- Գլխավոր
- Նորություններ
- ՀՈՒԼԻՍ 15-ԻՆ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ 2018-2019 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՄԱՅՐ ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ
Հուլիս 04, 2018 | 15:39
Կրթություն
ՀՈՒԼԻՍ 15-ԻՆ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ 2018-2019 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՄԱՅՐ ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ
Մայր բուհում բակալավրիատի 2018-2019 ուսումնական տարվա դիմում-հայտերի ընդունման երկու փուլում միասին ԵՊՀ է դիմել 1659 դիմորդ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը։
Բակալավրիատի դիմում-հայտերի ընդունման առաջին փուլում համալսարան է դիմել 1519 դիմորդ, իսկ երկրորդ փուլում՝ 140 դիմորդ: Այս տարի ԵՊՀ-ում հայտագրված դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1132-ով:
Վաչագան Գալստյանը նշեց, որ հուլիս 15-ին կհրապարակվի 2018-2019 ուստարվա ընդունելության մրցույթի արդյունքներն ու Մայր բուհ ընդունված դիմորդների անվանացանկը: Հուլիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում սկսվելու է թափուր տեղերի համար մրցույթը, որին կարող են դիմել այն դիմորդները, ովքեր ընդունելության քննությունների արդյունքում հավաքած դրական միավորներով չեն ընդունվել իրենց դիմում-հայտում նշված մասնագիտությունների գծով: Իսկ հուլիսի 25-ին կհրապարակվի նաև թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքները:
Նրա խոսքով, ըստ դիմորդների անվճար առաջին հայտերի՝ ամենաշատ դիմորդ ունեն «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Տեղեկատվական անվտանգություն», «Իրավագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Սերվիս», «Հանրային կառավարում», «Լրագրություն», «Կառավարում», «Ֆինանսներ» մասնագիտությունները:
Ըստ դիմորդների անվճար առաջին հայտերի՝ քիչ դիմորդներ ունեն հետևյալ՝ «Քիմիա», «Սննդի անվտանգություն», «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա», «Երկրաբանություն», «Կենսաբանություն», «Կենսաքիմիա», «Աստվածաբանություն», «Եկեղեցաբանություն» մասնագիտությունները:
Վ. Գալստյանը հայտնեց, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի դիմորդը կարող է հայտագրել երկու անվճար և ութ վճարովի տարբեր մասնագիտություններ: Նրա խոսքով, ընդունելությունը կիրականացվի 52 կրթական ծրագրերի ուղղությամբ:
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը տեղեկացրեց, որ այս տարի հատկացվել են 2870 վճարովի և 339 անվճար տեղեր, որոնցից 38-ը նախատեսված են բանակից զորացրված դիմորդների համար:
«Անցած տարի հանրապետությունում ունեինք մոտ 20 հազար շրջանավարտ, իսկ այս տարի այդ թիվը կրկնակի նվազել է, ունենք շուրջ 9600 շրջանավարտ: Այս տարի դիմորդների թվի նվազման պատճառը 12-ամյա կրթական համակարգի անցումն է, որի պատճառով էլ նախորդ տարվա համեմատ այս տարի նվազել է շրջանավարտների թիվը»,- նշեց նա:
Վ. Գալստյանը ասաց, որ դրական գնահատականներ ստացած բոլոր դիմորդները կընդունվեն, սակայն անվճար ընդունված դիմորդներին այս ուստարում տարկետման իրավունք չի տրամադրվի:
Նադեժդա Տեր-Աբրահամյան