- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԱՅՆ ԳԱՂԱՓԱՐԸ, ԸՍՏ ՈՐԻ՝ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾՎԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ՝ ԱՆՎԱՆԱՊԵՍ ՈՒԽ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ՝ ՈՒԳԸ». ՎԱՆԱՏՈՒՐ ՇԵՐԵՆՑ
Դեկտեմբեր 16, 2019 | 14:53
Հասարակություն
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԱՅՆ ԳԱՂԱՓԱՐԸ, ԸՍՏ ՈՐԻ՝ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾՎԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ՝ ԱՆՎԱՆԱՊԵՍ ՈՒԽ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ՝ ՈՒԳԸ». ՎԱՆԱՏՈՒՐ ՇԵՐԵՆՑ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդես է եկել առաջարկությամբ՝ հորդորելով փոփոխությունների ենթարկել մի շարք դրույթներ, որոնք, իրենց կարծիքով, խնդրահարույց են: Առաջարկությունների վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցի հետ:
- Վանատու՛ր, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումն օրենքի նախագծի վերաբերյալ:
- «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին տարբերակի վերաբերյալ ՈՒԳԸ-ն ավելի շատ դիտողություն է ունեցել, քան համաձայնություն, մինչդեռ երկրորդ տարբերակը, որը ներկայացվել է հանրային քննարկման, ենթարկվել է զգալի փոփոխությունների։ Սա, անշուշտ, խոսում է այն մասին, որ շահագրգիռ կողմերի, առաջին հերթին՝ բուհերի ներկայացրած առաջարկությունների եթե ոչ զգալի, ապա, համենայն դեպս, առաջնային կարևորություն ունեցող կետերի վերաբերյալ լիազոր մարմինը փոխել է իր դիրքորոշումը՝ օրենքի նախագծում ներառելով բուհերի գիտխորհուրդների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի առանձին ներկայացուցիչների հատուկ կարծիքները, որոնց թվում ՈՒԳԸ-ն հատկապես կարևորում է ուղղահայաց կառավարման մոդելի չեղարկումը։ Այս հանգամանքը, իհարկե, գովելի է, բայց ոչ բավարար։ ԿԳՄՍՆ-ի կողմից բազմաթիվ վերանայումները վկայում են, որ նախարարությունը մի կողմից բաց է և պատրաստ կոնսենսուսի, մյուս կողմից՝ խնդիր է դրել պարտադիր փոխել ու անցկացնել օրենքը՝ ներկայացնելով որպես կրթության որակի բարեփոխմանն ուղղված անհրաժեշտություն։ ՈՒԳԸ-ն կարծում է, որ բարեփոխումները պետք է սկսել միջնակարգ կրթության արմատական փոփոխություններից, հետո միայն վերանայել բուհական համակարգը։ Օրենքում ՈՒԳԸ-ին վերաբերող կետերի բացակայությամբ պայմանավորված մենք ունենք վերապահ կարծիք, իսկ, ընդհանուր առմամբ, օրենքի նախագիծը համարում ենք քայլ առաջ՝ հիմք ընդունելով ընդունելության կարգի, ռոտացիոն մեխանիզմների և մի շարք այլ փոփոխությունները։ Հարցի մյուս կողմն է՝ որքանով են դրանք կիրառելի ու լիարժեք արդյունավետ, այս պահին կարևորն իրականացնելու կամքն է և պատրաստակամությունը։
- Փոփոխությունների ի՞նչ առաջարկություններ եք ներկայացրել:
