- Գլխավոր
- Նորություններ
- ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼԸ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԳԱՂՏՆԻՔ Է. «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Ապրիլ 22, 2019 | 17:45
Կրթություն
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼԸ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԳԱՂՏՆԻՔ Է. «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ դատական նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ դասախոսություն «Անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերը» թեմայով:
Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն:
Միջոցառման ընթացքում դասախոսությամբ հանդես եկան Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը և Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը:
Մեզ հետ զրույցում Տիգրան Խաչիկյանը նշեց, որ միջոցառման հիմնական նպատակն է պարզաբանել անձնական տվյալների ոլորտում ծագող իրավական հարցերը:
«Մենք ողջունում ենք ուսանողների նախաձեռնությունը, քանի որ կարևորում ենք այս ոլորտում առկա հիմնախնդիրներն ուսանողներին առավել մատչելի ներկայացնելու գործընթացը»,- նշեց Տիգրան Խաչիկյանը:
Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին ՝ վերջինս շեշտեց, որ այդ խնդիրները պայմանավորված են ինչպես հասկացությունների ճշգրտմամբ, այնպես էլ հենց անձնական տվյալներ ասվածի սահմանմամբ՝ ո՞վ է անձնական տվյալներ մշակողը, ինչպիսի՞ ընդհանուր չափորոշիչների պիտի համապատասխանի անձնական տվյալների մշակումն առհասարակ, և ինչպիսի՞ որոշումներ է կայացնում անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
«Նմանատիպ հարցադրումները կարիք ունեն մասնագիտական հանրության շրջանակներում համակողմանի ուսումնասիրման ու հետազոտման»,-շեշտեց Տիգրան Խաչիկյանը:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը դասախոսության ընթացքում մանրամասն անդրադարձավ իրենց գործառույթներին՝ միաժամանակ ներկայացնելով նաև մասնագիտական գործունեության ընթացքում հանդիպած տարբեր դեպքեր:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նպատակն է ապահովել անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հարաբերությունների սուբյեկտների իրավունքների պաշտպանությունը և իր իրավասության սահմաններում անձնական տվյալների մշակման օրինականությունը:
Գևորգ Հայրապետյանը դասախոսության ընթացքում անդրադարձավ նաև այն վտանգներին, որոնք ունի համացանցը:
«Սոցիալական ցանցերի յուրաքանչյուր օգտատեր պետք է հասկանա, որ ժամանակակից աշխարհում անձնական տվյալները շատ հեշտ են հանրության սեփականությունը դառնում»,- ասաց բանախոսը,- «երբեմն դա անզգուշության, իսկ երբեմն էլ դիտավորության հետևանք է, ուստի մարդը պետք է հասկանա՝ ում է վստահում իր անձին վերաբերող տեղեկատվությունը, որը լավագույն դեպքում կարող է գովազդի համար օգտագործվել, իսկ վատագույն դեպքում՝ անձի հեղինակությանը վնաս հասցնել»:
Անի Պողոսյան