- Գլխավոր
- Նորություններ
- «ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԻՃԵԼԻ ՆՎԱՃՈՒՄ Է ԵՎ ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ԱՐԺԵՔ». ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ՝ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հոկտեմբեր 18, 2019 | 18:28
«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԻՃԵԼԻ ՆՎԱՃՈՒՄ Է ԵՎ ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ԱՐԺԵՔ». ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ՝ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին:
Հանդիսավոր նիստին մասնակցում էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, պրոռեկտորներ Արթուր Իսրայելյանն ու Էլինա Ասրիյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, դեսպաններ, ֆակուլտետի ուսանողներ ու շրջանավարտներ:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ ֆակուլտետը բոլոր շրջանավարտների անունով ցուցակ էր կազմել, որտեղ ամեն մեկը կարող էր ստորագրել իր անվան դիմաց:
Հանդիսավոր նիստի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը՝ նշելով, որ 2019 թվականը հիրավի առատ էր հոբելյաններով՝ ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակը, որը նշվեց մեծ շուքով, ինչպես նաև համալսարանի կրտսեր զավակի՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի համար, որը բոլորում է իր հիմնադրման 20-ամյակը:
Նաղաշ Մարտիրոսյանը ներկաներին պատմեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկի ընթացքի մասին՝ նշելով, որ այն սկսվել է հոկտեմբերի 16-ին՝ Հայ մամուլի օրը, խոնարհումի և ոգեկոչման արարողություններով՝ ծաղիկներ դնելով հայ առաջին տպագիր պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր Հարություն քահանա Շմավոնյանի կիսանդրու մոտ, ապա խնկարկում կատարելով ֆակուլտետի հիմնադիր դեկան Գառնիկ Անանյանի շիրիմին:
Այնուհետև Նաղաշ Մարտիրոսյանն անդրադարձավ ֆակուլտետում երեկ կայացած «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» խորագրով գիտաժողովին`հույս հայտնելով, որ այն կդառնա միջազգային՝ ներառելով բոլոր այն խնդիրները , որոնք սերտորեն առնչվում են լրագրողի մասնագիտությանը:
Նաղաշ Մարտիրոսյանը ներկայացրեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման պատմությունը՝ սկսելով լրագրողների առաջին սերունդներից, որոնց անուններն առավել քան խոսուն են. «Ժուռնալիստիկայի բաժնի 1954 թվականի շրջանավարտների թվում էին գրող, հրապարակախոսներ Վարդգես Պետրոսյանը, Արտաշես Քալանթարյանը, հայ մամուլի պատմության նվիրյալներից, բանասիրության դոկտոր Լիդա Գևորգյանը և այլք,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը,-1960-ից 80-ականներին Հայաստանի մշակութային կյանքում բացառիկ դեր ունեցած «Գարուն» ամսագրի խմբագիրները ևս ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնի շրջանավարտներ են եղել, ՀՀ գրողների միության նախագահներից երկուսը դարձյալ Ժուռնալիստիկայի բաժնի ուսանողներ էին»:
Ֆակուլտետի դեկանը խոսեց նաև այն ակտիվ մասնակցության մասին, որ ֆակուլտետն ունեցել է տարբեր ժամանակներում երկրում ծավալվող իրադարձություններին. «Մեր ֆակուլտետի ուսանողներից ոմանք Հայաստանի երրորդ հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների երևելի դեմքերից էին, շրջանավարտներից շատերը, այդ թվում նաև իմ ընկերը՝ Նորայր Մարությանը, Արցախյան ազատամարտի մասնակիցներ»:
Նաղաշ Մարտիրոսյանը կարևորեց նաև հեռատես այն անհատների ջանքերը, որոնք համոզված էին, որ ինչպես այլ մասնագիտությունների, այնպես էլ ժուռնալիստիկայի դեպքում մասնագիտական բարձրագույն կրթությունն անհրաժեշտ է. «ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ , 1999 թվականի հոկտեմբերի 1-ին հիմնադրվեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, և որոնումների ու կայացման բարդ տարիներին, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, այն դարձավ ոլորտի առաջատարը»:
Նաղաշ Մարտիրոսյանի դիտարկմամբ, այժմ մենք ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների աննկարագրելի արագ փոփոխվող ժամանակահատվածում, և կրթությունը նույնպես պետք է այդ փոփոխությանը համընթաց քայլի:
