- Գլխավոր
- Նորություններ
- ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԸՆԹԱՑԱՇԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 26, 2019 | 15:50
Հասարակություն
ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԸՆԹԱՑԱՇԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Կոնֆլիկտներ. փոխակերպում և հաղթահարման տեխնոլոգիաներ» խորագրով դասընթացաշարը, որը տևելու է մինչև դեկտեմբերի 6-ը:
Միջազգային հարաբերությունների ՈՒԳԸ-ի նախաձեռնած և ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված դասընթաշարին մասնակցելու է մոտ 50 ուսանող տարբեր ֆակուլտետներից:
Դասընթացաշարի նպատակն է ուսանողների հետ քննարկումներ անցկացնել կոնֆլիկտների փոխակերպման, դրանց հաղթահարման, միջազգային կոնֆլիկտների մեկնաբանման վերաբերյալ:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Միքայել Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանին՝ դասախոսությանն աջակցելու համար:
Մենուա Սողոմոնյանը նախ փորձեց ուսանողների տեսակետներն իմանալ այն հարցերի մասին, թե ինչու են պետությունները պատերազմում, և որն է խաղաղության նախապայմանը, ապա սկսեց «Միջազգային կոնֆլիկտները միջազգային հարաբերությունների տեսություններում» թեմայով իր դասախոսությունը:
«Միջազգային հարաբերությունների տեսությունը կապ ունի հետևյալ շատ կարևոր հարցերի հետ՝ ինչու են կռվում պետությունները, և ինչ է անհրաժեշտ խաղաղության հասնելու համար: Իհարկե, միջազգային հարաբերությունների տեսության գիտական օրակարգը լի է բազմաթիվ այլ հարցերով, բայց դրանք բոլորն ածանցվում են նշված երկու կարևոր խնդիրներից»,- նշեց ԵՊՀ դոցենտը:
Բանախոսը խոսեց պատերազմի ու միջազգային հարաբերությունների մասին գիտության առաջացման, «միջազգային» բառի նախնական իմաստի ու ժամանակի ընթացքում կրած իմաստային փոփոխության մասին, ապա ուսանողներին ներկայացրեց արևմտյան տեսաբանների տեսակետները պատերազմների ու միջազգային կոնֆլիկտների վերաբերյալ, մասնավորապես խոսեց մարքսիզմի, լիբերալիզմի, դասական ու կառուցվածքային ռեալիզմի, կոնստրուկտիվիզմի ու դրանց հիմքում ընկած գաղափարների մասին:
ԵՊՀ դոցենտը դասախոսության ընթացքում պարզաբանեց միջազգային խաղաղության գաղափարների էվոլյուցիան՝ մանրամասն խոսելով տարբեր ժամանակների ու մտածողների մասին, որոնք առաջ են քաշել խաղաղաստեղծ փոփոխականներ. «Դեռևս 17-18-րդ դարերում Լոկը և Ռուսոն առաջինն էին, որ ուղիղ կապ տեսան խաղաղության պահպանման և միջազգային կազմակերպությունների ստեղծման միջև»:
Միջոցառմանը ներկա ուսանողներից Գագիկ Եկմալյանը, հակադարձելով Մարքսի այն տեսակետին, որ պատերազմ չի լինի այն ժամանակ, երբ չեն լինի պետություններ, ներկայացրեց պատերազմի մասին Գարեգին Նժդեհի տեսակետը, ըստ որի՝ մարդն ու պատերազմը միաժամանակ են աշխարհ եկել և միաժամանակ էլ հեռանալու են. «Նժդեհն ասում էր, որ երբ մարդը ծնվեց, նրա առաջին զենքը բռունցքն էր, որով հետ էր մղում իր դեմ ուղղվող բոլոր հարվածները, տարիների ընթացքում այդ բռունցքը զարգանալով վերածվել է հրթիռների ու տարատեսակ զենքերի, այսինքն՝ ժամանակի ընթացքում մարդկության ունեցած զենքը փոխվել է, բայց մարդու կռվի էությունը նույնն է մնացել»:
Դասախոսության վերջում բանախոսի և ուսանողների միջև ակտիվ քննարկում ծավալվեց:
Հասմիկ Ասլանյան