- Հիմք ընդունելով հանրային քննարկման ընձեռած հնարավորությունից և առաջնորդվելով ՈՒԳԸ ԳԽ որոշմամբ՝ առաջարկել ենք երկու հիմնական փոփոխություն՝ օրենքի նախագծի Գլուխ 6-ի 35-րդ հոդվածի 2-րդ կետի 14-րդ ենթակետը վերաշարադրել «14) միավորվելու ուսանողական կազմակերպություններում (ՈԻԳԸ, ՈԻԽ և այլն)» ձևակերպմամբ՝ ներդաշնակեցնելով Գլուխ 2-ի 18-րդ և Գլուխ 6-ի 35-րդ հոդվածի 13-րդ կետերը, քանի որ այս կետերից բխում են, որ բուհերում կարող են գործել և հաշվետվությամբ հանդես գալ ուսանողական կազմակերպություններ։ Ավելին, նախագծում հստակ նշվում է, որ բուհերում գործելու են ուսանողական ներկայացուցչական մարմիններ։ Սա չափազանց կարևոր է, քանի որ այլևս մեկ կառույց չի ներկայացնելու ուսանողներին։ Բայց միևնույն պահին անհասկանալի է, թե այդ դեպքում ինչու են առանձնակի նշվում միայն ՈՒԽ-ները, իսկ դա էլ բավական չէ, ՈՒԳԸ գործառույթները փոխանցվում են ՈՒԽ-ներին։ ՈՒԳԸ ԳԽ-ի հորդոր-առաջարկը ոչ թե ուսանողական մյուս մարմնի դերի կամ գործառույթների փոփոխությունն է, այլ ՈՒԳԸ գործառույթների պահպանումը և կարևորումը։ Մեզ համար անընդունելի է այն գաղափարը, ըստ որի՝ պետք է ստեղծվի ուսանողական կառույց՝ անվանապես ՈՒԽ, բովանդակությամբ՝ ՈՒԳԸ։ Բացի դրանից՝ օրենքն ու իրավունքը լեզվաբանություն չեն և չեն հանդուրժում հոմանիշներ ու տարընթերցումներ։ Ուսանողական կառույցները նախագծում պետք է ամրագրվեն կա´մ միավորում, կա´մ կազմակերպություն, կա´մ մարմին բառեզրերով, մինչդեռ մենք բոլոր այս տարբերակներին էլ հանդիպում ենք։
- Կա՞ն արձագանքներ ձեր առաջարկություններին վերաբերյալ:
- Մեր առաջարկություններն իմ անունից տեղ են գտել իրավական ակտերի նախագծերի հրապարակման «e-draft» միասնական հարթակում, ինչպես նաև ուղարկվել են ԿԳՄՍՆ՝ բարձրագույն կրթության փորձագիտական քննության։ Կարծում եմ, որ անհնարին, անընդունելի, բարդ ու անհասկանալի ոչինչ չենք առաջարկում։ Կարծում եմ նաև, որ փորձագիտական խումբը հավանության կարժանացնի, որովհետև նախագիծն այս տարբերակով ոտնահարում է միավորման ազատության սկզբունքը, քանի որ ՈՒԳԸ-ն միավորում է գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող ուսանողների և երիտասարդ գիտնականների, մինչդեռ օրենքի նախագծով կառույցի հիմնական գործառույթներն օտարվում են՝ վերապահվելով բոլորովին այլ մարմնի: Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա նախարարությունից արդեն ունենք, ինչը գովելի է և ողջունելի։
- Եթե առաջարկությունները չընդունվեն, ի՞նչ հետևանքներ կարող են լինել:
- Նախ՝ ՈՒԳԸ ԳԽ-ն ցանկություն է հայտնել հանդիպելու ԿԳՄՍ նախարարի հետ և անձամբ քննարկելու նախագիծը՝ ներկայացնելով կառույցի առաջարկները։ Բացի դրանից՝ նախարարը խորքային պատկերացում ունի մեր կառույցի մասին, քանի որ նա ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում մասնակցել և լսել է ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանների զեկույցները, ներգրավվել է ՈՒԳԸ պարբերականի հոդվածների գրախոսման աշխատանքներին և այլն։ Եվ հետո, եթե անգամ այս տարբերակով ընդունվի օրենքը, ՈՒԳԸ-ի գործունեությունը չի դադարի, քանի որ մեր կառույցի գործառույթները կարող են կարգավորվել ակտով։ Սակայն հաշվի առնելով ակտի նկատմամբ օրենքի գերակայությունը՝ ակադեմիական քաոսից խուսափելու համար անհրաժեշտություն է ՈՒԳԸ-ի դերի ամրագրումը։
Քնար Միսակյան