- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՃԱԽ ԷԻ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ». ՅԱԿՈԲ ՎՈՅՍԻԿ
Հուլիս 27, 2018 | 15:45
Հասարակություն
«ԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՃԱԽ ԷԻ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ». ՅԱԿՈԲ ՎՈՅՍԻԿ
2010 թվականից Երևանի պետական համալսարանը տարածաշրջանի մյուս 4 առաջատար համալսարանների հետ իրականացնում է «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագիրը, որի մասնակիցներից մեկը Լեհաստանից ժամանած Յակոբ Վոյսիկն է:
Յակոբը սովորել է Լեհաստանի Ադամ Միցկևիչ անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, այնուհետև ուսումը շարունակել է Եվրոպայի քոլեջի Նատոլինի (Վարշավա) մասնաճյուղում, որն էլ հաջողությամբ ավարտել է:
Հայաստանի մասին նախկինում շատ էի լսել Լեհաստանում ու Գերմանիայում ապրող հայազգի իմ ընկերներից: Երբ գալիս էի Հայաստան, արդեն գիտեի, որ հայերը շատ ջերմ ու հյուրասեր մարդիկ են, լսել էի նաև Լեռնային Ղարաբաղի ու ցեղասպանության խնդրի, ինչպես նաև կոնյակի ու նարդու մասին: Ժամանակի ընթացքում պարզեցի, որ աշխարհին շատ հայտնի մարդիկ հայկական ծագում ունեն:
Առաջին տպավորությունը Հայաստանի մասին ստացա հենց Երևանում: Դրսում շատ շոգ էր, ու հավանաբար վառ արևն էր պատճառը, որ բոլոր շենքներն ինձ կարմիր էին թվում: Հետո հասկացա, որ իրականում շենքերը կառուցված են կարմիր քարից: Նկատել եմ նաև, որ Հայաստանում ուտելիքը շատ համեղ է և մատչելի:
Ուսումնառությանս առաջին շրջանում հիմնականում շփվում էի օտարազգի ուսանողների հետ, որովհետև զգում էի, որ հայերն առավել հաճույքով միմյանց հետ էին շփվում, բայց ամեն ինչ փոխվեց, երբ սկսեցինք միասին քաղաքից դուրս տարբեր էքսկուրսիաներ ու արշավներ կազմակերպել: Հետո նաև սկսեցինք քննարկումներ կազմակերպել ամենատարբեր թեմաների շուրջ, որոնք մեզ էլ ավելի մտերմացրին:
Հայ աղջիկները շատ խելացի ու գեղեցիկ են:Նրանք քաղաքին յուրօրինակ տեսք են տալիս: Ես Երևանում հաճախ էի սիրահարվում:
Մշակութային շոկ առաջին անգամ ապրեցի, երբ բոլորն անընդմեջ ինձ նույն հարցն էին տալիս՝ արդյոք ես ամուսնացած եմ, երեխաներ ունեմ, երբ եմ պատրաստվում ամուսնանալ: Մյուս երկրներում, իսկ ես 20-ից ավելի երկրներում եմ եղել, ինձ այդպիսի անձնական հարցեր չէին տալիս: Տարօրինակ էր ինձ համար նաև այն, որ տղաներն ու աղջիկները միմյանցից առանձին են կանգնում կամ առանձին են զբոսնում: Իմ երկրում չկան այդպիսի բաժանումներ:
Հայաստան պետք է այցելել հայկական գինուն, երգին ու պարին, հետաքրքրիր մշակույթին, տաղանդավոր ու խելացի մարդկանց, գեղեցիկ բնապատկերներին ծանոթանալու համար: Երևանում անցկացրած 3 ամիսները բավական էին, որ ես հասցնեի սիրել այս գեղեցիկ քաղաքը: Այն ինձ համար դարձել է ամենասիրելի քաղաքներից մեկը՝ համալրելով Պետերբուրգի, Նյու Յորքի և Բեռլինի շարքը: