- Գլխավոր
- Նորություններ
- «ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Սեպտեմբեր 18, 2018 | 17:45
Կրթություն
Գիտություն
Հասարակություն
«ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանի ներկայացրած «Պետության ինստիտուտների կայացվածությունը ` որպես տնտեսական աճի ապահովման հիմնական գործոն» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
Մեզ հետ զրույցում Կ. Խաչատրյանն ասում է. «Թեման մեր ուշադրության կենտրոնում է, քանի որ բոլոր երկրների համար տնտեսական աճի ապահովումը կարևոր տնտեսական խնդիր է: Կառավարություններն իրենց գործունեության հիմքում դնում են հենց տնտեսական աճ ապահովելու նպատակը, որի արդյունքում կբարձրանա բնակչության կենսամակարդակը, կլուծվեն սոցիալական խնդիրները և այլն: Պետությունների վարած տնտեսական քաղաքականության առանցքում տնտեսական աճն է: Վերջին շրջանում տնտեսագետները լուրջ քննարկում-բանավեճ են ծավալում, թե արդյոք պետական տարաբնույթ ինստիտուտները կարող են կանխորոշել պետության զարգացումը, և նույն տնտեսական աճի ապահովման գործում այդ ինստիտուտներից յուրաքանչյուրն ինչ դերակատարում ունի: Հայկական արմատներ ունեցող, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հայտնի տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն ևս այս պահին զբաղվում է խոշոր ինստիտուտների ու տնտեսական աճի փոխառնչությունների խնդիրներով»:
ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչը համոզված է, որ մեր երկրի համար ինստիտուտների ու նրանց կայացվածության գնահատումը, տնտեսական աճի վրա դրանց ազդեցությունը խիստ արդիական են, որովհետև նորանկախ շրջանում ինստիտուտներից շատերը նոր-նոր են կայանում, մյուսները կայացման գործընթացում որոշակի խեղումներ են ունեցել: Նա ասում է, որ կարևոր է հասկանալ, թե իրականում ինստիտուտներից որոնք են խիստ կարևոր տնտեսական աճ ապահովելու համար, հետևաբար հենց այդ ինստիտուտների վրա էլ պետք է ուշադրություն դարձնել:
Պարոն Խաչատրյանը նշեց նաև, որ վերլուծությունը միտված է լինելու առաջիկա երկու տարիների ընթացքում պարզելու Հայաստանում գործող պետական տարբեր ինստիտուտների կայացվածության աստիճանը, հասկանալու, թե ինչքանով են դրանք անկախ ու ինչքանով են կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրները, և այդ խնդիրները լուծելով՝ նպաստում են արդյոք երկրի տնտեսական աճին:
Գիտական թեման ներկայացրած հետազոտական թիմը երիտասարդ է: Այն ղեկավարում է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյան: Թիմի անդամներն են տնտեսագիտության թեկնածու Գուրգեն Գասպարյանը, ասպիրանտ Մերի Մուրադյանը և մագիստրանտ Արա Ավետիսյանը: «Հետազոտական խմբում երիտասարդներին ներգրավելու նպատակն ուսանողին դեպի գիտություն, դեպի գիտահետազոտական աշխատանք բերելն է»,- նշում է թիմի ղեկավարը:
Կառլեն Խաչատրյանը մանրամասնեց, որ իրենց ձեռքբերումից շահելու է նաև ԵՊՀ-ն, քանի որ հետազոտական խմբի բոլոր անդամները համալսարանական են, հետազոտության վայրը Մայր բուհն է, հետևաբար արդյունքները ներկայացնելիս դա նշվելու է, ինչն էլ նպաստելու է ԵՊՀ-ի դերակատարման բարձրացմանը: Բացի այդ՝ հետազոտության արդյունքում ամենայն հավանականությամբ որոշակի ձեռնարկներ կստեղծվեն, որոնք կօգտագործվեն նաև ուսումնական գործընթացում:
Մարինե Առաքելյան