- Գլխավոր
- Նորություններ
- ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԸ ՎԵՐՀԻՇՈՒՄ Է ԻՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Հուլիս 02, 2018 | 13:07
ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԸ ՎԵՐՀԻՇՈՒՄ Է ԻՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ
«Մենք բոլորս գալիս ենք մանկությունից՝ ինչպես մի մոլորակից». «Փոքրիկ իշխանի» հեղինակի՝ ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի թևավոր խոսքն է, որ խորհրդանշում է բոլորիս ակունք-արմատները:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանը պատմում է իր արմատների մասին, վերհիշում՝ մանկությունը:
Խաչատուր Ներկարարյանը Լոռու մարզի Կուրթան գյուղից է: Իր վկայությամբ՝ գյուղը հայտնի է լոռեցիների միամտության մասին պատմող զվարճալի անեկդոտներով. «Այդ անեկդոտներում շեշտվում է լոռեցիների միամիտ լինելը, ինչը ոչ բոլոր դեպքերում է այդպես»:
Նա նշում է, որ այդ հարցում պարադոքս կա. «Մեր ամենախորամանկ քաղաքական գործիչներից Միկոյանը ծագումով լոռեցի է եղել. մի՞թե միամիտ լոռեցին միաժամանակ կարող է այդքան խորաթափանց լինել»:
Դեկանը հայրենի գյուղի պատմությունը սկսում է Ձորագետից: «Գետը խորն է բավականին, ջուրը՝ սառը, արագահոս, օձեր էլ կան, բայց դա ինձ ու մանկությանս ընկերներին չէր խանգարում, որ գետը մտնեինք ու լողայինք. դրանք ամենաջերմ հիշողություններն էին, որ մնացին ինձ հետ»,- հուզմունքով ավելացնում է նա:
Պրոֆեսորը սիրով, հուզմունքով ու կարոտով է պատմում Կուրթան գյուղի մասին, որտեղ անցել է իր մանկությունն ու պատանեկությունը. «Ծնողներս սոցիալական վատ պայմաններում էին ապրում, հայրս ասպիրանտ էր ու շատ քիչ աշխատավարձ էր ստանում, ընտանիքի հոգսերը մորս աշխատավարձով էինք լուծում»:
Նա նշում է, որ ծնողները տնտեսագետ են եղել. «Հայրս երկար տարիներ աշխատել է համալսարանում, եղել է տնտեսագիտության պրոֆեսոր և այդ է պատճառը, որ մենք բազմաթիվ թելերով կապված ենք համալսարանին»:
Ներկարարյանը հիշում է, որ մինչ 7 տարեկանը ապրել է տատիկի և պապիկի հետ: «Զարմանում եմ՝ այդ սոցիալական դժվարին պայմաններում ինչպես էր ինձ խնամում տատիկս: Ընդ որում, եթե ցանկանայի մնալ ու գիշերել մորական տատիս մոտ, հորական տատս դա անձնական վիրավորանք էր համարում»,- ժպիտով ասում է նա և ավելացնում. «Փաստորեն, ես քաղաքականության առաջին տարրերը սովորեցի նրանցից»:
Պրոֆեսորը կարոտով հիշում է մանկության ընկերներին, որոնց հետ մինչև այժմ պահում է կապը. «Իմ լավագույն ընկերները նրանք են: Նրանց հետ եմ այցելում հայրենի գյուղ, քաղաքում ևս շատ ընկերներ ունեմ, բայց մանկության ընկերների քաղցրությունն ուրիշ է»,- ասում է նա:
Նա նշում է, որ ամենից շատ գյուղի սարերն է կարոտում, որոնք երևում էին իրենց տան պատուհանից. «Առավոտյան շնչում էի մաքուր օդը և հայացքս հառում դիմացի սարերին, ինձ թվում էր, որ այդ սարերի հետևում՝ մի ուրիշ, առեղծվածային աշխարհ կա, ճիշտ է, պատանեկան հասակում ես անցա սարերից այն կողմ և բացահայտեցի, որ ոչ մի ուրիշ աշխարհ չկա, բայց այն մինչև հիմա մնաց իմ մտապատկերում»:
Նա անկեղծանում է, որ լոռեցիներին հատուկ շիտակությունը փոխանցվել է իրեն. «Չգիտեմ՝ դա բախտավորություն է, թե ոչ, բայց շատ հաճախ ինձ խանգարում է: Կյանքը բավականին դժվար է, և երբեմն շիտակ ասված խոսքը կարող է միայն վնասել»:
Ներկարարյանը վերհիշում է մի զվարճալի պատմություն, երբ առաջին դասարանում իր բարբառով արտասանած «կանանչը» ուսուցիչը փորձել է դարձնել կանաչ: «Ես չէի հասկանում, թե ինչու իմ լսած կանանչը պետք է դառնա կանաչ, ինձ թվում էր, որ միայն այդ ն-ի միջոցով կարելի է ցույց տալ մեր գյուղի կանաչը: Ես պնդում էի ուսուցչիս՝ ոչ թե կանաչ է, այլ կանանչ»,- ժպիտով և կարոտած պատմում է նա:
Պրոֆեսորը սիրով, հարգանքով խոսում է գյուղում ապրող մարդկանց մասին և ընդգծում գյուղի ու քաղաքի տարբերությունը. «Գյուղացիները պարզ են, շիտակ, գյուղացու այն տրամաբանությունը, որ սա իր դաշտն է, պետք է հողը հերկել, ցանել, հետո բերքը հավաքել, կենտրոնացնում է մտածողությունը, գիտնականների տրամաբանությունը ևս այսպիսին է, նրանք կենտրոնանում և երկար ժամանակ աշխատում են մի խնդրի վրա: Պատահական չէ, որ լավագույն գիտնականներից շատերը ծագումով գյուղացի են: Ի տարբերություն գիտնականի՝ քաղաքական գործիչը պարտավոր է հաշվի առնել ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական խնդիրները . սա ենթադրում է քաղաքային մտածողություն. դա է պատճառը, որ ես դարձա գիտնական և գոհ եմ իմ ընտրած ճանապարհից»,- ավելացնում է նա:
Ներկարարյանը նշում է, որ շուտով մեկնելու է Դանիա և ափսոսում, որ ամռանը չի հասցնի գնալ հայրենի գյուղ: «Եթե հնարավորություն լիներ, ես կվերադառնայի և հաճույքով կապրեի այնտեղ»,- ավելացնում է դեկանը:
Անգին Խաչատրյան