացքում ամփոփվեց նաև «Ով է դեղագետն ուսանողների աչքերով» արդեն իսկ հայտարարված մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցելու համար ուսանողները պետք է առավելագույնը 30 բառով սահմանեին, թե ով է դեղագետն իրենց պատկերացմամբ: Արդյունքում լավագույն երեք ձևակերպումը ներկայացրած ուսանողները, որպես պարգև, ստացան մասնագիտական գրականություն:
Ուսանողներին ներկայացվեց նաև դեղագետի մեկ օրը բնութագրող կարճ տեսահոլովակ:
Նադեժդա Տեր-Աբրահամյան