«Թերևս այս մարտահրավերները հաղթահարելու նպատակով է պայմանավորված անընդհատ թարմացվող մեր ուսումնական պլաններն ու նոր առարկաներով համալրվող դասացուցակները, որոնցից են՝ Գլոբալ տեղեկատվամիջոցներ, Տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաներ և հասարակություն, Լրագրություն և մարդու իրավունքներ,-փաստեց Նաղաշ Մարտիրոսյանը,-Նորացումներն ու թարմացումները վերաբերում են նաև ֆակուլտետի տեխնիկական զինվածությանը»:
Ամփոփելով խոսքը՝ դեկանը նշեց, որ 1986 թվականի վերաբացումից մինչ օրս ֆակուլտետը տվել է մոտ 2000 շրջանավարտ:
«Մեր ֆակուլտետի կարևոր առաջադրանքներից մեկն էլ մեր ուսանողներին գրել սովորեցնելուց առաջ մտածել սովորեցնելն է՝ ազատ մտածել», - կարևորեց Ն. Մարտիրոսյանը:
Այնուհետև իր ու ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ակադեմիկոս Գեղամ Գևորգյանի անունից ներկաներին ողջունեց ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և շնորհավորեց ֆակուլտետի 20-ամյակը:
«Լրագրության դերը, իհարկե, հնարավոր չէ թերագնահատել, բավական է հիշել այն դրույթը, որի համաձայն՝ ցանկացած իրադարձություն այն ժամանակ է իրական դառնում, երբ դրա մասին պատմում են ԶԼՄ-ները»,- ասաց Էլինա Ասրիյանը:
Ըստ նրա՝ լրագրողի ներդրումն ու դերն անգնահատելի է արժեքների, հանրային կարծիքի ձևավորման և անձ կրթելու հարցերում. «Նախկինում մարդն ինքն էր տեղեկատվություն «հայթայթում», հետո մարդը ստանում էր տեղեկատվությունն ու դրա մեկնաբանությունը, և նրան մնում էր միայն այն տեղավորել իր աշխարհի ընկալման պրիզմայի մեջ,-պարզաբանեց Էլինա Ասրիյանը,- այսօր մենք ունեն մի իրավիճակ, երբ մեզ հրամցնում են և՛ փաստը, և՛ մեկնաբանությունը, և՛ երբեմն աշխարհի պատրաստի մոդելը»:
Ելույթի վերջում Էլինա Ասրիյանը նկատեց, որ լրագրության կարևոր գործառույթներից մեկը թերապևտիկ գործառույթն է. «Երբ անձն անընդհատ շրջապատված է բացասական տեղեկատվությամբ, նրա մոտ բարձրանում է տագնապայնությունը, և ես խորհուրդ կտամ տեսնել լավը, արձանագրել լավը և գրել լավի մասին»:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Լենա Նազարյանն իր ելույթում կարևորեց այն դերը, որը ֆակուլտետն ունեցել է Հայաստանում խոսքի ազատությունը նվաճելու և վերանվաճելու գործում:
«Այսօր նաև մեր խոստումի օրն է, որ մենք շարունակելու ենք ջանք գործադրել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի զարգացումն ու արդիականությունն ապահովելու ուղղությամբ, ձայն բարձրացնել ի պաշտպանություն խոսքի ազատության՝ առանց այն միամիտ ակնկալիքի, որ այս պայքարը կարող է մի օր վերջանալ»,- ասաց Լենա Նազարյանը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանում խոսքի ազատությունն ապահովված է 100 տոկոսով՝ չնայած ապատեղեկատվությանը, կեղծ լուրերին և զրպարտումներին, որ մի քանի ժամով հայտնվում են մեր էկրաններին և մեզ տանում ծուռ հայելիների աշխարհով:
«Խոսքի ազատությունն անվիճելի նվաճում է և անառարկելի արժեք, այն պաշտպանում է ոչ միայն քաղաքացիներին, այլև կառավարություններին»,- շեշտեց Ազգային ժողովի փոխնախագահը:
Լենա Նազարյանը ելույթում ներկայացրեց նաև իր դիտարկումները՝ համախոհներ գտնելու ակնկալիքով:
«Այսօր նույնիսկ հասուն ժողովրդավարություն ունեցող երկրներում հակաժողովրդավար ուժերը կիրառում են մեդիագործիքներ՝ հակաժողովրդական արժեքներ տարածելու համար,- ասաց տիկին Նազարյանը,- այդ պատճառով էլ այժմ որոնվում են մեխանիզմներ՝ պաշտպանվելու ժամանակակից մեդիայի մանիպուլացնող ազդեցություններից, և մարդիկ պետք է կարողանան այս մեդիաաղմուկից գլուխ հանել»:
Ըստ նրա՝ խնդրի լուծումը միայն գիտելիքահենք հանրության, էթիկական սկզբունքներով առաջնորդվող լրագրության ստեղծման մեջ է, որը կօգնի մարդկանց դուրս գալ ծուռ հայելիների աշխարհից:
Հանդիսավոր նիստի ժամանակ ընթերցվեց նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների էթիկայի կանոնագիրքը:
Ելույթ ունեցան նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:
Անի Պողոսյան