- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՐԴԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիս 27, 2018 | 18:08
Գիտություն
«ԱՐԴԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Արդի հոգեբանություն» գիտական հանդեսի շնորհանդեսը, որին ներկա էին հանդեսի խորհրդի անդամները, դասախոսներ և ուսանողներ:
Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը ելույթի իր խոսքում անդրադարձավ հանդեսի ստեղծման նախապատմությանը, ինչպես նաև խոսեց վերջինիս շարունակական լինելու մասին:
«Գիտական հանդեսի նախապատմությունը սկզբնավորվել է դեռևս տասը տարի առաջ, երբ մենք որոշեցինք ԵՊՀ-ում կազմակերպել միջազգային գիտաժողով,- ասաց Հրանտ Ավանեսյանը,- այդ տարիներին մեզ մեր արտասահմանցի գործընկերները թերահավատորեն էին վերաբերվում: Բայց գիտաժողովը կայացավ, ու դրա ամենավառ ապացույցն այն է, որ հովանավոր գտնելու շնորհիվ բացվեց նաև Կիրառական հոգեբանության կենտրոնը: 2009 թվականին տեղի ունեցած գիտաժողովը մեծ թվով մասնակիցներ ուներ, և որի նյութերը ժողովածուների տեսքով մենք տպագրում էինք: Սկզբից մտածեցինք, որ այդ նյութերը պետք է թեզիսների տեսքով ներկայանան, բայց հետո որոշեցինք թեզիսները թողնել էլեկտրոնային տարբերակով, իսկ ժողովածուները տարիների ընթացքում ավելացան և հրատարակեցինք «Արդի հոգեբանություն» գիտական հանդեսը»:
Խոսելով գիտական հանդեսի ստեղծման նպատակների մասին՝ Հրանտ Ավանեսյանը նշեց, որ այն պետք է լուծի երկու հիմնական խնդիր: Առաջինը պետք է ապահովի գիտական հոդվածների գիտականությունը: Հանդեսի խմբագրական խորհուրդը կարևորելու է նաև ճիշտ հղումներ տալու փաստը և բացառելու է գրագողությունը:
Հաջորդ կարևոր խնդիրը երիտասարդներին օգտակար լինելն է: «Հանդեսը ամենաառաջինն օգտակար է լինելու երիտասարդներին, ովքեր դեռևս գիտական ճանապարհ են անցնելու, օգնելու է գիտական աշխատանքները պատշաճ ներկայացնելու հարցում»,- իր խոսքում շեշտեց Հրանտ Ավանեսյանը:
Մի կարևոր հավելում ևս, որը հետագայում նույնպես կլինի հանդեսի ուշադրության կենտրոնում, այն է, որ այսուհետ հանդեսում տեղ են գտնելու նաև Հայաստանում բոլոր ոլորտներին մասին վերլուծական հոդվածները: Առաջին համարում արդեն իսկ անդրադարձ է եղել սպորտի հոգեբանությանը, մեդիային և այլն:
Վերջում ներկաները շնորհավորեցին գիտական հանդեսի խորհրդի անդամներին և մաղթեցին հաջողություն հաջորդ հանդեսի ստեղծման և տպագրման գործում: