- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԵՐ ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ԱՄԲՈՂՋ ԳՅՈՒՂՆ ԷՐ ՕԳՏՎՈՒՄ». ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սեպտեմբեր 06, 2018 | 14:15
Հասարակություն
«ՄԵՐ ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ԱՄԲՈՂՋ ԳՅՈՒՂՆ ԷՐ ՕԳՏՎՈՒՄ». ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի արմատները Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղից են: Գուցե մեր ընթերցողը հիշի, որ այնտեղ ծնվել է նաև Միջազգային հարաբերությունների դեկան Գեղամ Պետրոսյանը:
«Ոսկեթասը լեռների մեջ է պարփակված, բնությունը գեղեցիկ ու սքանչելի է, օդը՝ մաքուր, իսկ մարդիկ այնքան ջերմ, այնքան հյուրասեր ու մարդամոտ են»,- նկարագրում է Էդիկ Մինասյանը:
Դեկանի հայրը՝ խնուսցի է՝ Գարեգին Մինասյանը, մայրը՝ սասունցի` Լուսիկ Հարությունյանը: Ընտանիքն աչքի է ընկել ավանդապահությամբ, հայրենասիրությամբ, աշխատասիրությամբ ու պատվախնդրությամբ. միհարկանի տանն ապրել են ութ երեխաները` իրենց ծնողների, տատ ու պապի հետ:
«Հայրական տունս գյուղամիջում էր: Այդ փոքրիկ, միհարկանի տունը մեր աչքին շատ մեծ էր երևում: Բոլորս ապրում էինք այդ տաք անկյունում, որի զարդը գրադարանն էր: Ես հիշում եմ ՝մեր գրադարանից ամբողջ գյուղն էր օգտվում»,- պատմում է Մինասյանն ու նկատում. «Հայրական տան, թոնրատան, գոմի ու մարագի բուրմունքն ուրիշ է. այդ բուրմունքից ուրիշ ոչ մի տեղ չես գտնի»:
Մինասյանը հիշում է, որ ընկերների հետ բազմապիսի խաղեր էին կազմակերպում. ինքն աչքի էր ընկնում ակտիվությամբ ու ճարպկությամբ: ««Կռիվ-կռիվ», «Երկար էշ -երկար գոմեշ», «Չլիկ-դաստա»,- թվարկում է անուններն ու հավելում. «Նույն խմբով էլ վաղ առավոտյան հանդ էինք գնում, խոտը հավաքում ու դրա համար վարձատրվում»:
Դեկանի մանկության վերհուշում կերպավորվում են մոր պատրաստած կարմիր բոքոնը, հալած կարագն ու ոչխարի հում կաթը. «Մայրս սպիտակ ալյուրով կարմիր բոքոններ էր թխում. դրանք ամեն առավոտ տանում էի դասարան: Բոլորն ուտում էին, ու այդ համեղ բոքոններից ինձ չէր հասնում»,- ծիծաղով հիշում է դեկանն ու ծանոթացնում պապի հետ հանդ գնալու ամենօրյա արարողությանը.
«Պապս ստիպում էր՝ լավաշը խառնեմ ոչխարի հում կաթին ու համտեսեմ. որքան երանելի էին այդ ժամանակները»:
Անդրադառնալով մանկության սերերին՝ պրոֆեսորը խոստովանում է, որ սիրո առաջին ապրումը երկրորդ դասարանում է եղել. «Մանկական այդ քաղցր զգացմունքը ծնվում է, որ գաղտնի ու առեղծվածային մնա»,-կարծում է Է. Մինասյանը:
Սիրո հաջորդ պոռթկումը եղել է պիոներական ճամբարում իսկ սիրո օբյեկտը գեղեցկադեմ Աննան էր. «Փոխադարձ սերը վայելեցինք մեկ ու կես տարի, սակայն խանդն ու վեճերը բաժանեցին մեզ»,- անկեղծանում է դեկանը:
Իր միակ ու վերջին սիրուն՝ Շողիկին, պրոֆեսորը հանդիպել է համալսարանում աշխատելու տարիներին. «Ես շատ երջանիկ եմ և պարտական եմ կնոջս` փոխադարձ սիրո ու հոգատարության համար»:
Շուտով հրատարակվելու է Է. Մինասյանի՝ Ոսկեթասի պատմությանը նվիրված երկհատորյակը. «Այդ գրքում սասունցիք են՝ իրենց թասիբով, հետևողականությամբ ու համառությամբ. այնտեղ Ոսկեթասի կյանքն ու կենցաղն է ՝ հնամյա պատմությամբ ու ավանդներով»,- ասում է պրոֆեսորը:
Ամփոփելով պատմությունը՝ դեկանը տեղեկացնում է, որ այժմ հայրական գյուղում կառուցում է երկհարկանի տուն. «Գյուղն ինձ կանչում է, բայց հանգամանքների բերումով շարունակում եմ մնալ ու ապրել այստեղ»:
Անգին Խաչատրյան