- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հոկտեմբեր 22, 2019 | 17:06
Հասարակություն
«ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Իրավական օգնության ժամանակակից հիմնախնդիրներ» խորագրով քառօրյա միջազգային աշխատաժողովը:
Աշխատաժողովը կազմակերպվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, Կանադայի Քարլթոնի և Տորոնտոյի համալսարանների, ինչպես նաև Իրաքի Կուֆայի համալսարանի համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցում են ՀՀ-ի, Իրանի, Իրաքի և Լիբանանի պրոֆեսորներ, իրավաբաններ և սոցիալական աշխատողներ:
Մեզ հետ զրույցում Կանադայի Քարլթոնի համալսարանի պրոֆեսոր Հոսեյին Ռայեսին նշեց, որ աշխատաժողովի նպատակն է քննարկել Մերձավոր Արևելքի երկրներում անչափահասների և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումները. «Մեր թիմն աշխատում է ծրագրին մասնակից երկրներում մշակել և ներդնել անչափահասների արդարադատության բարեփոխումների հայեցակարգ»:
Նրա հավաստմամբ, աշխատաժողովի ընթացքում տարբեր ձևաչափերով վեր են հանվելու և քննարկվելու են իրենց հուզող հիմնական հարցերը. «Առաջին երկու օրերի ընթացքում մենք կենտրոնանալու ենք երեխաների հոգեբանական խողումների և հոգեկանին հասցված վնասների վրա, նաև սովորեցնելու ենք մեր մասնակիցներին, թե ինչպես նրանք կարող են միջամտել այդ դեպքերում և ինչպես կարող են կառավարել այդ իրավիճակներն ու գտնել լուծումներ՝ օգնելու երեխաներին»:
Պրոֆեսորի փոխանցմամբ, 4-օրյա միջոցառման ընթացքում մասնակիցների քննարկման առարկա է դառնալու նաև երեխաների պաշտպանության քաղաքականությունը, որը դիտարկվելու է երկու տեսանկյունից, մի դեպքում՝ իշխանությունների և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող քաղաքականությունը, մյուս դեպքում՝ ընտանիքների կողմից իրականացվող քաղաքականությունը:
«Բոլորը գիտեն, որ շատ երեխաներ ենթարկվում են ընտանեկան բռնությունների և դառնում դրանց զոհը: Այսինքն՝ քննարկելու ենք, թե ինչքանով երեխաները կարող են պաշտպանված լինել ընտանիքում, և ինչ կարող ենք անել մենք հակառակ դեպքում»,- նշեց Հոսեյին Ռայեսին:
Նա փաստեց, որ աշխատաժողովի վերջին օրն արդեն քննարկվելու են համակարգի բարեփոխումների վերաբերյալ հարցեր. «Գաղտնիք չէ, որ Մերձավոր Արևելքում շատ աղքատ ընտանիքներ չեն կարողանում դիմել արդարադատություն իրականացնող մարմիններին, և ես կարծում եմ, որ տարածաշրջանի երկրներում պետք է ներդնել իրավական անվճար ծառայություններ մատուցող կազմակերպությունների ինստիտուտը, ինչն էապես կնվազեցնի բռնությունների թիվը: Այստեղ գործում է Իրավաբանական կլինիկա, որը հրաշալի օրինակ է»:
Պրոֆեսոր Հոսեյին Ռայեսին մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող ռազմական գործողություններին՝ փաստելով, որ դրանց պատճառով ավելի քան 70 հազար երեխա է տուժել:
«Դրա և ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող բոլոր բռնություններին արձագանքելով՝ մենք երեկ կազմակերպել էին ցուցադրություն՝ ներկայացնելով բռնությունների զոհ դարձած երեխաների լուսանկարներ, հագուստներ և այլն: Ցուցադրությամբ ցանկանում էինք կոչ անել դադարեցնել բոլոր պատերազմները և բռնությունները: Մենք բոլոր երեխաների կողքին ենք»:
Խոսելով համագործակցության մասին՝ Հոսեյին Ռայեսին ասաց, որ առաջին անգամ չէ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում. «Ես իմ շնորհակալություն եմ հայտնում ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին և ողջ անձնակազմին՝ հրաշալի ընդունելության և աջակցության համար»:
Քնար Միսակյան