- Գլխավոր
- Նորություններ
- ԳՅՈԹԻՆԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ «ERASMUS MUNDUS» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Ա.ՄԱՐԳԱՐՈՎԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «PICASA»-Ի ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հուլիս 13, 2018 | 16:47
Կրթություն
ԳՅՈԹԻՆԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ «ERASMUS MUNDUS» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Ա.ՄԱՐԳԱՐՈՎԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «PICASA»-Ի ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը մեզ հետ զրույցում անդրադարձել է կրթության միջազգայնացման ծրագրին և այդ գործընթացում ԵՊՀ դերակատարմանը:
- Պարո՛ն Մարգարով, ի՞նչ է իրենից ներկայացնում բուհերի միջազգայնացման գործընթացը և ինչպիսի՞ ծրագրեր է այն իր մեջ ներառում:
- Միջազգայնացումը միջազգայինի, միջմշակութայինի կամ համաշխարհայինի ինտեգրումն է բարձրագույն կրթության նպատակադրման, գործառույթների կատարման և մատուցման գործընթացներում:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացումը բավականին բարդ գործընթաց է: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ բուհերը հստակորեն որոշեն, որ ցանկալի նշանակետին հասնելու համար պետք է վճռական տրամադրվեն սահմանված որոշակի գործընթացների իրականացման հարցում: Ահա այստեղ է սկսվում ԵՊՀ միջազգային կապերի բաժնի աշխատանքը. որոշումների ընդունման գործում օգնություն տրամադրել, աջակցել նպատակի իրականացման համար համապատասխան ներգրավվածություն ունենալուն, ինչպես նաև հետևել ռազմավարական որոշումներին:
Նախքան «Erasmus+» ծրագրի ի հայտ գալը՝ գոյություն են ունեցել Եվրամիության համապատասխան հանձնաժողովի ծրագրեր, որոնք ներկայացված եղել են «Erasmus mundus»-ի, «Tempus»-ի և այլ ծրագրերի շրջանակներում:
Ծրագրերից որոշներն ուղղված են եղել այսպես կոչված «capacity building»-ին, այսինքն՝ մասնավորապես կառուցվածքային նախագծերի շրջանակներում բուհերի հետ նախարարությունները ևս ընդգրկված են եղել համակարգային փոփոխություններին նպաստող ծրագրերի իրականացման գործընթացում:
Այդ շրջանակում մեր կողմից առաջարկած ծրագիրը եղել է «Structural measure project»-ը, որը, բացի եվրոպացի մեր գործընկերներից, ներառում էր նաև Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի բուհերն ու նախարարությունները:
Այսինքն՝ ծրագրի իրականացման գործընթացը չի սահմանափակվել միայն բուհական մակարդակում, այլ համակարգային ներդրում ունենալու նպատակով գործընթացում ներգրավված են եղել նաև նախարարությունները, իսկ հետագայում նախարարությունների ներգրավվման համար մեր կողմից ներկայացրած առաջարկներն Ուկրաինայում, Բելառուսում, Վրաստանում և Հայաստանում դարձան համապատասխան նախարարությունների որոշումների ձևավորման մի մասը: Նշենք նաև, որ մեր կողմից ներկայացված ծրագիրը Ուկրաինայում և Բելառուսում դարձավ ռեկտորների խորհրդի կողմից ընդունված փաստաթղթի մի մասը, Հայաստանում այն ներառվել է նախարարության մշակվող փաստաթղթերի մի մասի, իսկ Վրաստանում՝ նախարարության ընդհանուր միջազգայնացման հայեցակարգերի տարբեր մասերի մեջ և այլն:
Այսինքն, բացի նրանից, որ մենք իրականացրել ենք ներբուհական ծրագրերի մշակում, առկա է նաև այն ընդհանրական տարրը, որ միջազգայնացումը ոչ միայն ներբուհական, այլ նաև համակարգային խնդիր է, որին անհրաժեշտ է անդրադառնալ, որովհետև առանց միջազգայնացման այսօր շատ դժվար է պատկերացնել կրթական համակարգի զարգացումը: Վերջինս վերաբերում է կրթական համակարգի գործառույթներին՝ ներառելով գրեթե բոլոր հայեցակետերը:
- Որակյալ կրթության զարգացման համար ի՞նչ դեր ունի միջազգայնացումը:
- Միջազգայնացման գործողությունները թույլ են տալիս բարելավելու և թարմացնելու ակադեմիական ծրագրերը: Այն դրական է ազդում կրթական գործընթացի որակի բարելավման, մասնագիտական վերապատրաստման և ընդհանուր առմամբ կրթության որակի ապահովման վրա:
Միջազգայնացումը ենթադրում է նաև ժամանակակից հետազոտություն և նորարարություն: Այն ապահովում է ավելի որակյալ հետազոտություն և խթանում է նախագծերի մշակումը:
Երբ մենք խոսում ենք բուհական կրթության զարգացման մասին, ապա այստեղ համագործակցությունների դերը հազիվ թե կարելի է թերագնահատել: Դա ևս միջազգայնացման գործընթացի կարևոր մաս է:
Մեր գերակայությունն է ապահովել բազմակողմանի միջազգային գիտական համագործակցությունը, համագործակիցների հետ երկկողմանի պայմանագրերը և ներգրավվածությունը միջազգային (բազմազգ) կոնսորցիումներում ու ծրագրերում:
Միջազգայնացումը ենթադրում է նաև շարժունակություն: Շարժունակությունն ընդհանուր դրույթներով շատ ավելի ծավալուն հայեցակարգ է, օրինակ՝ հիմա մենք կառուցում ենք մեր նոր հանրակացարանը, միաժամանակ նաև հաշվի առնելով այն նախընտրությունները, որոնք կարող են ունենալ մեր օտարերկրյա ուսանողները, այս ամենն ավելի ու ավելի խորացող միջազգայնացման արդյունք է:
- Կպատմե՞ք Գյոթինգենի համալսարանի հետ համագործակցության և այնտեղ ներկայացված ծրագրի մասին:
- Գյոթինգենի համալսարանի հետ մենք համագործակցում էինք «Erasmus mundus» ծրագրի շրջանակում, որի միջոցով ԵՊՀ ուսանողները, դասախոսները, ինչպես նաև հայաստանյան այլ բուհերի շրջանավարտները հնարավորություն ունեն մասնակցելու եվրոպական կրթական կարճաժամկետ կամ երկարաժամկետ ներգրավվմանը, այսինքն՝ սովորելու եվրոպական բուհերում:
Ծրագրի ավարտից հետո մենք ամփոփում էինք վերջինիս արդյունքները: Քանի որ Գյոթինգենի համալսարանը «Erasmus mundus»-ի մեջ լավագույն եռյակ համալսարանների մեջ է մտնում, այնտեղ հավաքվել էին մի քանի նմանատիպ դրամաշնորհային ծրագրերի բուհական կոորդինատորներ, և մենք քննարկեցինք ինչպես արդյունքները, որ մենք հիմա ունենք, այնպես էլ մեր ապագա գործողությունները, մասնավորապես՝ շարունակել համագործակցությունը «Erasmus + key action 1»-ի շրջանակում՝ փորձելով ԵՊՀ ներառել որպես գործընկեր:
Միջոցառման ժամանակ քննարկվել են մի քանի հիմնական ուղղություններ: Առաջինը ռազմավարության մշակման մոդելներն են, երկրորդը՝ միջազգայնացման համար պատասխանատու գրասենյակի գործառույթները, իսկ երրորդը՝ աշխատելու մոդելը, ինչպես նաև միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգայնացման ընթացքում որակի ապահովմանը: Որակի ապահովման մոդելներից մեկում ներկայացված են եղել այն ձեռքբերումները, որոնք մենք ունեցել ենք հենց «PICASA» ծրագրի համագործակցության շրջանակում: Ծրագրերի մեխն այն էր, որ մենք ոչ միայն ստեղծում ենք ստորաբաժանում, այլ նաև ապահովում ենք նրա աշխատանքի որակը, որն իրականացվելու է համապատասխան ինդիկատորների և գործողությունների ծրագրի մշակման, ստուգման, ներդրման և վերամշակման միջոցով: Այստեղ կարևոր է ՊԿՍԳ շրջանը: Սա նշանակում է, որ դուք գրում եք ձեր ռազմավարական և գործողությունների ծրագրերը (ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ) և սկսում եք այն իրականացնել: Գործընթացները, որոնք ընթանում են (ԿԱՏԱՐՈՒՄ), վերահսկվում և գնահատվում են (ՍՏՈՒԳՈՒՄ): Եթե դուք տեսնում եք, որ ճշգրտումներ պետք է կատարվեն, դրանք նախաձեռնվում են (ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ): Երբ նպատակներին հասել են, շրջանը սկսվում է կրկին և կրկին: Դուք պլանավորում եք հետագա գործողությունները: Դա անվերջ շրջան է, որովհետև համատեքստները փոխվում են, նոր առաջադրանքներ են ներկայացվում և այլն: Բոլոր տարրերի հիման վրա դուք կարող եք առաջ շարժվել և սկսել միասնական պլանավորման ու իրականացման գործընթացը: Մեր կողմից մշակած այս պլանը որպես արդյունավետ աշխատող համակարգ ներկայացվել է մյուսներին:
Անի Պողոսյան