- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐԸ
Ապրիլ 26, 2019 | 16:32
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների ու կարիերայի կենտրոնն ապրիլի 23-ին, 25-ին ու 26-ին կազմակերպել էր ««Քեյ-Փի-Էմ-Ջի»-ի օրերը ԵՊՀ-ում» խորագրով եռօրյա դասընթաց: Հովհ. Ադամյանի անվան սրահում այսօր տեղի ունեցավ դասընթացի ամփոփումը:
«Քեյ-Փի-Էմ-Ջի» միջազգային կազմակերպության մարդկային ռեսուրսների բաժնի ավագ մենեջեր Սոնա Մարտիրոսյանը, ամփոփելով եռօրյա դասընթացը, ասաց. «Որտեղ էլ լինեք, ինչ ուղղությամբ էլ գնաք, ինչ գործ էլ անեք, արե՛ք սիրով, նվիրումով, ավելիին ձգտելու կարգախոսով»:
ԵՊՀ շրջանավարտների ու կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը շնորհակալություն հայտնեց հերթական հաջողված համագործակցության համար:
«Կարիերայի կենտրոնը հնարավորինս փորձում է աջակցել ուսանողներին և շրջանավարտներին իրենց մասնագիտական, ակադեմիական գիտելիքները գործնական ճիշտ ուղով տանելու հարցում»,- ասաց նա:
Մեզ հետ զրույցում Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ հանդիպման հիմնական նպատակն ուսանողներին և շրջանավարտներին մասնագիտական գիտելիքներ փոխանցելն է. «Մեզ ուրախացրին մասնակիցների պատրաստակամությունն ու նրանց գիտելիքների բարձր մակարդակը»:
Նա նշեց նաև, որ դասընթացին «Քեյ-Փի-Էմ-Ջի» կազմակերպությունը ներկայացել է նաև որպես գործատու՝ հետագայում դասընթացին մասնակցած ուսանողներին և շրջանավարտներին աշխատանքի հնարավորություն տրամադրելով:
Նշենք, որ եռօրյա դասընթացի շրջանակում մասնակիցները գիտելիքներ և խորհուրդներ են ստացել աուդիտորական աշխատանքների վերանայման և եզրակացության տրամադրման, օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև միջազգային հարկման վերաբերյալ:
Ամփոփիչ ելույթներից հետո մասնակիցներին հանձնվեցին դասընթացի մասնակցության հավաստագրեր:
«Քեյ-Փի-Էմ-Ջի» կազմակերպությունը բազմաթիվ գրասենյակներ և մոտ 205 հազար աշխատակից ունի աշխարհի 150-ից ավելի երկրներում: Այն Հայաստանում գործում է 1997 թվականից և առաջինն է «Մեծ քառյակ» կոչվող աուդիտորական ընկերություններից, որոնք Հայաստանում գործունեություն ծավալելու թույլտվություն են ստացել: Կազմակերպության ծառայությունների հիմնական ոլորտներն են՝ աուդիտ, հարկեր և խորհրդատվություն:
Մարի Ռաֆյան