- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՇՓՈՒՄՆ ՈՒ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳԻՐՔԸ ՆՄԱՆ ԵՆ. ԵՐԿՈՒՍԻՑ ԷԼ ՊԵՏՔ է ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱԼ». ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՈՒՀԻ ԹԱՄԱՐԱ ՍՄԲԱՏՅԱՆ
Սեպտեմբեր 17, 2018 | 12:30
Հասարակություն
«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՇՓՈՒՄՆ ՈՒ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳԻՐՔԸ ՆՄԱՆ ԵՆ. ԵՐԿՈՒՍԻՑ ԷԼ ՊԵՏՔ է ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱԼ». ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՈՒՀԻ ԹԱՄԱՐԱ ՍՄԲԱՏՅԱՆ
Անխոս մարդու ստեղծած բոլոր արժեքներից ամենաուժգինը գրքերն են, ինչպես նաև այն պատմական հիշողությունները, որոնք խտացված են այդ գրքերի մեջ: Գրքերի հետ գործ ունենալը հեշտ չէ. զգուշություն է պետք, իմացություն ու մաքրասիրություն, իսկ գրադարանավարի աշխատանքը հնարավորություն է տալիս խոսելու հենց գրքերի հետ:
ԵՊՀ գրադարանի բանասիրական գիտությունների գրականության սպասարկման ընթերցասրահում արդեն տասնվեց տարի է, ինչ իր գործունեությունն է ծավալում Թամարա Սմբատյանը:
Մասնագիտությամբ հաշվապահ, բայց հոգով բանասեր Թամարան նշում է, որ իր մասնագիտությունը հնարավորություն է տալիս հավասարաչափ արժևորելու ինչպես գիրն ու գրականությունը, այնպես էլ մարդկային հարաբերությունները, որոնք ամուր կապված են միմյանց. «Մարդկային շփումն ու գեղարվեստական գիրքը նման են. երկուսից էլ պետք է գեղագիտական հաճույք ստանալ»,- ասում է գրադարանավարուհին:
ԵՊՀ գրադարանն առաջին հերթին հարթակ է՝ երիտասարդ սերնդի հետ շփվելու համար: «Գրադարանավարուհու աշխատանքը մարդկանց հետ շփվելու, գրքերը լավ իմանալու, ինչպես նաև ժպտալու կարողության մասին է»,- ասում է տիկին Թամարան:
Գրադարանում աշխատանքի ընդունվելու առաջին օրվա մասին Թամարա Սմբատյանը շատ ջերմ է հիշում: «Ինձ աշխատանքի ընդունեց երջանկահիշատակ պարոն Ասլանյանը,- պատմում է տիկին Սմբատյանը,- փորձնական աշխատանքի ընդունվեցի գրապահոցում: Երկու օր հետո ինձ ասաց՝ չգիտեմ ինչ ես արել, բայց մարդիկ շատ գոհ են քո աշխատելաոճից, դիմումդ բեր»:
Տիկին Թամարան նշում է, որ գրադարանում ինչքան երկար է աշխատում, այնքան ավելի շատ է սիրում իր գործը: Ամեն օր ուսանողների հետ շփումը նոր տպավորություններ, դրական լիցքերի հաղորդում: Հենց այդ շփման արդյունքում է, որ բացահայտվում են այն ուսանողները, ովքեր անհատներ են, շատ աշխատասեր և խելացի են:
«Ընթերցող ուսանողին ես իմ հարազատ երեխայի նման եմ վերաբերվում: Մենք սիրում և վստահում ենք միմյանց: Մեկ-մեկ լինում է, որ ուսանողի դեմքի արտահայտությունից, տրամադրությունից ես հասկանում եմ, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ՝ խնդիրներ ունի,-պատմում է տիկին Թամարան,- մոտենում, մեզ հետ զրուցում է, հետո նոր սկսում է իր գրքերը կարդալ: Իմ աշխատանքը միայն գրքերի հետ չէ, իմ աշխատանքը նաև այդ գրքերն ընթերցող ուսանողի հետ է»:
Իհարկե, համալսարանի գործունեությունն ամրապնդվում է գրադարանների գործունեությամբ: Դասախոսությունը կազմն է, իսկ բովանդակությունը հենց գրադարաններում պետք է փնտրել:
«Անխոս ես շնորհավորում եմ բոլոր առաջինկուրսեցիներին, ովքեր ԵՊՀ-ի ուսանողներ են դարձել: Բայց պետք է նաև նշեմ, որ լավ ուսանող լինելը ծանր աշխատանք է պահանջում ինչպես լսարանում, այնպես էլ՝ գրադարանում»:
Իսկ լավ ուսանողը թե՛ համալսարանի, թե՛ գրադարանի համար իսկական ձեռքբերում է, բայց հենց այդ լավ ուսանողը շատ խնդիրներ ունի: «Շատ ուզում եմ, որ Հայաստանը հնարավորությունների երկիր դառնա, ուզում եմ այլևս չտեսնել աշխատանքի փնտրտուքից հոգնած ու հիասթափված լավ ուսանողների, որոնք լքում են մեր երկիրը»,- ասում է Թամարա Սմբատյանը:
Տիկին Թամարան գտնում է, որ նմանատիպ կորուստներ թույլ տալու իրավունք չունենք, և շեշտում՝ ժամանակի ընթացքում պետք է սովորենք գնահատել մեր ունեցածը:
Անի Պողոսյան