- Գլխավոր
- Նորություններ
- ԱՅՍՕՐ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Ապրիլ 12, 2019 | 15:25
Քաղաքականություն
ԱՅՍՕՐ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 դպրոցում այսօր տեղի ունեցավ Տիեզերագնացության օրվան նվիրված միջոցառում, որին ներկա էին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը, ամբիոնի ասպիրանտուրայի հայցորդ Տիգրան Պետրոսյանը, ՖԳՀԻ-ի փոխտնօրեն Աննա Քոթանջյանը:
Ապրիլի 12-ը Տիեզերագնացության ու ավիացիայի համաշխարհային օրն է:
Հենց այս օրը Բայկոնուրից թռիչք կատարեց «Վոստոկ-1» առաջին տիեզերանավը, որը կառավարում էր ավագ լեյտենանտ Յուրի Գագարինը:
Միջոցառման նախաձեռնությունը դպրոցի 10-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտներինն էր: Վերջիններս պատրաստել էին ինքնաշեն հրթիռներ, արեգակնային համակարգի 8 մոլորակների պատկերներ (լուսանկարներ):
Աշակերտները տեսապատկերի միջոցով ներկայացրին արեգակնային համակարգն ու դրա առանձնահատկությունը, որից հետո ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը հումանիտար և բնագիտական հոսքերի աշակերտներին ներկայացրեց տիեզերքի կառուցվածքը, զարգացումը, անցյալի և ապագայի մասին ժամանակակից պատկերացումները:
Ա. Սահարյանը խոսեց նաև անվանի ֆիզիկոս, ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի մասին, որի ջանքերով էլ ԵՊՀ-ում հիմնադրվել է Տեսական ֆիզիկայի ամբիոնը:
«Գուրգեն Սահակյանը, Վիկտոր Համբարձումյանը փոքրիկ Հայաստանի մեծություններն են»,- նշեց ամբիոնի վարիչը և ներկայացրեց Գ. Սահակյանի ու Վ. Համբարձումյանի միասին կատարած աշխատանքները:
«Նրանք աշխատել են միասին և «Գերխիտ աստղերի ֆիզիկա» գիտական ուղղության
հիմնադիրն են եղել, ստեղծել են այլասերված բարիոնային գազից կազմված աստղերի մոդելը»,- ասաց ամբիոնի վարիչը:
Ա. Սահարյանը տեսապատկերի միջոցով աշակերտներին ծանոթացրեց տիեզերքի մեծամասշտաբ հատկությունների վերաբերյալ հիմնական դիտողական տվյալներին, ապա տիեզերաբանության մասին համառոտ ակնարկ կատարեց:
Ամբիոնի վարիչը պատմեց նաև գերխիտ աստղերի և սև խոռոչների մասին:
Տիեզերագնացության համաշխարհային օրն աշակերտների համար նշանավորվեց տիեզերքի մասին նոր գիտելիքների իմացությամբ:
Անգին Խաչատրյան