- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՅՍՕՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ, ՈՐ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆԱ». ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴՈՑԵՆՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ապրիլ 19, 2019 | 19:04
Հասարակություն
Ուսանողական
«ԱՅՍՕՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ, ՈՐ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆԱ». ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴՈՑԵՆՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի ու տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսանողներն այսօր այցելեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ռեբեկա Գևորգյանը նշեց, որ այցը կազմակերպել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, որի նպատակն է նպաստել երկու համալսարանների միջև եղած համագործակցության ամրապնդմանը:
ԵՊՀ ուսանողները շրջեցին Հայ-ռուսական համալսարանի ներքո գործող Ինժեներաֆիզիկական ինստիտուտում, որից հետո նույն ինստիտուտի Էլեկտրոնային տեխնիկայի նյութերի և սարքերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Վլադիմիր Գևորգյանն ուսանողների համար հանդես եկավ «Ժամանակակից արևային էլեմենտները և դրանց զարգացման միտումները» խորագրով դասախոսությամբ:
Դասախոսությանը ներկա էին նաև Հայ-ռուսական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները:
Բանախոսը խոսեց տարատեսակ կիսահաղորդիչ նյութերի միջոցով արևային էներգիայի կլանման և կուտակման ճանապարհների վերաբերյալ, ինչպես նաև այդ էլեկտրական էներգիայի փոխակերպման մասին:
Ներկայացրեց, թե ինչպիսի ֆիզիկական գործընթացներ են տեղի ունենում որպես արևային էներգիայի կլանիչ հանդիսացող արևային էլեմենտների նյութերում, ինչպիսի եղանակներ կարելի է կիրառել այդ գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու համար:
Վլադիմիր Գևորգյանը խոսեց նաև արևային էլեմենտների բաղկացուցիչ մաս հանդիսացող կիսահաղորդիչ թաղանթների տարատեսակ կառուցվածքային առանձնահատկությունների կիրառման, ինչպես նաև այդ թաղանթներից կազմված համակարգերի օպտիմալ երկրաչափական տեսքի և կառավարման մասին:
Ողջունել է, որ այս ճյուղը մեր երկրում զարգանում է, այժմ Հայաստանում արդեն գործում է արևային մարտկոցների արտադրման երկու գործարան: «Այսօր ամեն ինչ պետք է անենք, որ արևային էներգետիկան Հայաստանում զարգանա, իսկ ուսանողներն էլ պետք է տեղեկացված լինեն ժամանակակից արևային էլեմենտների տեսակներից»,- հավելեց Վլադիմիր Գևորգյանը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան